17/10/2026

EU – Armenia

Քաղաքական հեղինակություն եւ օտարերկյա շահեր․ Գերմանիայում լոբբինգի եւ Հայաստանի համար դասերի մասին

Հոկտեմբերի 16-ին բրիտանական Financial Times պարբերականը հրապարակեց իմ մեկնաբանությունը՝ օտարերկրյա պետությունների շահերի առաջմղման գործում գերմանացի նախկին քաղաքական գործիչների ներգրավվածության վերաբերյալ։

Առիթը հոկտեմբերի 11-ին FT-ում հրապարակված հոդվածն էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի մասին, որը կասկածվում է լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Հոդվածում հիշատակվում էր Հաննինգի մասնակցությունը Գերմանա-ադրբեջանական ֆորումին՝ մի կազմակերպության, որի գործունեությանն անմիջապես առնչվել եմ դիվանագիտական ծառայության ընթացքում։

Ընթերցողի համար այդ մեկնաբանությունը լրացնեմ անձնական դիտարկումներով մի խնդրի շուրջ, որի նշանակությունը դուրս է գալիս Գերմանիայի սահմաններից։ Խոսքն այն մասին է, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն օգտագործում իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած կապերն ու հեղինակությունը՝ օտարերկրյա շահերն առաջ մղելու համար, եւ որքանով են գործող իրավական նորմերն ապահովում այդ գործունեության թափանցիկությունը։

2009-2013 թթ.՝ ԳԴՀ-ում որպես ՀՀ դեսպան պաշտոնավարելիս առնչվել եմ այդ երկրում Ադրբեջանի լոբբիստական համակարգին, որի հիմնական հարթակը Գերմանա-ադրբեջանական ֆորումն էր։ Դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ԳԴՀ նախկին փոխկանցլեր եւ արտաքին գործերի նախարար Հանս-Դիտրիխ Գենշերն էր, իսկ խորհրդի կազմում ընդգրկված էր էկոնոմիկայի նախկին նախարար Միխայել Գլոսը։ Այս եւ այլ հայտնի քաղաքական գործիչների մասնակցությունը կազմակերպությանը զգալի հանրային կշիռ էր հաղորդում եւ հասանելիություն ապահովում գերմանական քաղաքական շրջանակներին։ Գերմանիայի վերամիավորման գործում ունեցած վաստակով Գենշերը հեղինակություն ու ազդեցություն էր հաղորդում այդ լոբբիստական կազմակերպությանը։

ԳԴՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ինքնին առարկությունների հիմք չէր կարող լինել, սակայն Ֆորումի գործունեությունը դուրս էր գալիս առեւտրային համագործակցության շրջանակներից եւ դառնում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումն առաջ մղելու գլխավոր հարթակ։ Որպես դեսպան՝ իմ խնդիրն էր՝ գերմանացի քաղաքական շրջանակներին ներկայացնել հակամարտության համակողմանի դիտարկման վրա հիմնված փաստարկներ եւ թույլ չտալ, որ խորհրդարանական որոշումներում ամրագրվեն միակողմանի գնահատականներ։ Իմ ջանքերի շնորհիվ կանխվեց Ֆորումի աջակցությամբ ստեղծված ադրբեջանամետ մի բանաձեւի ընդունումը, որի առաջմղմանն աջակցում էին նշված շրջանակները։ Ավելին, ինձ հաջողվեց Բունդեսթագում հանդիպում կազմակերպել ԼՂՀ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդների հետ։ Դա հնարավորություն ընձեռեց ԼՂՀ պաշտոնական պատվիրակությանը՝ ԳԴՀ օրենսդիրներին անմիջականորեն ներկայացնելու Արցախի բնակչության անվտանգության ապահովմանն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։

Քանի որ պարոն Գենշերը խուսափում էր ինձ հետ հանդիպումներից, հատուկ կարեւորություն էի տալիս նրա հետ անձնական նամակագրությանը։ Հետեւելով կյանքից հեռացածների մասին խոսելիս զսպվածություն դրսեւորելու չգրված կանոնին՝ կսահմանափակվեմ մեկ հիշողությամբ։ Վերջին նամակս նրան ուղարկելուց հետո Գերմանիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար եւ Գենշերի կուսակից Գիդո Վեստերվելլեն դիվանագիտական ընդունելություններից մեկի ընթացքում ինձ հայտնեց, որ «պարոն նախարարը ծանր է ընդունել» նամակում արտահայտված իմ գնահատականները։ Ես պատասխանեցի, որ հենց Գենշերի պատմական վաստակի հանդեպ հարգանքն է ինձ մղել նրան անկեղծորեն ներկայացնելու իր լոբբիստական գործունեության վերաբերյալ իմ գնահատականը։ Միաժամանակ ընդգծեցի, որ պետական շահերի պաշտպանությունը դեսպանի հիմնական պարտականությունն է, որը պահանջում է փաստարկված անհամաձայնություն արտահայտելու պատրաստակամություն՝ անկախ զրուցակցի քաղաքական կարգավիճակից ու հեղինակությունից։

Ադրբեջանական լոբբինգի մասշտաբն ու խնդրահարույց բնույթն ակնհայտ դարձան «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած սկանդալի առնչությամբ։ Դեռեւս 2012թ. «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը նկարագրել էր եվրոպացի խորհրդարանականների բարեհաճությունը շահելու եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ քննադատությունը մեղմելու նպատակով թանկարժեք նվերների, վճարված ուղեւորությունների եւ դրամական վճարումների օգտագործման գործելակերպը։ Դրան հաջորդած անկախ քննությունը ԵԽԽՎ-ում բացահայտեց էթիկական նորմերի լուրջ խախտումներ եւ հիմքեր՝ Վեհաժողովի մի շարք գործող ու նախկին անդամների կոռուպցիոն գործունեության մեջ կասկածելու համար։ 2018թ. կիրառվեցին պատժամիջոցներ, այդ թվում՝ խորհրդարանական իրավունքների սահմանափակումներ։ Գերմանիայում այս խնդիրն ունեցավ նաեւ դատաիրավական դրսեւորում, եւ 2025թ. հուլիսին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին մեղավոր ճանաչեց խորհրդարանականներին կաշառելու մեջ՝ Ադրբեջանի շահերի առաջմղմանն առնչվող գործով։

Հայտնի է, որ ԳԴՀ-ում նման գործելակերպը չէր սահմանափակվում Ադրբեջանով։ Մեկ այլ օրինակ է նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի համագործակցությունը ՌԴ-ի առաջատար պետական ձեռնարկությունների հետ։ Կառավարության ղեկավարի պոստը թողնելուց հետո նա ղեկավար պաշտոն ստանձնեց «Հյուսիսային հոսք» նախագծում, իսկ ավելի ուշ գլխավորեց «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը։ Սա ցայտուն կերպով ցույց է տալիս, թե որքան սերտորեն կարող են միահյուսվել պետական կարիերան, դրան հաջորդող առեւտրային գործունեությունն ու օտարերկրյա շահերը։

Նախկին քաղաքական գործիչների համագործակցությունն օտարերկրյա պետությունների եւ ընկերությունների հետ ինքնին դատապարտելի չեմ համարում։ Նրանց մասնագիտական փորձը կարող է նպաստել միջպետական կապերի զարգացմանը։ Սակայն սկզբունքային նշանակություն ունեն այդ համագործակցության թափանցիկության ապահովումը, ֆինանսավորման աղբյուրների ու շահառուների հանրայնացումը, ինչպես նաեւ՝ շահերի բախման կանխարգելումը։ Հանրությունը պետք է հնարավորություն ունենա անկախ փորձագիտական գնահատականը տարբերակելու՝ օտարերկրյա պատվիրատուի հանդեպ ֆինանսական եւ այլ պարտավորություններով պայմանավորված դիրքորոշումից։

Հատկանշական է, որ այս խնդիրն արդիական է նույնիսկ Գերմանիայում՝ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ եւ իշխանության հանրային հաշվետվողականության ու թափանցիկության ավանդույթներ ունեցող երկրում, որոնց խորհրդանշական մարմնավորումն է Բունդեսթագի շենքի թափանցիկ ապակե գմբեթը։

Հայաստանի համար այս փորձն անմիջական նշանակություն ունի։ Ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչների համանման գործունեությունը հարցականի տակ է դնում մեր երկրում թափանցիկության ապահովման եւ հանրային վերահսկողության մեխանիզմների արդյունավետությունը։

Երբ պետական ծառայության ընթացքում ձեռք բերված հեղինակությունն ու կապերը ծառայում են արտաքին շահերի առաջմղմանը, հանրությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու, թե դա ինչպես է ազդում ազգային քաղաքականության մշակման ինքնիշխանության վրա։

Financial Times-ում հրատարակված իմ մեկնաբանության առանցքում այն հարցն է, թե ինչպես է օտարերկրյա շահերի առաջմղումը հանրային վստահություն ձեռք բերում հայտնի քաղաքական գործիչների հեղինակության շնորհիվ՝ նախքան հայտնի կդառնան այդ գործունեության իրական նպատակներն ու մեթոդները։ Քաղաքական կյանքի հարուստ պատմությունը վկայում է, որ պետության առջեւ ունեցած վաստակն արժանի է հարգանքի, սակայն դա չի կարող անձի հետագա գործունեությունը հանրային վերահսկողությունից եւ քննությունից զերծ պահելու հիմք լինել։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան