19/10/2026

EU – Armenia

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը. Լուսանկար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հրաժարականը, որը ներկայացվել էր երկրում հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։

Միաժամանակ նախագահը պահանջել է բացատրություններ իրավապահ մարմինների աշխատանքի թերությունների վերաբերյալ, հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Մակրոնը նախորդ օրը ժողովրդին ուղղված տեսաուղերձում ընդունել էր, որ իրավապահների աշխատանքի մեջ թերություններ են եղել՝ պահանջելով պարզել դրանց պատճառները։ Նա խոստացել է ապահովել կատարվածի ամբողջական թափանցիկ քննությունը։

Le Monde-ի հաղորդմամբ՝ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն պետք է անցկացնի միջգերատեսչական ճգնաժամային խորհրդակցություն՝ վնասները գնահատելու և տուժածներին աջակցելու միջոցները որոշելու համար։

Նունյեսի հրաժարականը պահանջել էին ինչպես աջ, այնպես էլ ձախ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ նրան մեղադրելով հասարակական կարգը չապահովելու մեջ։ Քննադատությունն ուժեղացել էր այն տեղեկություններից հետո, որ անկարգություններով պատված քաղաքներում ոստիկանության ուժերը բավարար չեն եղել։

Հոկտեմբերի 17-ին կյանքի թանկացման և կրթական համակարգի խնդիրների դեմ սկսված զանգվածային ցույցերը վերածվել էին իրավապահների հետ բախումների։ Ըստ Le Monde-ի ներկայացրած տվյալների՝ հանգստյան օրերին Ֆրանսիայում ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, իսկ 997 ոստիկան, ժանդարմ և հրշեջ տուժել է։

Մակրոնը խոստացել է խիստ պատասխանատվության ենթարկել ջարդարարներին՝ միաժամանակ ընդունելով խաղաղ ցուցարարների պահանջների օրինականությունը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել էր 1800 ձերբակալվածների և ավելի քան 500 վիրավորների մասին։

Փարիզում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի շարք այլ քաղաքներում անկարգություններն ուղեկցվել են հրկիզումներով և թալանով։