Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2031 թվականը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն ավարտին հասցնելու հայտարարությունը լուրջ քաղաքական հարցեր է առաջացնում։
Դեռ երեկ Երևանը պատրաստ էր պայմանագիրը ստորագրել հաջորդ իսկ օրը, այսօր արդեն խոսվում է հնգամյա հեռանկարի մասին։ Եվ պատահակա՞ն է արդյոք, որ այդ ժամկետը համընկնում է գործող խորհրդարանի լիազորությունների ավարտի և հաջորդ ընտրությունների հետ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը խաղաղության պայմանագրի ստորագրությունը պահում է հաջորդ ընտրությունների համար՝ այն դարձնելով իր վերընտրության գլխավոր հաղթաթուղթը։
Առավել մտահոգիչն այն է, որ Երևանն իր իսկ հայտարարությամբ թուլացնում է Բաքվի նկատմամբ միջազգային ճնշման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանին փաստացի տալով ևս հինգ տարի ժամանակ։
Ինչո՞ւ հենց 2031 թվականը։ Ի՞նչ քաղաքական պատճառ կարող է արդարացնել արդեն նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրությունը ևս հինգ տարով հետաձգելը։ Եվ ինչո՞ւ այդ թվականը զարմանալի ճշգրտությամբ համընկնում է գործող խորհրդարանի լիազորությունների ավարտի և հաջորդ հերթական ընտրությունների ժամանակաշրջանի հետ։
Ընդամենը վերջերս Երևանը հայտարարում էր պայմանագիրը թեկուզ հաջորդ օրը ստորագրելու պատրաստակամության մասին։ Հայաստանն այդպիսով անուղղակիորեն միջազգային աջակցություն էր ակնկալում՝ Բաքվի նկատմամբ դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու համար։ Այժմ հայկական կողմն ինքն է հրապարակայնորեն երկարաձգում գործընթացի քաղաքական հորիզոնը։
2031 թվականը Փաշինյանի անձնական նպատակն է, ինչպես ինքն է բնորոշել։ Սակայն երկրի խաղաղության ճակատագիրը որևէ առաջնորդի անձնական քաղաքական հաշվարկներին և ընտրական օրացույցին ենթարկելը ծայրաստիճան վտանգավոր է։
Առավել ևս, երբ այդ օրացույցն ակնհայտորեն համընկնում է հաջորդ ընտրական շրջափուլի հետ։ Խնդիրն ունի նաև արտաքին քաղաքական ծանր գին։ Դիվանագիտության մեջ ժամկետը բանակցային գործիք է։ Հնգամյա ժամկետ նախանշելով՝ Երևանը, ըստ էության, Բաքվին ևս հինգ տարի է տալիս պայմանագրի ստորագրությունը ձգձգելու համար՝ միաժամանակ նվազեցնելով նրա նկատմամբ միջազգային ճնշման անհրաժեշտությունը։
Միաժամանակ միջազգային գործընկերներին ազդակ է ուղարկվում, որ պայմանագրի ստորագրությունը կարող է սպասել ևս հինգ տարի՝ փաստացի թուլացնելով Բաքվի նկատմամբ դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը պատմական հնարավորություն ստեղծեց։ Դրա քաղաքական արժեքը վերջնական ստորագրության և վավերացման միջոցով միջպետական պարտավորությունների ամրագրումն է։ Հակառակ դեպքում խաղաղության գործընթացը կարող է տարիներով շարունակվել հանդիպումների, հայտարարությունների ու տնտեսական ծրագրերի տեսքով, իսկ գլխավոր նպատակը՝ պայմանագրի ստորագրությունը, մնալ մշտապես հետաձգվող խոստում։
Պատմությունը նման օրինակներ ունի։ Կիպրոսում 1974 թվականից հետո ձևավորված ստատուս քվոն տասնամյակների ընթացքում ձեռք բերեց սեփական քաղաքական և տնտեսական շահառուներին։ Ժամանակավոր լուծումները դարձան երկարատև իրականություն։ Հարավային Կովկասի պատմությունն էլ բավարար չափով ցույց է տվել, թե որքան թանկ կարող է արժենալ չհանգուցալուծված խաղաղության հետ համակերպվելը։
Այսօր տարածաշրջանում ձևավորվող հավասարակշռությունը մտահոգիչ է նաև մեկ այլ պատճառով։ Կարծես բոլոր հիմնական դերակատարները գտել են ներկա իրավիճակից իրենց բաժին շահը։
Եվրամիությունն ունի Հայաստանի հետ գործընկերություն, որը կարող է ներկայացնել որպես տարածաշրջանային հաջողություն։ Հայաստանի ժողովրդավարական վիճակը Վրաստանի և Ադրբեջանի համեմատությամբ դեռևս բարենպաստ գնահատականների հիմք է տալիս։ Բրյուսելի համար խաղաղության գործընթացի շարունակությունն արդեն իսկ դրական արդյունք է։
Մոսկվան նույնպես առայժմ վճռական կորուստներ չի կրել։ Հայաստանի իշխանությունների արևմտամետ հռետորաբանության պայմաններում երկիրը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ։ Հայկական երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո է։ Նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանը դեռևս չի կատարել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ռազմավարական ընտրություն։
Ավելին, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովն արդեն հայտարարում է, որ Երևանից դրական ազդակներ է ստանում ռուսական նոր էներգաբլոկի կառուցման առաջարկի վերաբերյալ։ Մոսկվայի համար Երևանի արևմտամետ հայտարարություններն առայժմ մեծ խնդիր չեն. ռուսական ազդեցության հիմնական լծակները պահպանվում են, իսկ նոր կախվածությունների ձևավորման հնարավորությունը՝ մնում բաց։
Վաշինգտոնն ունի TRIPP-ը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների նոր համակարգում ամերիկյան երկարաժամկետ տնտեսական ներկայության հնարավորություն։ Նախագիծն արդեն անցել է գործնական իրականացման նախապատրաստական փուլ։ ԱՄՆ-ի համար սա նշանակալի աշխարհաքաղաքական ձեռքբերում է։
Բաքուն ստանում է ժամանակ, իսկ Երևանը՝ խաղաղության գործընթացը մինչև հաջորդ ընտրական փուլ քաղաքականապես շահարկելու հնարավորություն։
Ձևավորվում է փոխադարձ հարմարավետության բավական վտանգավոր միջավայր։ Առանձին դերակատարների համար ընթացիկ շահերի բավարարումն աստիճանաբար կարող է նվազեցնել վերջնական կարգավորման անհրաժեշտությունը։ Այս իրավիճակի ամենամեծ ռիսկերն ընկնում են հենց Հայաստանի վրա։
Չստորագրված պայմանագիրը շարունակում է պահպանել անորոշությունը, իսկ անհստակության պայմաններում ուժերի անհամաչափությունը մշտապես աշխատում է ուժեղ կողմի օգտին։ Այս ամենը շատ ավելի խորքային հարց է առաջադրում՝ ո՞ւր է տանում Հայաստանը խաղաղության այս քաղաքականությունը։
Հայաստանն ունի՞ ինքնուրույն ռազմավարություն՝ առաջիկա տարիներին ավարտին հասցնելու խաղաղության իրավական ամրագրումը, նվազեցնելու ռուսական կախվածությունները և նոր տնտեսական հաղորդակցությունները ծառայեցնելու սեփական պետական շահին։ Կա՞ այդ նպատակներին հասնելու ժամանակացույց, որի իրագործման համար կառավարությունը պատրաստ է ստանձնել չափելի պատասխանատվություն։
2031 թվականը կարող է իշխանության քաղաքական հաշվետվության ժամկետ լինել, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրությունն ընտրական օրացույցին կապելը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Խաղաղության պայմանագրի ստորագրության համար այդքան հեռավոր հորիզոնի ընտրությունը պահանջում է շատ ավելի համոզիչ հիմնավորում։ Հայաստանի քաղաքացիները խաղաղության համար արդեն վճարել են անչափ ծանր գին։ Նրանք իրավունք ունեն իմանալու՝ ինչու պետք է ևս հինգ տարի սպասեն մի փաստաթղթի ստորագրությանը, որի տեքստի շուրջ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։
Եվ վերջապես, ամենակարևոր հարցը. եթե պայմանագիրը հնարավոր է ստորագրել ավելի վաղ, ինչո՞ւ չանել դա հիմա։ Իսկ եթե այդ հնարավորությունն առայժմ չկա, ինչո՞ւ Հայաստանի դիվանագիտական բոլոր ջանքերը չուղղել այն հնարավորինս շուտ ստեղծելուն։
Հայաստանի խաղաղությունը չի կարող սպասել իշխանության համար հարմար ընտրական պահին։ Պատմական հնարավորությունը պետք է իրացնել այսօր՝ առանց այն իշխանության վերընտրության քաղաքական հաղթաթուղթ դարձնելու։

Բաց մի թողեք
Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել Թրամփի և Սիի հետ, սակայն հրաժարվում է բանակցել Զելենսկու հետ
Բաքվում տեղի ունեցած դիվանագիտական միջադեպը բացահայտեց թուրք-ադրբեջանական դաշինքի ներսում հասունացող տարաձայնությունները
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն