Հայաստանից շշալցված կոնյակի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են։ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում շշալցված կոնյակի արտահանումն աճել է 19 տոկոսով։
Արտահանման դրական դինամիկա է արձանագրվել նաև կոնյակի սպիրտի դեպքում։ Նախարարի խոսքով՝ դրա արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 12 տոկոսով։
Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ոլորտում օգտագործվող տերմինաբանությանը։ Նա նշել է, որ վերջին շրջանում այս հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումների և նամակագրությունների համատեքստում անհրաժեշտ է վերանայել «կոնյակ» եզրույթի կիրառումը՝ հատկապես ֆրանսիական խմիչքի անվանման դեպքում։
Վարչապետի խոսքով՝ պետական կառավարման մակարդակով ևս պետք է ավելի հետևողական լինել համապատասխան անվանումների կիրառման հարցում՝ աստիճանաբար վերանայելով «կոնյակ», «շամպայն» և նմանատիպ եզրույթների օգտագործումը։
Խնդիրը, նշենք, կապված է «Cognac» անվանման հետ։ Այն Ֆրանսիայի Կոնյակ տարածաշրջանի հետ կապված պաշտպանված աշխարհագրական անվանում է։ Հետևաբար այլ երկրներում արտադրված նմանատիպ խմիչքը եվրոպական շուկայում չի կարող ներկայացվել այդ անվանմամբ։
Այս հարցը Հայաստանի համար հատկապես կարևոր է դարձել Եվրոպական միության հետ հարաբերությունների շրջանակում։ 2024 թվականին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայկական արտադրողները ԵՄ շուկայում այլևս չեն մակնշելու իրենց արտադրանքը «Կոնյակ» անվանումով, իսկ նախատեսվում է օգտագործել «Հայկական բրենդի» անվանումը՝ որպես աշխարհագրական նշում։

Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփի մտերիմը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար, ով նաեւ ԱՄԻՕ բանկն է գնել
Կգնան նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի
Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում