16/10/2026

EU – Armenia

Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցի շուրջ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք պաշտոնապես քննարկվում են երկու երկրների միջև և գտնվում են աշխատանքային գործընթացում, հայկական կողմը պարբերաբար հրապարակային տեղեկություններ է ներկայացնում։

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ մինչ այժմ անցկացվել է 13 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։

Փոխվարչապետի հավաստմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում անկլավների և էքսկլավների հարցը չի քննարկվել։ Նա ընդգծել է, որ եթե այդ թեմայով աշխատանքային քննարկում տեղի ունեցած լիներ, դրա մասին նույնպես պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվեր։