18/10/2026

EU – Armenia

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային

Սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի սպորտսրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։

Հասնելով մարզասրահ, Անդրանիկ Հ.-ն ռետինե խողովակով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, ինչից հետո մի քանի աշակերտների մոտ հայտարարել է՝ «եթե նշված տղան դպրոցում իրեն խելոք չպահի, ականջից բռնեք և զանգահարեք ինձ»։

Տեղի ունեցածի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին երեխայի մայրը նույնպես հաղորդում է ներկայացրել։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Անդրանիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։