Տասնչորս տարի առաջ Բելառուսի հավերժ նախագահ Լուկաշենկոն Մինսկում հայկական կոնյակի շշալցման արտադրամաս էր բացում, համտեսում արտադրանքը և կոչ անում ավելացնել հայկական կոնյակի արտադրությունը իր երկրում։
Այսօր Մինսկից ուրիշ լուր է գալիս՝ հայկական «Երևան 2800» ութամյա կոնյակի վաճառքն ու ներմուծումն արգելվել է։ Կարելի է կատակել՝ Լուկաշենկոն այլևս հայկական կոնյակ չի խմում։
Բայց խնդիրը խմիչքը չէ։ Պաշտոնական պատճառը տեխնիկական է. փորձաքննությամբ դաբաղանյութերի կոնցենտրացիան կազմել է 0.14 գ/դմ³՝ պահանջվող առնվազն 0.3-ի փոխարեն։ Առայժմ որևէ ապացույց չկա, որ որոշումը քաղաքական է։ Եթե արտադրանքը չի համապատասխանում չափանիշներին, առաջին հարցերը պետք է ուղղվեն արտադրողին։
Սակայն սա արդեն առանձին միջադեպ չի թվում։ Ռուսաստանը մայիսին սահմանափակել էր հայկական մի քանի արտադրողների գինու և կոնյակի վաճառքը՝ նույնպես վկայակոչելով տեխնիկական պահանջների խախտումներ։ Այստեղ սկսվում է ավելի մեծ խնդիրը։
Հայաստանը տասնամյակներ շարունակ իր արտահանման զգալի հատվածի համար հետխորհրդային շուկան դիտարկել է որպես բնական միջավայր։ Դա հարմար էր՝ ճանաչելի ապրանք, ընդհանուր տնտեսական տարածք, պարզ լոգիստիկա։ Բայց տնտեսական հարմարավետությունը վտանգավոր է դառնում, երբ վերածվում է անփոխարինելիությունից կախվածության։
Եթե հայկական արտադրողի ճակատագիրը կարող է որոշվել Մինսկի կամ Մոսկվայի մի ինչ որ լաբորատորիայում, խնդիրը միայն այդ լաբորատորիան չէ։ Խնդիրը մեր արտահանման աշխարհագրությունն է։ Ուստի պատասխանը պետք է լինի երկակի՝ ավելի խիստ որակ Հայաստանում և ավելի լայն շուկա Հայաստանից դուրս։
Հայկական կոնյակը պետք է համապատասխանի այնպիսի չափանիշների, որ կարողանա նույն վստահությամբ վաճառվել Բեռլինում, Փարիզում կամ Նյու Յորքում։ Այդ դեպքում Մինսկի հերթական արգելքը կլինի մեկ շուկայի կորուստ, ոչ թե ազգային տնտեսական նորություն։
2012-ին Լուկաշենկոն հայկական կոնյակ էր համտեսում և գովում դրա արտադրությունը։ Այսօր Բելառուսն այն ստուգում և արգելում է։
Վաղը կարող է նորից խմել։ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը չպետք է կախված լինի Լուկաշենկոյի ճաշակից։

Բաց մի թողեք
Չոռնի՝ Գագիկ Բեգլարյանի սեփականությունն ու իշխանությունը
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովին է մեջբերել Փաշինյանին արձագանքելիս
Քաղաքական դաշտում «մեռելային լռություն է»