17/10/2026

EU – Armenia

Երկուսն էլ մերն են

«Տարածքային փոխանակում» ասվածն իրավական բարդ գործընթաց է՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկլավներ ու էքսկլավներ չունենալու մասին նախօրեին արած իր հայտարարության մասին հարցին:

Փաշինյանն ասաց, որ նախ պետք է տեղի ունենան սահմանազատում, տարածքների ճշգրիտ տեղորոշում, պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքն ինչքան է եւ այլն: Նա կարծում է՝ մտել ենք խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ, եւ մինչեւ 2031 թվականը այդ պրոցեսը պետք է հասցնել ավարտին:

Քարտեզագետ Սեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասում է. «Մենք` Հայաստանը, ոչ մի միլիմետր տարածք չունի զիջելու Ադրբեջանին: Մենք ո՞նց ենք մեր հայրենիքի տարածքը զիջելու: Ես հիմա աշխատում եմ մի գրքի վրա, որը հենց այդ թեմայի մասին է: Պարտված երկիրը չի կարող հաղթող երկրի հետ համագործակցել եւ սահմաններ ճշտել, եւ գծել իր երկրի սահմանները:

Պարտադիր պետք են երկրորդ, երրորդ երկրներ: Պետք է նախ ՄԱԿ-ին դիմեին, խնդրեին, որպեսզի ՄԱԿ-ը նույնպես մասնակցեր: Պետք է ԵՄ-ին խնդրեին, ՌԴ-ին խնդրեին: Սահմանազատման եւ սահմանագծման համար պարտվող կողմը չի կարող միայնակ գործել: Հաղթողը միշտ իր կամքն է պարտադրում»:

Արծվաշենն ու Տիգրանաշենը համարժե՞ք են ռազմավարական տեսանկյունից։ «Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են, մեր հայրենիքն են, մեր հողը: Երբեք չպետք է ասել` համարժե՞ք են, թե՞ ոչ, դրանք երկուսն էլ մեր տարածքներն են: Ազգերի լիգան պատմական աշխարհագրությունը մշտապես հաշվի է առնում: Երբ Ազգերի լիգայում կատարվում են քարտեզագրում, սահմանազատում եւ սահմանագծում, անպայման հաշվի է առնվում պատմական աշխարհագրությունը:

Սեւրի պայմանագրի ժամանակ, երբ հաղթող երկրները հավաքվեցին՝ սահմանազատում, սահմանագծում արեցին իրենց մեջ, բոլոր կողմերը հաշվի առան տարբեր կարեւոր հարցեր: Սեւրի պայմանագրի ժամանակ Հայաստանը զեկույց պատրաստեց, պահանջներից մեկն այն էր, որ լինի պարտադիր 3 քարտեզ, մեկը՝ պատմական քարտեզ, մյուսը` ժողովրդագրական քարտեզ եւ հաղորդակցական ուղիների»,- ասում է մեր զրուցակիցը:

Բայց մենք որքան էլ որ ասենք՝ Արծվաշենն ու Տիգրանաշենը մերն են, բանակցողը` Հայաստանի վարչապետը, այդ կարծիքին չէ, գործում է հակառակ տրամաբանությամբ. «Խնդիրը դրանում չէ: Խնդիրն ավելի խորքային է: Ով ուզում է լինել` պարտվող երկիրը չի կարող հաղթողի հետ նստել նույն սենյակում եւ հավասարը հավասարին կատարի սահմանազատում, սահմանագծում: Վերջ: Ես չեմ կարող ասել, թե էլ ինչ է ցանկանում հանձնել Ադրբեջանին Փաշինյանը, դա շատ պատասխանատու հայտարարություն կլինի, սակայն կապիտուլյացիայի պայմանագիր քանի որ չի կնքվում, հավանաբար՝ բանավոր են պայմանավորվել, որ Ադրբեջանն ինչ ուզի, Հայաստանը պետք է անի»: