Օգոստոսի 12-ը հանրապետությունում եզակի՝ Գիտատեխնիկական գրադարանի 72 աշխատակիցների վերջին աշխատանքային օրն է։ Ազատման ծանուցումներն արդեն ստացել են։ Անորոշ է ոչ միայն բացառիկ մասնագետների ճակատագիրը, այլեւ շուրջ 22 միլիոն բացառիկ ֆոնդերի։
Հրապարակ թերթը գրել է․ Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում այս տարվա մայիսի 2-ի որոշմամբ լուծարում է ՆՁԱԿ՝ «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ բախտի քմահաճույքին թողնելով երկրի արդյունաբերության ու տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ֆոնդերն ու գրադարանի աշխատողներին։
«Անպատկերացնելի է, որ նման նշանակության ֆոնդերը, որոնք պետության հարստությունն են, այսօր հենց պետական մարմինների կողմից են այսպես նսեմացվում, միմիայն նրա համար, որ շենքերը դրված են վաճառքի։ Գրադարանից խլվում է իր տանիքը, եւ գրադարանը նետվում է բախտի քմահաճույքին։ Սա նաեւ միջազգային փաստաթղթերին է հակասում։ Այդ ո՞ր գերակա շահով են Հայաստանը զրկում միակ գիտատեխնիկական գրադարանն ունենալու հնարավորությունից»,- «Հրապարակ»-ին ասում է Գիտատեխնիկական գրադարանի էլեկտրոնային քարտարանի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը։
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի լուծարման որոշման մասին գրադարանի կոլեկտիվը տեղյակ չի եղել։ Մինչեւ այդ հավաստիացրել են, թե գրադարանը չի փակվում, շենքերն են վաճառքի հանվում, իսկ գրադարանի համար նոր տարածք կհատկացվի։ Կոմիտասի պողոտայում գտնվող խորհրդային հայտնի բարձրահարկերում Առողջապահության ազգային ինստիտուտն էր գործում, դրանց օտարման որոշումը կառավարությունը 2023թ․ դեկտեմբերի 28-ին է կայացրել։ Մայիսի 2-ից հետո 2 աճուրդ է եղել, բայց շենքերը չեն վաճառվել։
«Գրադարանը եզակի է փաստաթղթային ֆոնդերի տեսակով, այն ներառում է հանրապետության գիտատեխնիկական գրականության 3 տեսակի հատուկ ֆոնդերը․ արտոնագրային փաստաթղթային ֆոնդը՝ 17,5 միլիոն անուն արտոնագրեր, ամբողջ աշխարհի գյուտերը, ապրանքային նշանների նկարագրությունները, 15,5 միլիոն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը՝ ԳՕՍՏ-եր, ստանդարտներ, արտադրության տեխնիկական պայմաններ ու տեխնոլոգիաներ, շինարարական նորմատիվ կանոններ եւ պայմաններ, արդյունաբերությունը, արտադրությունն ու շինարարությունը կանոնակարգող փաստաթղթեր եւ 1,5 միլիոնի հասնող արդյունաբերական կատալոգների ֆոնդը՝ սարքավորումների տեխնիկական անձնագրեր, գնացուցակներ։ Ընդհանուր 22 միլիոն ֆոնդերի 92 տոկոսը հատուկ մասնագիտացված ֆոնդեր են, մնացյալը գիտական պարբերականներ, գրքեր ու քարտեզներ են»,-բացատրում է Մարգարիտա Մանուկյանը՝ սին համարելով էկոնոմիկայի նախարարության պատճառաբանությունը, թե գրադարանի ֆոնդերն այլեւս պիտանի չեն ու առկա են համացանցում։
«Շատ գրադարաններ աշխարհում եւ Հայաստանում, թվայնացնելով իրենց ֆոնդերը, նպատակ չեն դնում փաստաթղթային կրիչները ոչնչացնել՝ ասելով, թե դրա թվային տարբերակը կա, դա ընդամենը փաստաթղթի հասանելիության մեծացում է նշանակում, բայց ոչ բնօրինակի ոչնչացում։ Երկրորդ․ ոչ բոլոր փաստաթղթերը կան համացանցում։ Այս գրադարանը միշտ ծառայել է Հայաստանի տնտեսությանը, եւ այդ փաստաթղթերը պահպանման ենթակա են, իրենցից ներկայացնում են նաեւ ազգային տեղեկատվական անվտանգության մի մաս»,- ահազանգում է մեր զրուցակիցը։
Հանրապետական գիտատեխնիկական գրադարանը՝ որպես ինքնուրույն միավոր, ստեղծվել է 1963-ին: Եզակի մասնագիտացված կենտրոն հանդիսացող այս գրադարանը տարիներ շարունակ նաեւ որպես տեխնիկական մասնագիտացված փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է ձառայել: Գրադարանը դեռ խորհրդային տարիներից՝ 1983-84 թթ․-ից գործել է Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում գտնվող հայտնի բարձրահարկերի գլխավոր մասնաշենքում, իսկ գրապահոցը՝ արտաքին հինգ, ներսից՝ ութ հարկաբաժիններով, ծառայում է գրադարանի հատուկ ֆոնդերի պահպանմանը, կառուցված է հատուկ նախագծով՝ հաստ բետոնե պատերով ու սյուներով։ 2002թ. կառավարության որոշմամբ գրադարանը վերակազմավորվել է որպես Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն, կորցրել հանրապետական կարգավիճակը, իսկ 2009թ. ստեղծվել է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում էլ գտնվում է մինչ օրս։
Գրադարանի ֆոնդերը յուրահատուկ են, ու դրանց շնորհիվ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 90-ականներին, երբ երկրի տնտեսությունն ավիրված էր, հայրենական արտադրողներն ու նորաստեղծ ձեռնարկությունները կարողացան արտադրական հոսքերը վերականգնել կամ նորերը հիմնել։ Մեր տնտեսության մեջ հայտնի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ջերմուկ Գրուպը», «Գրանդ Քենդին», «Մարիաննան», «Թամարան», «ԱրտՖուդը», «Աթենքը», «Դարոյնքը», «Նատալի Ֆարմը», «Երեւանի ոսկերչական գործարանը», «Լիկվորը», «Մասիս Տոբակոն», «Երեւանի կոնյակի գործարանը», «Տելեկոմ Արմենիան», «Ռուսալ-Արմենալ»-ը, այս գրադարանի ֆոնդերից են օգտվել։ Գիտատեխնիկական գրադարանը նաեւ արցախյան առաջին պատերազմի տարիներին է իր բազան տրամադրել նորաստեղծ Զինված ուժերին՝ ռազմական բնույթի փաստաթղթային ֆոնդերով։ Հիմա Փաշինյանի կառավարությունն այս ամենը համարում է ժամանակավրեպ՝ հավանաբար, դիտարկելով որպես «նախկին Հայաստանի» մաս։ Ֆոնդի մի փոքր մասը նախատեսված է փոխանցել Ազգային գրադարանին, մի մասը՝ Մտավոր սեփականության գործակալությանը, իսկ մեծ մասը՝ արխիվացնել։
Գրադարանը փակելու քավորը ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Ռուդոլֆ Գեւորգյանն է, ով այժմ այլ պաշտոնի է տեղափոխվել՝ ինչպես մեր զրուցակիցն է ենթադրում, հավանաբար, պատասխանատվությունից խուսափելու համար։ Նրա գործուն ջանքերով 2024թ. բյուջետային հայտից հանվել է «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ» գործառույթը, եւ սահմանվել է նոր գործառույթ՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության էկոհամակարգի ձեւավորում եւ զարգացում», եւ դադարել է ֆինանսավորումը: Գրադարանի լուծարումը դեռ մեկ տարի առաջ է նախապատրաստվել։
Այդ նպատակով «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված մշտադիտարկման արդյունքներով կայացվել է կանխակալ եզրակացություն, թե ֆոնդերն անպիտան են, ուստի գրադարանը բեռ է։ Լուծարման գործընթացը նաեւ ապօրինի է իրականացվում։ ԿԳՄՍՆ-ն ներգրավված չէ՝ այն դեպքում, երբ, համաձայն ՀՀ «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի, գրադարանային գործի ոլորտում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը հենց նա է։
Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները բազմաթիվ նամակներ են ուղղել իշխանություններին՝ վարչապետից մինչեւ նախագահ, արդյունք չկա։ Նամակներն ուղղվել են էկոնոմիկայի նախարարություն, որը հենց գրադարանի փակման նախագծի հեղինակն է։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ