19/10/2026

EU – Armenia

Հին կախվածությունը պարզապես նոր դիվանագիտական անուն կստանա

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր «փոխըմբռնման և նոր հավասարակշռության որոնման» փուլում են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Դեսպանը շեշտել է ընդհանուր պատմության, համատեղ հաղթանակների և ժողովուրդների բարեկամության նշանակությունը՝ անկախ փոփոխվող քաղաքական իրադրությունից։

Առաջին հայացքից սովորական դիվանագիտական ուղերձ է։ Սակայն Կոպիրկինի օգտագործած «նոր հավասարակշռություն» ձևակերպումը Մոսկվայի համար բավական խոսուն է։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները նկարագրում էր ռազմավարական դաշինքի, պատմական եղբայրության և ընդհանուր անվտանգության անխախտության եզրերով։ Այսօր արդեն խոսում է նոր հավասարակշռության անհրաժեշտությունից։ Մեկ բառի փոփոխության հետևում ամբողջ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանի ավարտն է։

Դեսպանը պատահական միջավայր չէր ընտրել։ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին հնչեցված խոսքում նա հիշեցրել է ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները և ժողովուրդների միասնությունը։ Պատմական հիշողությունը ռուսական դիվանագիտության ամենակայուն հենարաններից է։ Երբ ներկան դժվարանում է արդարացնել նախկին հարաբերությունների տրամաբանությունը, օգնության է կանչվում անցյալը։

Բաղրամյանը հայ ժողովրդի հպարտությունն է, ֆաշիզմի դեմ հաղթանակը՝ նաև Հայաստանի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի էջը, սակայն ընդհանուր պատմությունը չի կարող հավերժ քաղաքական պարտավորություններ սահմանել Հայաստանի համար։ 1945 թվականի հաղթանակը նաև հայ ժողովրդի նվաճումն է, և այդ հիշողության հանդեպ հարգանքը չի ենթադրում հավատարմություն Մոսկվայի այսօրվա քաղաքականությանը։ Պատմական բարեկամությունը չի կարող Հայաստանի քաղաքական ինքնուրույնության հաշվին պահպանվել։ Ընդհանուր անցյալը հարգանքի արժանի ժառանգություն է, սակայն այն որևէ պետության իրավունք չի տալիս որոշելու Հայաստանի ապագան։

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը ձևավորվել է կոնկրետ իրադարձությունների հետևանքով։ 2020 թվականի պատերազմը, 2021–2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները, ՀԱՊԿ-ի անգործությունը և 2023 թվականին Արցախի հայաթափումը փոխեցին Ռուսաստանի անվտանգային երաշխիքների նկատմամբ հայկական հասարակության վերաբերմունքը։ Տասնամյակներով կառուցված անվտանգության համակարգը չդիմացավ իր գլխավոր փորձությանը։

Այժմ Մոսկվան ստիպված է առնչվել այդ իրողության քաղաքական հետևանքներին։ Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, փորձում է վերակառուցել իր անվտանգային համակարգը, տարածաշրջանային հաղորդակցությունները կապել սեփական ինքնիշխանության և միջազգային նոր գործընկերությունների հետ։ Վաշինգտոնյան համաձայնությունները և TRIPP նախագիծը Հարավային Կովկասում փոխում են տնտեսական աշխարհագրությունը։ Տարածաշրջանում ձևավորվում են նոր ճանապարհներ, ներդրումային շահեր և ազդեցության կենտրոններ։

Այս փոփոխությունները վերանայում են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության տասնամյակներով ձևավորված համակարգը և Հայաստանի առաջ բացում սեփական ապագան ավելի ինքնուրույն տնօրինելու հնարավորություն։ Սակայն այդ հնարավորությունը դեռ պետք է վերածել իրական քաղաքական ու տնտեսական անկախության։

Նոր հավասարակշռության հասնելու գլխավոր դժվարությունը տնտեսական կախվածություններն են։ Հայաստանի էներգետիկայի առանցքային ենթակառուցվածքներում ռուսական կապիտալի ներկայությունը, երկաթուղու ռուսական կառավարումը, գազի մատակարարման և արտահանման շուկայի մեծ կախվածությունը Ռուսաստանից Մոսկվային ազդեցության զգալի լծակներ են տալիս։ Հայկական ապրանքների նկատմամբ 2026 թվականին կիրառված սահմանափակումները հերթական անգամ հիշեցրին այդ կախվածության գինը։ Քանի դեռ Հայաստանի տնտեսությունը չունի բավարար այլընտրանքներ, Մոսկվայի հետ յուրաքանչյուր լուրջ քաղաքական տարաձայնություն կարող է տնտեսական և սոցիալական ծանր հետևանքներ ունենալ։

Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ կանխատեսելի առևտուր, կայուն տնտեսական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն։ Դրանց դիմաց քաղաքական հնազանդություն պահանջելու ժամանակաշրջանը պետք է ավարտված համարել։

Կոպիրկինի հիշատակած նոր հավասարակշռությունը հնարավոր է, եթե Մոսկվան ընդունի մի պարզ իրողություն․ Հայաստանն ինքնուրույն պետություն է, և նրա արտաքին քաղաքական ընտրությունը պետք է որոշվի Երևանում՝ Հայաստանի շահերից ելնելով։

Մոսկվան պետք է ընդունի Երևանի իրավունքը՝ սեփական շահերից ելնելով հարաբերություններ կառուցելու Բրյուսելի, Վաշինգտոնի, Անկարայի և մյուս մայրաքաղաքների հետ։ Հայաստանն էլ պարտավոր է այդ իրավունքը վերածել հետևողական պետական քաղաքականության՝ հաղթահարելով տնտեսական կախվածությունները և արտաքին քաղաքական որոշումների շուրջ ձևավորված ներքին անվստահությունը։

Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր պետական ողնաշար։ Պատմական բարեկամությունը կարող է պահպանվել, մշակութային և մարդկային կապերը՝ զարգանալ։ Բարեկամությունը պահպանելու համար Հայաստանին այլևս Մոսկվայի խնամակալությունը պետք չէ։

Կոպիրկինի հայտարարության առանցքը «նոր հավասարակշռություն» ձևակերպումն է։ Դրա իրական իմաստը պարզ է․ Մոսկվան պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս նախկին հարաբերությունների տրամաբանությամբ առաջնորդվելու պարտավորություն չունի։ Հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված է հենց այս իրողությունը ճանաչելու Ռուսաստանի պատրաստակամությունից։

Հայաստանի պատմական խնդիրը սեփական անկախությունն այլևս որևէ արտաքին կենտրոնի բարեհաճությունից կախված չթողնելն է։ Նոր հավասարակշռությունը պետք է ծառայի հենց այդ նպատակին։ Հակառակ դեպքում հին կախվածությունը պարզապես նոր դիվանագիտական անուն կստանա։