03/01/2025

Ով է ասում, թե «արցախցիները չեն կռվել, հանձնվել են»

Ստեփանակերտի էլիտայի ներկայացուցիչները քարոզչական նոր կաղապար են կիրառում: Իբր Երեւանում ասում են, որ «արցախցիները չեն կռվել, հանձնվել են»:

Ոչ ոք արցախցի զինվորին, աշխարհազորային մարտիկին չի ասում չի կռվել: Եւ պետք չէ տեսք ընդունել, թե չեն հասկանում խոսքն ինչի մասին է: Ինչ վերաբերում է կենցաղային ընկալմանը, ապա խորհուրդ կտայի հիշել 1992 թվականի ամառը, երբ ստեփանակերտցիները բռնագաղթված մարտակերտցիներին անարգանքի սյունին էին գամում: Պաշտպանության պետական կոմիտեն, Գերագույն խորհու՞րդն էր մարտակերտցիների դեմ ատելության քարոզչություն ներարկում:

Նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասում է, որ Ստեփանակերտը պատրաստ էր Ադրբեջանի հետ բանակցությունների, բայց Բաքուն հրաժարվել է եւ ավելացնում, որ երկրորդ փորձ արվել է օգոստոսին: Օգոստոսի 8-ին Ստեփանակերտում ընտրվել է Ազգային ժողովի նոր նախագահ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Հետաքրքիր է, ի՞նչ տրամաբանությամբ է դա տեղի ունեցել եւ ուղեկցվել քարոզչությամբ, որ շուտով Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, եւ Դավիթ Իշխանյանը կստանձնի նաեւ Արցախի նախագահի լիազորությունները:

Բանակցությունների պատրաստ Ստեփանակերտն ի՞նչ հաշվարկով է Դավիթ Իշխանյանի շուրջ ստեղծել քաղաքական ազատամարտիկի աուրա՝ ներգրավելով ՀՅԴ Բյուրոյին, Մեծ տանն Կիլիկիո կաթողիկոսին: Չգիտեի՞ն, որ այդ ընտրությունը Բաքվում ընկալվում է որպես մարտահրավեր: Ո՞վ էր նախաձեռնել ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հազիվ մեկ շաբաթ հետո ԱրցախԹՎ-ն Դավիթ Իշխանյանի հարցազրույցը, որ ստեղծված իրավիճակի հետ կապ ուներ այնքանով, որ անցկացվել էր Ստեփանակերտում:

Ու՞մ է «հանձնվել» Արցախի էլիտան: Արտակ Բեգլարյանը խոստովանում է, որ Սոֆիայում նախատեսված բանակցություններին ռուսական կողմի արձագանքը թշնամական էր, նաեւ ասում է, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Բրատիսլավայի հանդիպմանը, եւ այն չի կայացել: Ահա թե ում է «հանձնվել» քաղաքական Ստեփանակերտը: Հանձնվել է գայթակղությանը, որ Բաքվի հետ երկխոսություն «միշտ էլ հնարավոր է, եկեք փորձենք միջնորդների երաշխիքներով խոսենք»:

Մինչդեռ կրիտիկական իրավիճակը պահանջում էր ամեն ինչ թողնել մի կողմ եւ կենտրոնանալ գերխնդրի վրա՝ Լեռնային Ղարաբաղը չպետք է հայաթափվի, հակասությունը չպետք է հասնի ռազմական բախման: Սամվել Շահրամանյանն ասում է, որ Ադրբեջանի հարձակումից մի քանի ժամ անց «հասկացանք, որ մնացել ենք մենակ»: Առարկայական իմաստով դա պետք է հասկանային 2022թ. դեկտեմբերի 12-ին կամ գոնե այն ժամանակ, երբ Փարիզից վերադարձած Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտ է հասել զարտուղի ճանապարհով:

Բայց սա հրապարակային քննարկման թեմա չէ: Ստեփանակերտի էլիտային չի պատշաճում հայտարարել, թե Հայաստանի իշխանությունը «հարձակվում է Արցախի իշխանության մնացորդների դեմ»: Չկա, Արցախի իշխանություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանի հրամանագրով 2024թ. հունվարի 1-ին դադարել է: Չկա Արցախի նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, կուսակցություններ: Կան անհատներ, մասնավոր անձինք, որ օրենքի, համակեցության գրված եւ չգրված կանոնների առումով մեկ միլիոն երեւանցիներին հավասար մարդիկ են:

Ստեփանակերտի էլիտան պետք է ձերբազատվի իրեն միջին-վիճակագրական արցախցու հետ նույնականացնելու փորձերից: Պիտի հասկանա՝ ամբողջ կյանքում սեպտեմբերի 28-ի խարանը մնալու է իր վրա: Եւ միջին-վիճակագրական արցախցին իրեն չի պաշտպանելու ոչ թե նրա համար, որ կոմֆորմիստ է, այլ՝ որ ինքն իրականում բարոյական աջակցության արժանի չէ: Դա ճակատագիր է, որ ինքն է ընտրել: Կամավո՞ր, թե՞ հարկադրված՝ ոչ ոքի չի հուզում:

Վահրամ Աթանեսյան