21/10/2026

EU – Armenia

Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական ​շփումները

Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները։

Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Գիզեն։

«Այո, անշուշտ, կապ կա. նախկինի նման աշխատում է մեր դեսպանությունը Մոսկվայում, նախկինի նման կա Ռուսաստանի դեսպանությունն այստեղ (Բեռլինում)։ Կան սովորական դիվանագիտական շփումներ, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքն ապահովելու համար»,- ասել է նա:

Գերմանիան կոչ է արել իր եվրոպացի գործընկերներին ավելի խիստ սահմանափակումներ կիրառել ԵՄ մուտք գործող ռուսաստանցիների համար տուրիստական ​​վիզաների տրամադրելիս։

Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Բելառուսի քաղաքացու գործողությունները, որը նաև ռուսական անձնագիր ունի, կապված Լայպցիգի օդանավակայանում անօդաչու սարքերի և պայթուցիկների միջոցով ենթադրյալ հարձակման փորձի հետ։ Ենթադրվում է, որ տղամարդը Շենգենյան գոտի է մտել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Իտալիայի դեսպանատան կողմից տրված տուրիստական ​​վիզայով։

Ըստ «The Guardian»-ի՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել ռուսներին տրամադրվող վիզաների չափազանց մեծ քանակի վերաբերյալ։ «Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպական Միությունում հանգստանալու համար տրամադրվող վիզաների թիվը չափազանց մեծ է», – հայտարարել է նախարարության խոսնակը։

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ ռուսներին տրամադրվող վիզաների մեծ թիվը հակասում է Ուկրաինայում պատերազմի հետ կապված պատժամիջոցների ոգուն և անհնար է դարձնում հետևել, թե ովքեր են մտնում ԵՄ և ինչ նպատակով։

Էստոնիան, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Չեխիան գրեթե ամբողջությամբ դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ մտցնելով ազգային սահմանափակումներ, որոնք գերազանցում են ԵՄ միջոցառումները: Այնուամենայնիվ, մի շարք այլ անդամ պետություններ շարունակում են մեծ քանակությամբ վիզաներ տրամադրել, որոշ դեպքերում ավելացնելով դրանց թիվը: