17/08/2026

EU – Armenia

Մի պահ ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, մեկ էլ թե՝ Ազգային ժողովը սկսել ա՜․․․

Այսօր առավոտ հեռախոսով խոսում էի, մեկ էլ խոսակիցս գոռա՜ց՝ սպասի՜ր սկսվելա․․․ Մի պահ ինձ թվաց, թե պատերազմ է սկսել, մեկ էլ թե՝ ազգային ժողովը սկսելա՜․․․

Հրապարակ թերթը գրել է․ Այո՛, Ազգային ժողովի նիստերն այսօր արդեն սովորական քաղաքական քննարկում չեն։ Ոչ մի սերիալի չեն զիջում։ Իշխանությունը բեմ է հանել իր մի քանի «պրոֆեսիոնալ դերասանների», որոնք ըստ իրավիճակի կարողանում են և՛ վիրավորել, և՛ կոպտել, և՛ տեղը եկած ժամանակ հանկարծ խեղճանալ, հուզվել ու հանդիսատեսի հուզական լարերի վրա նվագել։

Նման դերակատարումների ժամանակ մարդիկ իրար զանգում են.
– Միացրո՛ւ հեռուստացույցը։
– Ի՞նչ կա։
– Վահագն Ալեքսանյանին են մարտադաշտ հանել։
– Վա՜յ, հա՞։
-Հա, բայց ձայնը մի քիչ բարձրացրու, որ գոռոցները լսվեն։

Վահագն Ալեքսանյանը նախկին Ազգային ժողովից էլ հայտնի է իր նպատակային քացիներով, իսկ Չախոյանը հայտնի է իր լեզվական տրյուկներով։ Երկուսին միասին հանելու դեպքում արդեն կարելի է մտածել, որ խորհրդարանը ոչ թե նիստ է անում, այլ նոր ժանրի քաղաքական մարտաֆիլմ է ստեղծել՝ տարրերով դրամայի, կատակերգության ու երբեմն էլ ընտանեկան վեճի։

Անկեղծ ասած՝ հանդիսատեսը նույնիսկ չի էլ հասցնում հասկանալ՝ Վահագնը կամ մեկ ուրիշը ինչ է ասում։ Մեկը խոսում է, մյուսը գոռում, երրորդը հակաճառում, չորրորդը վիրավորվում, հինգերորդը վիրավորում․․․

Մեկ էլ կողքից մեկը խեղճացած ասում է՝

-Թողե՛ք լսենք, տեսնենք՝ դա ի՞նչ ա ասում։

Այդ պահին նրան թվում է՝ նա ոչ թե Ազգային ժողովում է, այլ միջազգային խաղաղապահ առաքելություն է իրականացնում։

Իսկ երբ Քրիստինեն կամ մեկ ուրիշն է նրանցից հետո դուրս գալիս, հանդիսատեսը ոգևորվում է, նախապես գիտի սյուժեն.

-Հիմա կտեսնես, թե քեզ ինչ օրը կգցի։

Ազգային ժողովում այսպիսի մթնոլորտ է։ Ֆուտբոլի ժամանակ այդքան ակտիվություն երբեմն չի գրանցվում։ Միայն թե ֆուտբոլում գոնե մրցավար կա, իսկ այստեղ բոլորը միաժամանակ և՛ խաղացող են, և՛ մեկնաբան, և՛ մրցավար։ Ամբիոնի գլխավերևում նստած մրցավարներն էլ խաղից դուրս չեն գալիս։

Անընդհատ խաղում են՝ մրցավարի փայտիկով։

Այսօր էլ Վահագն Ալեքսանյանը փորձեց թեժացնել իրավիճակը։ Իբր մի բան էր պատմում.
«Ուժեղ Հայաստանից մեկը հարցազրույցի էր, ասաց՝ բա նորմալ մարդը Սամվել Կարապետյանին թողած Նիկոլ կընտրի՞»։ Արկը բաց թողեց։

Մթնոլորտը շիկացնելու համար էլի ժողովրդին անցավ.

— Ստացվում է՝ 700 հազար մարդ, որ մեզ ընտրել է, աննորմա՞լ է։

Ու այստեղ էլ հերթական քաղաքական հնարքն է՝ մարդկանց կարծիքի մասին ասվածը տեղափոխել մարդկանց վրա։ Մարդիկ քննարկում են՝ երևույթը նորմա՞լ է, թե՞ ոչ, իսկ Վահագնը դա ներկայացնում է որպես՝ մարդիկ նորմա՞լ են, թե՞ աննորմալ։

Այսպես էլ պառակտումը պատրաստ է։ Մի քիչ գոռոց, մի քիչ վիրավորանք, մի քիչ հուզմունք, ու՝ պատրաստ է հերթական քաղաքական սերիան։

Իշխանությունն այնքան է զբաղված քաղաքացիներին միմյանցից «նորմալ» ու «աննորմալ» բաժանելով, որ մի պահ մոռանում է ամենակարևորը․ քաղաքացին ոչ իշխանության դերասանն է, ոչ ընդդիմության հանդիսատեսը, ոչ էլ Ազգային ժողովի ֆոնային երաժշտությունը։

Նա այն մարդն է, ով ընտրում է, հետո նայում է՝ իր ընտրածներն ինչ են անում։

Ու եթե ամեն նիստից հետո ժողովուրդը ստիպված է իրար զանգել ու ասել՝

— Միացրո՛ւ, սկսվեց… , ապա գոնե մի հարց պետք է տալ. եթե սա է քաղաքական ներկայացումը, ո՞վ է վերջում վճարելու տոմսի գինը։

Քաղաքացին, իհարկե։