04/09/2026

EU – Armenia

Վարդանյանի բարեգործությունը՝ որպես հանցագործություն․ Սահակյանը ներկայացրել է Բաքվի դատարանի մոտեցումը

Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի վերաբերյալ խոսելիս ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է նաև նրա բարեգործական գործունեությանը՝ պնդելով, որ այն Բաքվի դատարանում ներկայացվել է որպես հանցավոր գործունեություն։

Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի իրականացրած բարեգործական ծրագրերը դատարանում չեն դիտարկվել իրենց մարդասիրական նշանակությամբ։ Փոխարենը դրանք, ըստ նրա, ներկայացվել են որպես հանցավոր գործունեության մաս։

Նա մասնավորապես նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության վերաբերյալ դատարանի դիրքորոշումը։

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»,- ասել է Սահակյանը։

Նրա ներկայացմամբ՝ այդ մոտեցումը ևս վկայում է այն մասին, որ դատավարության ընթացքում բարեգործական և մարդասիրական գործունեությանը տրվել է այլ բնույթի գնահատական։

Սահակյանը Ռուբեն Վարդանյանի ամբողջ դատավարությունը գնահատում է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց և նշում, որ գործի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումներն արդեն ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։