Ռուսական ՎՏԲ բանկը վաճառել է Հայաստանում պղնձամոլիբդենային ամենահարուստ հանքավայրերից մեկը՝ Թեղուտը, Կոնստանտին Սոկոլովին։ Վերջինս ռուս-ամերիկացի գործարար է, համարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմը եւ նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար։ Նա նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել:
Հայաստանի իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Թեղուտ» ՓԲԸ նոր բաժնետեր է հանդիսանում Dynamic Frontier Holdings ընկերությունը, որը Հայաստանում գրանցված ընկերություն չէ, սակայն բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ հիմնադրվել է 2025 թվականին՝ ԱՄՆ Տեքսաս նահանգում։ Թեղուտի գնահատված պաշարները կազմում են 450 միլիոն տոննա հանքաքար։
Այս մասին հրապարակումներ եղան դեռ հուլիսի երկրորդ տասնօրյակին։ Մոլիբդենն այն կրիտիկական կարեւոր մետաղներից է, որը լայնորեն օգտագործվում է աէրոտիեզերական, պաշտպանական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում։ Այս մետաղն օգտագործվում է գերձայնային ինքնաթիռների եւ հրթիռների երեսպատման մեջ։ Եղան նաեւ հրապարակումներ, որ հայկական մոլիբդենը կարող է արտահանվել Միացյալ Նահանգներ։
Այս ամենի մասին հիշեցինք, քանի որ Միացյալ Նահանգներն օրեր առաջ հայտարարեց Վենեսուելայի հետ վառելիքային «դարի գործարքը» կնքելու մասին։ Ըստ ամերիկյան մամուլում եղած որոշ հրապարակումների, գործարքի իրականացումը եւ վերահսկումը կարող է վերապահվել Պենտագոնին՝ ԱՄՆ ռազմական նախարարությանը։
Եվ, ուրեմն, ամեն անգամ, թերեւս, երբ հանկարծ Թրամփը որոշի իր հանրային խոսքում հնչեցնել այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանն իր բարեկամն է, կամ Հայաստանը բարեկամ կամ ռազմավարական գործընկեր երկիր է, գեոպոլիտիկայից բացի, թերեւս պետք է հիշել նաեւ այն, որ Հայաստանը Միացյալ Նահանգների համար հետաքրքիր է այնքանով, որքանով, օրինակ, Թրամփը կարող է «բարձր գնահատել» հայկական մոլիբդենը։
Թրամփը գործարար է, որոշակի խմբի ներկայացուցիչ։ Ուկրաինայի հետ հանքանյութերի դեռ սաղմնային փուլում գտնվող գործարքի օրինակը ցույց տվեց, որ նրա համար կարեւոր են միայն իր (նկատի ունենք ԱՄՆ եւ իր կողմից սպասարկվող կլանի) շահերը։
Ու եթե այդ շահերը պահանջում են, որ պետք է գտնել մոլիբդենի գնման նոր աղբյուրներ, ապա Հայաստանը հաստատ նրա համար կդառնա «սրտագին բարեկամ» երկիր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ՝ «հզոր առաջնորդ»։ Ի վերջո, դեռ սովետական շրջանից ներդրված «ամերիկյան իմպերիալիստական քաղաքականություն» եզրույթը շարունակում է պահպանել իր արդիականությունը։

Բաց մի թողեք
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է
Կգնան նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի
Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում