04/09/2026

EU – Armenia

ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. տեսանյութ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։

Ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել են հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավելի քան 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։

Արդյունքում ձեռք բերված նյութերի հիմքով առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայում իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրաված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

«Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: