Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է անտեր ոչխարի, որի չոբանը առավոտ շուտ քնից զարթնում է՝ Հայաստանին գցում է իր նախիրը, քշում իր ուզած ուղղությամբ, իր նախընտրած արոտավայրը՝ արածեցնելու:
Հրապարակ թերթը գրել է․ Ամերիկացիներն ասում են՝ Հայաստանի տարածքում ԹՐԻՓՓ պետք է կառուցենք, որ Իրանի սահմանը վերցնենք հսկողության տակ, Փաշինյանն ասում է՝ խնդիր չկա, Իրանն ասում է՝ մեր հարեւանությամբ ամերիկյան ներկայությունն անթույլատրելի է, ասում է՝ համաձայն ենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան, ասում է՝ պետք է ԱՄՆ-ի հետ համատեղ մոդուլային ատոմակայան կառուցվի, ասում է՝ իհարկե, բա էլ ո՞ւմ հետ, Թուրքիան եւ Ադրբեջանն ասում են՝ Հայաստանը ատոմակայան չպետք է ունենա, լուռ համաձայնում է։ Հետո գալիս է «Ռոսատոմ» գործակալության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ասում է` ի՞նչ մոդուլային կայան, Հայաստանին 1000 ՄԳտ հզորության ռեակտոր է պետք, Փաշինյանը հայտարարում է, որ չի բացառվում, որ հենց այդպիսի ատոմակայան կառուցվի:
Թուրքիան ասում է` պետք է Հայաստանի երկաթգծերի կոնցեսիոն կառավարումը վերցնես Ռուսաստանից եւ հանձնես մեր ենթակայության տակ գտնվող որեւէ երկրի, օրինակ՝ Ղազախստանին, որը թուրքալեզու պետությունների միության անդամ է։ Փաշինյանը հաջորդ օրը հայտարարում է, որ ինքը Ռուսաստանին բարեկամաբար հորդորում է՝ կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել Ռուսաստանի եւ Հայաստանի համար ընդունելի որեւէ երրորդ երկրի: Նախորդ օրը Հայաստան էր եկել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելօզյորովը, հանդիպել նույն Նիկոլ Փաշինյանի հետ, եւ հանդիպումից հետո հայտարարում է, որ հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. «Մենք մտադիր ենք խստորեն պահպանել Հայաստանի երկաթուղիների վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի պայմանները»։ Եվ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը որեւէ ձայն չի հանում, չի ասում, որ մեր արեւմտյան գործընկերները չեն ուզում, որ երկաթուղին մնա ռուսական հսկողության տակ, քանի որ այդ դեպքում իրենք չեն ցանկանա այն օգտագործել որպես բեռների տարանցման միջոց, իսկ Հայաստանը չի կարող կորցնել նման շահավետ առաջարկ, ինչպես որ նախկինում էր հիմնավորում կոնցեսիոն պայմանագիրը Ռուսաստանից վերցնելու բարեկամական պահանջը: Կամ` ամերիկացիները Հայաստանի փողերով Հայաստանի տարածքում տվյալների կենտրոն են կառուցում, Իրանը հայտարարում է, որ իր դեմ հաջորդ հարձակման դեպքում թիրախ են դառնալու իր հարեւանությամբ գտնվող ամերիկյան տեխնոլոգիական ներդրումները: Կռմբակոծեն` թող ռմբակոծեն, ինքն ի՞նչ անի․ որ մյուս երկրների տարածքում ամերիկյան բազաները կամ սեփականությունը ռմբակոծում էին, նրանք ի՞նչ արեցին:
Փաշինյանը երեւի համարում է, որ իր հռչակած հավասարակշռության եւ հավասարակշռման քաղաքականությունը հենց դա է, կամ, ինչպես ինքն է ասում, անկախությունը մեկ կենտրոնից կախվածության փոխարինումն է մի քանի կենտրոններից կախվածությամբ: Կարող է թվալ, թե Փաշինյանի ասածի եւ արածի մեջ ինչ-որ տրամաբանություն կա, երբ դու մեկի պահանջը մերժում ես` ասելով, որ տեսեք՝ մենք դա չենք կարող անել, քանի որ մյուս կողմն էլ հակադիր պահանջ է դնում, եւ այդպիսով ստատուս քվոն` առկա վիճակը, հավասարակշռությունը պահպանվում է:
Մինչդեռ դա ոչ թե քաղաքականություն է կամ քաղաքական գիծ, այլ դրա իսպառ բացակայություն: Միխայիլ Ժվանեցկին մի աֆորիզմ ուներ` нас никому не сбить с пути, нам все равно куда идти (մեզ ոչ մեկը չի կարող շեղել ճանապարհից, որովհետեւ ինքներս էլ չգիտենք, թե ուր ենք գնում): Սա թույլ եւ անողնաշար պահվածքի դրսեւորում է, երբ որոշում կայացնողը դու չես, ամեն անգամ ստիպված ես համաձայնել նրա հետ, ինչ ասում կամ պահանջում են քո հարեւանները կամ շահագրգիռ կողմերը: Սրա արդյունքում երկիրը զրկված է որոշում կայացնելու եւ գործելու հնարավորությունից, որովհետեւ դու ամեն անգամ, երբ ինչ-որ մի կողմի ճնշման տակ ինչ-որ բան ես հայտարարում, հակադիր կողմը դեմ է արտահայտվում դրան, ու դու չես կարող ո՛չ մեկին ենթարկվել, ո՛չ մյուսին հակադրվել:
Ատոմակայանի օրինակով չգիտես՝ Վենսի եւ ամերիկացիների հանձնարարությո՞ւնը կատարես, որոնք պահանջում են իրենցից մոդուլային ատոմակայան գնել, որը գործնականում գոյություն չունի, բայց տեսականորեն մի օր կարող է լինել, Ռուսաստանի առաջարկած հզոր էներգաբլոկի կառուցմա՞նը հավանություն տալ, թե՞ հետեւել որեւէ ատոմակայան չկառուցելու թուրքական պահանջին:
Անձամբ Փաշինյանի համար այս վիճակն իդեալական է` նրա անգործունակությունը ձեռնտու է բոլոր կողմերին էլ, ամեն մեկը ստանում է այն, ինչն իրեն պետք է, կամ գոնե չի թողնում, որ մրցակիցները ստանան այն, ինչ ցանկանում են: Բայց երկրի համար սա աղետ է, որովհետեւ աշխարհն առաջ է գնում, մյուս երկրները տարբեր նախագծեր են իրականացնում, իսկ Հայաստանն արդեն 9 տարի ոչ միայն քայլ չի անում առաջ, այլեւ նախկինում ունեցածն է կորցնում:
Այնպես որ, պետք չէ մտածել, որ Փաշինյանը հերթական անգամ արտաքին քաղաքական գիծ է փոխում` հրաժարվելով երկաթուղու կոնցեսիան ռուսներից վերցնելու մտադրությունից, նա վաղը կարող է նորից կրկնել այդ պահանջը, եթե հանդիպի որեւէ թուրք կամ եվրոպացի նախարարի կամ չինովնիկի: Ի վերջո, նա գործում է ինչպես մի լրագրող, որը, չունենալով սեփական տեսակետ, համարում է, որ իր գործը խնդրի վերաբերյալ տարբեր շահագրգիռ կողմերի տեսակետը հրապարակայնացնելն է:

Բաց մի թողեք
Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. Լուսանկար
Խաբելու նոր սցենարներ են մտածում
Ֆենոմենալ երեւույթ