04/09/2026

EU – Armenia

«Չեն տեղավորվում բանականության տիրույթում»․ ի՞նչ է գրված Ռուբեն Վարդանյանի դատավճռում

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կասկածի տակ է դրել Ռուբեն Վարդանյանի դեմ կայացված դատավճռում ներկայացված մի շարք փաստերի և եզրահանգումների հիմնավորվածությունը։

Նրա խոսքով՝ Վարդանյանի գործով կայացված դատավճիռը կարելի է բնութագրել որպես բացառիկ դեպք, քանի որ այնտեղ առկա ձևակերպումները, ներկայացված «փաստերն ու ապացույցները» և դրանց հիման վրա արված եզրահանգումները, իր գնահատմամբ, դուրս են բանականության շրջանակից։

Սահակյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանին առաջադրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ։ Սակայն, նրա պնդմամբ, դատարանում չի հաստատվել Վարդանյանի մասնակցությունը իրեն վերագրվող հանցագործություններին։

«Այնտեղ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում բանականության տիրույթում»,- ասել է նա։

Սահակյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն մեղադրանքների քանակը չէ, այլ այն, որ դրանց հիմքում դրված հանգամանքները, իր համոզմամբ, չեն ապացուցում Վարդանյանի ներգրավվածությունը վերագրվող հանցավոր գործողություններին։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նշել է, որ հենց նման հանգամանքներն են հիմք հանդիսացել եվրոպական դատարանում Ռուբեն Վարդանյանի գործով իրավական փաստարկներ ներկայացնելու համար։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը բազմաթիվ խնդիրներ է ի հայտ բերել՝ ընդգծելով, որ ամբողջ դատավարությունը, իր գնահատմամբ, չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։

Սահակյանի խոսքով՝ դատավարության ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչի հետևանքով կայացված դատավճիռը չի կարող լեգիտիմ համարվել։

«Դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Սահակյանը տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանի գործն արդեն գրանցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և համապատասխան համար է ստացել։ Նրա փոխանցմամբ՝ գործը քննության է ենթարկվելու դատարանի կողմից։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Վարդանյանի գործով կայացված դատավճիռը առանձնահատուկ է իր բնույթով, քանի որ, նրա խոսքով, դրանում խախտվել են ոչ միայն իրավական և բարոյական սկզբունքները, այլև ողջամտության ու բանականության սահմանները։

Սահակյանը նշել է, որ ՄԻԵԴ-ում ներկայացված իրավական փաստարկների հիմքում հենց այդ խախտումներն են և դատավարության ընթացքում արձանագրված խնդիրները։