«Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան եւ որեւէ խախտում չենք հայտնաբերել ո՛չ ՌԴ-ի նկատմամբ, ո՛չ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵՄ-ին միանալու մասին։
Հրապարակ թերթը գրել է․ «Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ (ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, եւ օրենքը չընդունելու դեպքում Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետեւ այդ հարցը դեռ հասունացած չէ։ Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարեւոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար՝ նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։ Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես եւ մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում, եւ Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»,- նշել է Փաշինյանը Բիշքեկում։
Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարծում ենք: 2013 թվականին սպառնալիքներով, շանտաժներով Հայաստանը ներքաշվեց այն ժամանակ Պուտինի Մաքսային միության մեջ եւ, ստիպված, դուրս եկավ եվրաասոցացման գործընթացից: Նույն բանը տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ: Ուկրաինացի ժողովուրդն այն համարեց կոպիտ խախտում եւ միջամտություն Ուկրաինայի ներքին հարցերին, ինչից հետո սկսվեց Եվրամայդանը: Հանրաքվեն այն միջոցն էր, որի միջոցով Սերժ Սարգսյանն այն ժամանակ պարտավոր էր լսել հայ ժողովրդի կարծիքը: Բայց դա մի կողմ թողնենք, դա այլ հարց է, եւ վերադառնանք մեր օրեր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եվրաինտեգրման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքացիական հասարակությունը, բայց դա սուտ է` Հայաստանի եվրոպական կուսակցությունը քաղհասարակության ներկայացուցիչ չէ: Այդ նախաձեռնությունը մերն է, եւ մեզ միացան այլ կուսակցություններ: Մենք իսկապես մեկ ամսվա ընթացքում հավաքեցինք ավելի քան 50 հազար ստորագրություն: Մենք այդ ստորագրությունները հավաքեցինք, որպեսզի հարցը մտնի խորհրդարան, բայց եթե նրանցից գոնե մեկ պատգամավոր միանար մեզ, ապա այդ ստորագրությունների կարիքը չէր լինի: Այսինքն, եկեք ֆիքսենք, որ ՀՀ ԱԺ-ում 2024 թվականին չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, որը ԵՄ-ին անդամակցելու հարցը գոնե կդներ քննարկման: Մենք այդ ընթացքում հանդիպեցինք Փաշինյանի հետ` արտախորհրդարանական կազմով, եւ դա լրջագույն վեճերի առիթ դարձավ: Հիմա, երբ մեզ ասում են, թե մենք իբր Նիկոլ Փաշինյանի հետ դավադրություններ ենք կազմակերպել, դա աբսուրդ է: ՔՊ-ն մեր նախաձեռնությանը մշտապես դեմ է արտահայտվել: Մեր գործը համարել են արկածախնդրություն եւ ժամանակավրեպ, ավելին` ասում էին, որ մենք ղարաբաղյան շարժման փորձն ենք կյանքի կոչում, եւ այսպես շարունակ: Թրամփի վերընտրումը համընկավ մեր ստորագրահավաքի հետ, եւ այն Հայաստանի համար լրջագույն խնդիրներ առաջացրեց: Մեր կառավարությունն ուղնուծուծով կապված էր Դեմոկրատական կուսակցության հետ` Բայդենի ադմինիստրացիայի, եւ որեւէ լծակ չուներ Թրամփի վարչակարգի հետ: Հիմա, փաստորեն, Պուտինը Փաշինյանին ստիպեց խոստովանել, որ այս բոլոր քայլերին դիմել է հանրաքվե չանցկացնելու համար: Հակառակ պարագայում ԵՄ անդամակցության հարցը պարտադիր կդառնար: Ես չեմ կասկածում, որ մեր նախաձեռնությանը կհաջողվեր հավաքել ոչ միայն 300 հազար ստորագրություն, այլեւ մեկուկես միլիոնից ավելի նույնիսկ: Մենք վստահ ենք, որ, ուշ թե շուտ, Փաշինյանը կլինի, թե ոչ, Հայաստանը դիմելու է ԵՄ-ին անդամակցության խնդրանքով: Դա անխուսափելի է: Աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանը պարտվել է: Եվրոպան շատ սթափ եւ զուսպ գնահատեց Փաշինյանի արած խայտառակությունը: Նա խոստովանում է, որ Եվրոպային խաբել է, որպեսզի հավատարիմ մնա ՌԴ-ին»:

Բաց մի թողեք
6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է
Համայնքապետի մասին կեղծ տեսանյութեր են տարածում
Հրաժարվենք հին օրենքներից