Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ավելի խճճեց անկլավ-էքսկլավների լուծման՝ նախօրեին ներկայացրած բանաձեւը: Նախ ասաց, որ դրանց շուրջ հստակ պայմանավորվածություն չկա, ապա սկսեց մանրամասն ներկայացնել լուծման տարբերակը` ապացուցելով, որ հարցն արդեն իսկ որոշված է:
Հրապարակ թերթը գրել է․ «Խոսքը, այո, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղ, Ասկիպարա գյուղերի (ադրբեջանական անկլավների), այսինքն՝ այդ միավորների ու Արծվաշենի (հայկական անկլավի) մասին է»,- նշեց Փաշինյանը, որը մեկ օր առաջ տեսանյութով հայտնել էր, թե անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:
«Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», – նշել էր նա:
Իսկ մեկ օր անց փոխանակման տարբերակին գումարեց նաեւ «տեղաշարժման» տարբերակը։ «Գաղափարն այնպիսին է, որ սահմանազատվեց` սահմանի երկու կողմերում անկլավ, էքսկլավ չի լինում: Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք: Բայց, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որn Ադրբեջանի տարածքն է: Գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով` բերվում մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նույնն է լինելու նաեւ հակառակ կողմից։
Ինչ վերաբերում է տարածքների փոխանակման սցենարին․ «Այդ սցենարները նորություն չեն, որ քննարկվել են: Դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ո՞նց են գնալու-գալու, եւ այդպես շարունակ»:
«Տեխնիկապես եւ իրավական առումով դա ի՞նչ ձեւակերպում կստանա: Նման սցենարի դեպքում, օրինակ, հանրաքվե, թե ոչ, իրավաբանական վերլուծության հարց է: Նախ, պետք է տեղի ունենա սահմանազատում, ճշգրիտ տարածքների տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, որպեսզի կարողանանք խնդրին իրավական առումով էլ, քաղաքական առումով էլ ճիշտ լուծում տանք»,- ընդգծեց վարչապետը:
Հիշեցնենք, որ անկլավ-էքսկլավների թեման 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում էր, սակայն Փաշինյանը պնդում էր, թե նման հարց չկա, ապա մի քիչ նահանջեց եւ սկսեց Ալիեւից իրավական հիմքեր պահանջել` եթե կան, կքննարկենք, իսկ վերջին շրջանում արդեն Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի փոխարեն ուղղակի ադրբեջանական անունն է կիրառում` Քյարքի, պնդելով, թե դրանով հնարավոր էսկալացիան է չեզոքացնում:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սրբազան պայքարի ակտիվ մասնակից Գառնիկ Դանիելյանն ասում է, որ դեռ 2024-ին է Փաշինյանը մտադրվել անկլավ կոչվող տարածքները տալ Ադրբեջանին՝ Հայաստանն անվտանգային սպառնալիքի տակ դնելով, եւ իրենց պայքարի արդյունքում է, որ այդ ծրագիրը խափանվել է կամ հետաձգվել, ուստի կոչ է անում հանրությանը՝ կրկին ակտիվ հակադարձել փաշինյանական ապազգային օրակարգին, թույլ չտալ, որ այս ծրագիրը կյանքի կոչվի, հատկապես որ Փաշինյանը հանրային տրամադրություններ է այժմ շոշափում եւ հստակ տարբերակ չի նշում անկլավ–էքսկլավների լուծման հարցում։ Ընդդիմադիր գործիչը վստահեցրեց, որ հանրային ընդվզումով հնարավոր է կասեցնել ապազգային ընթացքը, ինքը դեռ 2024-ին իրավապահ համակարգից լսել է, որ եթե այդ անկլավ կոչվածները Փաշինյանը տա, իրենք անկարող են լինելու ճնշել հանրային հուզումները։ Դանիելյանը հիշեցրեց, որ իր հարցումներին ի պատասխան՝ մինչեւ վերջերս կառավարությունից վստահեցրել են, որ Ալիեւի հետ նման հարց չի քննարկվել, Փաշինյանն իրավական հիմքեր էր իբրեւ պահանջել, եթե ստացել է դրանք, ապա պետք է ներկայացնի հանրությանը, եւ պետք է քննարկում տեղի ունենա:
«Պարզ է, որ հիմա էլ հասարակական կարծիք է փորձում ստուգել, ես էլ մի քանի անգամ փորձեցի հասկանալ, թե ինչ լուծում է հիմա առաջարկում, չհասկացա»։ Փաշինյանի առաջ քաշած տարբերակներից մեկով, ըստ Դանիելյանի, որպեսզի անկլավ չլինի, պետք է նաեւ այդ տարածքների միջանկյալ հատվածները տալ Ադրբեջանին, իսկ դա նշանակում է ամբողջությամբ հակառակորդը կմխրճվի հայկական տարածք՝ ստեղծելով լուրջ անվտանգային խնդիրներ։ Դանիելյանի խոսքով, Արծվաշենը եւ ադրբեջանական, այսպես կոչված, անկլավները միասին գրեթե նույն տարածքն ունեն, սակայն տարբեր է դրանց ռազմավարական նշանակությունը, Տավուշում, դիցուք, երեք տարածքների հանձնումով վտանգվում, ադրբեջանական կողմին են անցնում միջպետական ճանապարհից, գազամուղից հատվածներ։

Բաց մի թողեք
COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին