02/09/2026

EU – Armenia

Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան

Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններից մեկին՝ կապված երկաթուղու կառավարման ու աշխատանքի հետ:

«Պուտինն ասում է` դե պիտի ապրանքափոխադրման ծավալ լինի, որ հայաստանյան երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրում էլ լինի։

Դեռ մի կողմ թողնենք, որ դա ուղղակի կամ անուղղակի խոստովանություն է մինչ այսօր Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցում բավարար մակարդակով ներդրումներ անելուց ուղղակի հրաժարվելու, այլ կերպ ասած՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին։

Ավելի հետաքրքիր հարց կա. բա որ հայաստանյան երկաթգծերն էնքան անշահավետ էին, որ զարգացման համար անհրաժեշտ ծավալի ներդրումներ անելու կարիք չեք տեսնում, որ դեռ պետք է սպասեք տեսնեք երբ պիտի մեծանա բեռնափոխադրումների ծավալը, որ շահույթ ունենաք, ինչի՞ էիք ձեռք բերում. որ ի՞նչ անեք` կոնսերվացնեք:

Մենք էլ միամտաբար կարծում էինք, որ ներդրում պետք էր անես, որ ծավալ ու շուկա ընդլայնես։

Կամ եթե հետո եք հասկացել, որ էնքան էլ ձեռնտու չէր էդ երկաթուղին, ինչո՞ւ չեք հետ վերադարձնում, ինչու եք ատամներով պահում ծախսատար, ձեր կարծիքով բեռ էդ համակարգի կառավարումը։ Ախր ձեզ խնդրում են հետ վերադարձնել։ Էդ ո՞ր օրվանից է վնասով աշխատելը տնտեսապես ձեռնտու։ Տնտեսագիտական էդ ի՞նչ լոգիկա է։ Դա նոր ռուսական տնտեսագիտական մտքի արգասի՞ք է։

Իրականում իրավիճակն ավելի քան պարզ է. ՌԴ նախագահը պարզապես բաց տեքստով ասում էր, որ հայկական երկաթգծային համակարգի կառավարումն իրենց համար այսպես կոչված քաղաքական գործարք է, ու դիվիդենտներ էլ քաղաքական են, ոչ թե տնտեսական։ Իսկ քաղաքական դիվիդենտների դեպքում երբեմն ձեռնտու է ոչ թե ներդրումներ կատարել, այլ զուտ պահպանման խնդիր լուծել` կառավարման վերցված համակարգը զրկելով ծավալվելու, զարգանալու հեռանկարից։ Մանավանդ երբ խոսքը ոչ թե սեփական, այլ ուրիշի սեփականությանն էր վերաբերում»: