«Ովքե՞ր են Հայաստանի խորհրդարանում հայտնված նոր դեմքերը, ի՞նչ ճանապարհ են անցել մինչև պատգամավոր դառնալը և ի՞նչ ունեցվածք ունեն։
«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամ Շիրազ Մանուկյանի կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։
Շիրազ Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում։ Նա Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորն է։ 2019-2020 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2025 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ ստանալով թատրոնի ռեժիսորի մասնագիտություն։ Նույն թվականին ավարտել է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը։
Մանուկյանը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» դասընթացին, որն անցկացվել է 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Միջազգային առևտրատնտեսական պաշտոնյաների ակադեմիայում (AIBO)։
2025-2026 թվականներին աշխատել է Հայ գործարարների ասոցիացիայում՝ որպես նախագծի ղեկավար։
Քաղաքական գործունեությունը սկսել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում։ 2021-2022 թվականներին եղել է այդ կազմակերպության անդամ, իսկ 2022-2025 թվականներին՝ ՀՀԿ ուսանողական կազմակերպությունների խորհրդի անդամ։
2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Շիրազ Մանուկյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած չէ։
Անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Շիրազ Մանուկյանը չունի հայտարարագրված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ։
Դրամական միջոցներ․
Շիրազ Մանուկյանի բանկային հաշիվներում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա է եղել ընդհանուր 47,515 դրամ։ Հայտարարագրում նշված են չորս հաշիվներ՝ համապատասխանաբար 475 դրամ, 17,030 դրամ, 0 դրամ և 30,010 դրամ մնացորդներով։
Կանխիկ դրամական միջոցների մասով պատգամավորը հայտարարագրել է 700,000 դրամ և 800 ԱՄՆ դոլար։
Եկամուտներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Շիրազ Մանուկյանը պատգամավոր դառնալու օրվա դրությամբ Հայ գործարարների ասոցիացիայից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3,851,629 դրամ։
Վարկային պարտավորություններ․
Հայտարարագրում նշված են երեք վարկային պարտավորություններ, որոնց մայր գումարի մնացորդները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են համապատասխանաբար 209,875 դրամ, 456,298 դրամ և 602,156 դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմում է 1,268,329 դրամ։
Այսինքն՝ Մանուկյանի բոլոր վարկերը միասին վերցրած, պատգամավորական մեկ ամսվա աշխատավարձից էլ քիչ են»։


Բաց մի թողեք
Փողին գերի
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը