13/10/2026

EU – Armenia

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ ներխուժման սկզբից ի վեր

«Սա մեր պատժամիջոցների ցուցակի ամենախոշոր ընդլայնումն է՝ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր», – ասել է Կայա Կալլասը։

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ Ուկրաինա Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր՝ թիրախավորելով Կրեմլի՝ հրթիռներ արտադրելու կարողությունը։

ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են փաթեթը Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ ցուցակում ավելացնելով 1600 նոր անուն, որոնք «թիրախավորում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը», – X սոցիալական ցանցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։

«Սա մեր պատժամիջոցների ցուցակի ամենախոշոր ընդլայնումն է՝ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր», – հավելել է նա։ «Դրանցից ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ»։

Նոր ցուցակագրումները հաջորդում են անցյալ ամիս պատժամիջոցների ցուցակից Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից երկուսի՝ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի հեռացմանը, ինչին նախորդել էին ԵՄ մայրաքաղաքների միջև բուռն և մինչև վերջին պահը ձգձգված բանակցություններ։

Երկուշաբթի օրը տեղի ունեցած հաստատումը ձևական բնույթ էր կրում, քանի որ ԵՄ երկրներն ավելի վաղ կայացած բանակցություններում արդեն համաձայնեցրել էին պատժամիջոցների ցուցակը։

«Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այն զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար», – ասել է Կալլասը։

Պատժամիջոցների ցուցակը գործելու է երեք տարի, որից հետո այն պետք է թարմացվի։