ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Շաքիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանությունը գործել է օպերատիվ։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է քննադատություններին, որոնց համաձայն՝ ոստիկանը դեպքի վայր է հասել ուշացումով։
Նախարարի պարզաբանմամբ՝ տվյալ ոստիկանը դեպքի պահին հանգստի մեջ է եղել։ Տուժողը կապ է հաստատել նրա անձնական հեռախոսահամարով և հակիրճ տեղեկացրել տեղի ունեցածի մասին՝ առանց իրավիճակի մանրամասները ներկայացնելու։
Սարգսյանի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում ոստիկանը դժվարությամբ է հասկացել, թե ինչ է կատարվել։ Այնուամենայնիվ, նա անմիջապես դուրս է եկել բնակության վայրից և մոտ տասը րոպե անց հասել դեպքի վայր։ Այդ ժամանակ միջադեպն արդեն տեղի ունեցած է եղել։
Նախարարը նշել է նաև, որ տուժողի որդու ներկայությամբ ոստիկանը զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Կենտրոնի ծառայողները ևս շուրջ տասը րոպե անց ժամանել են դեպքի վայր։ Սարգսյանի գնահատմամբ՝ ոստիկանության աշխատակիցները պատշաճ արագությամբ են արձագանքել իրավիճակին։
Նա հավելել է, որ արդեն իսկ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումները՝ ոստիկանի ուշ ժամանելու վերաբերյալ հնչած պնդումների առնչությամբ։
Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ թե ինչու նախապես կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել, եթե իրավասու մարմինները տեղեկություններ են ունեցել ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին, Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ հարցին մանրամասն պատասխանել է վարչապետը։

Բաց մի թողեք
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը