Արդեն երկու ամիս է՝ կապարակնքված է ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող Օլիմպավան կենտրոնի շենքը։ Քանի որ ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է, նրա դեմ հարուցված քրեական վարույթների շրջանակում իրավապահները ներխուժեցին նաեւ Օլիմպավան, խուզարկություններ կատարեցին ու փակեցին հաստատությունը` հարյուրավոր մարզիկ երեխաների զրկելով այստեղ մարզվելու հնարավորությունից:
Մարզվող երեխաներն ու նրանց ծնողները շուրջ 2 ամիս է՝ բողոքում են, խոսում կատարվածի անթույլատրելիության մասին, ասում են անգամ, որ շարունակում են վճարումներ անել, քանի որ պարտավորություններ ունեն բանկերի առաջ, ոչ մի արդյունք ու արձագանձ:
Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ ասելով, որ անցել է մոտ երկու ամիս, սակայն իրավապահները համալիրում աշխատանքը վերականգնելու ուղղությամբ այդպես էլ որեւէ քայլ չեն կատարել: Նկատենք, որ ԲՀԿ առաջնորդին կալանավորելուց հետո փակել էին նրան պատկանող գրեթե բոլոր ընկերությունները: Նախընտրական քարոզարշավի օրերին վարչապետ Փաշինյանը սպառնում էր, որ նրան ունեզրկելու է, նստեցնելու է: Ծառուկյանին կալանավորելուց հետո նրան պատկանող «Արարատցեմենտ» գործարանում եւ Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի կառավարիչներ նշանակեց կառավարությունը, իսկ մյուս՝ «Մուլտի Վելնես» սպորտային համալիրն անցավ Երեւանի քաղաքապետարանի կառավարմանը: Անգամ Ծառուկյանին պատկանող կենդանիներին չխնայեցին` պետականացրին, տարան կենդանաբանական այգի, եւ թանկ առյուծներից մեկն էլ անկեց:
Ինչ վերաբերում է Օլիմպավանի ճակատագրին, ապա այն անորոշ է: Օլիմպավանում մեկ տասնյակից ավելի մարզաձեւերի ակումբներ կան, հարյուրավոր երեխաներ են հաճախում: Այս մարզաբազայում են մարզվում նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականները, դրսից ժամանող մարզիկներ:
Երկրորդ ամիսն է՝ Քննչական կոմիտեն հրաժարվում է մեկնաբանել՝ ինչու են կողպել այս սպորտային համալիրի դռները, ինչ են փնտրում այնտեղ, երբ են բացելու, ու ինչ կապ ունի դա Ծառուկյանի քրեական գործի հետ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է իրանցի գործարարներից 21 միլիոն դոլար հափշտակելու եւ փողերի լվացման համար, մինչդեռ Իրանում այդ «գործարարների» պահանջները դատարանը մերժել է, իսկ փաստաբաններն ասում են, որ այդ գործով տուժողը Ծառուկյանն է` նրա գումարները չեն վճարվել:
Ամիսներ շարունակ Օլիմպավան հաճախող երեխաների ծնողներն ու մարզիչները իրավապահներին ու կառավարությանը հորդորում են բացել մարզաբազայի դռները, մարզիկներին չզրկել պարապմունքներից, բայց նրանց չեն լսում: Խառը մենամարտերի աշխարհի առաջնությանը հայ պատանիները մարզվում էին Հրազդանի կիրճում ու առանձին փոքր դահլիճներում: Օրեր առաջ նրանք Աբու Դաբիից վերադարձան մեդալներով, բայց Օլիմպավանի դռները, որտեղ մարզվում է այս ֆեդերացիան, դեռ փակ են: Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, ստիպված, երեխաներին արձակուրդ են ուղարկել, քանի որ դրսում այլեւս չեն կարող պարապմունքները շարունակել` օրերը ցրտել են, իսկ ծնողները դժգոհում են` տարեկան 200 հազար դրամ ասֆալտի վրա պարապելու համար չէ, որ վճարել են. «Տեղեկություն չկա ընդհանրապես, թե երբ կբացեն:
Մեծ մասին արձակուրդ ենք ուղարկել: Դիմել ենք իրավապահներին, ոչինչ չեն պատասխանում: Հարցումներ ենք արել եւ մնացել ենք անպատասխան: Այս ամենից տուժում են բոլորը: Հարյուրավոր երեխաներ էին հաճախում: Մրցումների պետք է մասնակցեին, սակայն երկու ամիս է՝ նորմալ չեն մարզվել, մրցումների մասին խոսելն արդեն անիմաստ է: Օրացուցային պլանով նախատեսված մրցումների մասին է խոսքը, տարբեր սպորտաձեւեր, տարբեր առաջնություններ»:

Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին