Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի հետ կապված որոշ մանրամասներ է հայտնել:
«Կա՛մ վարորդը քնած է եղել, կա՛մ ինֆարկտ է ստացել, կա՛մ էլ շատ արագ է եղել, բայց եթե դիտարկում ենք նաև այն վարկածը, թե կարող է հանդիպակաց մեքենա է դուրս եկել դիմացը, փորձել է շրջանցել, բայց արգելակման հետքեր չկան։ Այլ վարկած չկա»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ ճանապարհը ուղիղ է եղել․ «Ո՛չ քանդված է, ո՛չ էլ ջուր կար, որ, ասենք, կարող է մեքենան սահել է»:
Ըստ Պետրոսյանի՝ բոլոր զինծառայողները զորացրվել են Մեղրի համայնքից և տաքսիով տուն վերադառնալիս են եղել։ Վթարի հետևանքով 6 զինծառայողներից միայն մեկի վիճակն է բավարար եղել, որն էլ կարողացել է իջնել մեքենայից, ձորից դուրս գալ ու առաջին օգնություն կանչել՝ կանգնեցնելով մեքենաներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:
Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար