23/12/2024

Երկար ու հիմնավոր ռելաքս՝ «ծանր փոխզիջումներից» առաջ

ԱՄՆ-ին չի հաջողվում Ալիեւին նստեցնել բանակցային սեղանի շուրջ ու հասնել որեւէ փաստաթղթի ստորագրմանը։ Չնայած վեց օր առաջ պետքարտուղար Բլինքենի լավատեսական նոտաներին, Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեին հայտարարեց, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպմանը կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա, ու խաղաղության պայմանագիրը կողմերից «բարդ ընտրություններ եւ ծանր փոխզիջումներ» է պահանջում։

Հրապարակ թերթը գրել է․ Այս ձեւակերպումը, որը հայաստանյան հասարակությունը երկու օր է՝ բուռն քննարկում է, արդեն իսկ հուշում է, որ Ադրբեջանը ոչինչ չի զիջում եւ միայն պայմաններ է թելադրում, որոնց կատարումը ծանր ու բարդ է լինելու Հայաստանի համար։ Եթե այս համատեքստում հիշենք Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունն այն մասին, թե Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային երթուղի պետք է կառուցվի, պարզ կդառնա, թե ինչ «բարդ ընտրությունների եւ ծանր փոխզիջումների» մասին է խոսում Պետդեպի խոսնակը։ Ըստ ամենայնի, խոսքը Սյունիքում Հայաստանի իշխանություններից ակնկալվող զիջման մասին է՝ միջանցքի տեսքով, որը թուրք-ադրբեջանական տանդեմն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Դա է սերնդից սերունդ տրվող այն «հնարավորությունը», որի մասին խոսում էր Օ’Բրայենը։ Այն օդի ու ջրի պես հարկավոր է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակների համար։ Միջանցքը նաեւ Թուրքիայի պահանջն է ու ռազմավարական նպատակը։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ալիեւի նոր նախապայմանը Փաշինյանը փաստացի ընդունել է ու մտադիր է այն կատարել 2026 թվականին։ Այնպես որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցի շուրջ են ընթանալու առաջիկա զարգացումները։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հավանական է համարում, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարները հենց այդ հարցը քննարկած լինեն։ Ասում է՝ Մեթյու Միլլերի հայտարարությունից տարակուսած է, էլ ի՞նչ պետք է Հայաստանը զիջի, երբ Փաշինյանի ձեռամբ զիջել է հնարավորն ու անհնարինը։

«Այս իշխանությունը զիջել է Արցախի Հանրապետությունը, Արցախի տարածքը, արցախցիների վերադարձի իրավունքը, այլեւս չեն պահանջում Արցախի ղեկավարների եւ մեր մյուս գերիների վերադարձը, չեն պահանջում ադրբեջանցիների դուրս գալը Ջերմուկից եւ մյուս օկուպացված տարածքներից»,- թվարկում է Խաչատրյանն ու վստահեցնում՝ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման, հակառակը` ամեն անգամ հայկական կողմի նոր զիջումներին ի պատասխան, նոր պահանջներ է դնում՝ Սահմանադրությունը փոխելուց մինչեւ Խոջալուի՝ մտացածին ցեղասպանության ճանաչում։

«Կարծում եմ՝ Վաշինգտոնում, երբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, Ադրբեջանը դարձյալ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Երեկ, թե երեկ չէ, առաջին օրը Թուրքիան եւս այդ մասին խոսել է։ Հայաստանից ակնկալված զիջումը միջանցք է, թե ինչ է զիջելու Ադրբեջանը՝ չգիտեմ։ Միգուցե ասի, որ էլ հրապարակավ Հայաստանի իշխանություններին չեմ ծաղրի»,- «Հրապարակ»-ին ասում է ընդդիմադիր պատգամավորը՝ իրատեսական համարելով արդեն սեպտեմբերին այդ պահանջի հետ կապված հնարավոր զարգացումները։

Իսկ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, «բարդ ընտրությունների եւ ծանր փոխզիջումների» նախաշեմին թայմաութ է վերցրել ու որոշել է ռելաքս լինել։ Ալեն Սիմոնյանը, ով իշխանության քարոզչական ասեղն ամենաակտիվն է թելում, Մհեր Գրիգորյանը, ում ստորագրությամբ է իշխանությունը սահմանազատման անվան տակ հայկական հողերը նվիրում թշնամուն, եւ Նիկոլ Փաշինյանը միանգամից որոշել են հանգստանալ։ Ամենաերկարը՝ Փաշինյանը։ Նա արձակուրդում կլինի հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 12-ը։ Երկար, շատ երկար արձակուրդ է մաղթում նրանց Արթուր Խաչատրյանը։ «Թող գնան եւ չվերադառնան։ Առանց իրենց Հայաստանի Հանրապետությունը կստանա շանս՝ շտկելու մեջքը։ Թող գնան, իրենց «վաստակած հանգիստը» վայելեն, հերի՛ք եղավ»,- ասում է նա։

Ի՞նչ կզիջի Ադրբեջանը, ԱՄՆ-ն կպարտադրի՞ Ադրբեջանին, Հայաստանից ակնկալվող հերթական զիջման դիմաց, օրինակ, Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալ։ Ընդդիմադիր պատգամավորը թերահավատ է։ «Օկուպացված տարածքներից դուրս գալու կոչեր հնչել են դեռ 2021 թվականից, երբ Ադրբեջանն առաջին տարածքներն օկուպացրեց Սեւ լճի եւ Շորժայի հատվածում, 2022-ին էին այդ կոչերը հնչում` Ջերմուկի մասին, 2023-ին՝ Արցախի շրջափակումը վերացնելու մասին, նույնիսկ սեպտեմբերի 15-ին պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմն էր ասել՝ չենք հանդուրժի Արցախում էթնիկ զտումը։ Կոչեր շատ են եղել, բայց պարտադրանք չի լինի։ Թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիներն ասել են, որ որեւէ պարտադրանքի գործիք չեն կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ ունի եւ հմտորեն է օգտագործում նրանց հակամարտությունը։

Խաչատրյանը պատահական չի համարում Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանն ասում է՝ 30 տարի մեզ տանջում էինք, հիմա վրեժ ենք լուծում։ Ըստ Խաչատրյանի, Նիկոլ Փաշինյանն այսկերպ հայ հասարակությանն ուղերձ է հղում՝ պատրաստ եղեք թուրք-ադրբեջանական զինված ներկայությանը։ Ադրբեջանի ախորժակը թերեւս Իրանի համար է կարմիր գիծ, բայց ի՞նչ քայլեր կանի այդ երկիրը, դժվար է ասել։ «Իրանն է հստակ հայտարարել, որ սահմանն իր համար կարմիր գիծ է, թե ինչ քայլերի կդիմի, դժվար է ասել, բայց արցախցիների վերադարձի իրավունքի մասին Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը ՀՀ իշխանությունների հասցեին անթաքույց քննադատություն էր, որոնք չեն խոսում այդ մասին։ Նաեւ ԱԳ նախարարի գրքի հրապարակումը, որտեղ էլի քննադատություն կա Փաշինյանի հասցեին, հստակ ցույց են տալիս, որ Իրանը քննադատաբար է տրամադրված այս իշխանութան վարած քաղաքականությանը, բայց կկարողանա՞ Իրանը ճնշում գործադրել եւ հասնել ինչ-որ բանի, դժվար է ասել»,- եզրափակում է պատգամավորը։