Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հայտարարեց, որ 214 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում` Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի հատվածում Քաջարանի թունել կառուցելու համար։ Ի դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի սահմանագիծը:
Նոր վարկային ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման եւ գոյություն ունեցող Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան սահմանի շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ:
Նախագծի վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել Քաջարանի համայնքապետարանում։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը «Հրապարակ»-ին ասաց, որ թունելը Սիսիանով դուրս է գալու Աստղաբերդ համայնք, կպնելու է Լեռնաձոր համայնքին, ապա թունելով մտնելու է Մեղրի։ Հայաստան-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32 կմ-ի հատվածում այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում։ Թունելը, ըստ էության, Հյուսիս-հարավ ճանապարհի մի մասն է լինելու:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ Քաջարանի թունելի կառուցումն էականորեն կբարելավի բեռնափոխադրումների վիճակը, կհեշտացնի Հայաստանի հարավի երթեւեկությունը։ «Քաջարանի սարը բարձրանալու կարիք չի լինի։ Ձմռանը երթեւեկությունը շատ դժվար է այս հատվածում, թունելի կառուցումը հեշտացնելու է երթեւեկությունը, անվտանգ է դարձնելու։ Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ ճանապարհների կառուցման փոխարեն պետք է ժամանակին այդ թունելը կառուցեին, ոչ թե Երեւան-Արարատը քանդեին, ասֆալտը փոխարինեին բետոնով։ Այդ ճանապարհները դարձրել են մոլեր, ամենուր միայն առեւտրի կետեր են, Երեւանում չկա մի մոլ, որն այդքան մեծ տեսականի ունենա, որքան այդ ճանապարհների մոլերը։ Սա խնդիր է` պետք է մտածել այս մասին։ Այնքան օբյեկտ են սարքում այդ ճանապարհների վրա, որ ասես առեւտրի կենտրոնի միջով ես անցնում»,- նկատեց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ թունելի կառուցումը եկամտաբեր է լինելու նաեւ Հայաստանի տնտեսության համար։ Ասում է՝ օրինակ, Հյուսիսային Կովկասի թունելը, որ հիմա վրացիները կառուցում են, մեծ եկամուտներ է բերելու այդ երկրին, հեշտացնելու է դեպի Լարս երթեւեկությունը։ «Ընդամենը մի թունելի հաշվին Լարսն այլեւս չի փակվելու։ Մեզ այս թունելները պետք են՝ հարավային սահմանները պահելու համար։ Մեծ նշանակություն ունեն նաեւ տնտեսության զարգացման առումով։ Ագարակում հսկայական կոմբինատ ունենք, բեռները պիտի հանգիստ փոխադրվեն։ Այսօր էլ են գալիս, բայց շատ թանկ ու դժվարությամբ։ Հայաստանն ուզում են տարանցիկ երկիր դարձնել, երկու հարեւան ունենք նորմալ՝ Վրաստան, Իրան, իրենց համար գոնե դարձնենք»,- ասաց նա։
Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի ճանապարհներն այսօր մրցունակ չեն։ «Իրանից դեպի Վրաստան, Սեւ ծով գնում են Ադրբեջանով, շատ ավելի երկար ճանապարհ է, բայց հեշտ է, Հայաստան չեն ուզում մտնել, որովհետեւ ճանապարհ չկա, բարձրանալու են սարերը՝ իջնեն ձորերը։ Վաղուց էր պետք այդ թունելները կառուցել, միանշանակ՝ ողջունելի է»,- նկատեց նա։
Այս նախագիծը հաստատվել է կառավարության հուլիսի 25-ի նիստում` հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը, ներկայացնելով Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքները, ասել է, որ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է եւ, հավանաբար, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտվի։ Հաջորդը 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, եւ եւս մեկ կտոր՝ Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ, որը կավարտվի այս տարեվերջին։
«Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երեւանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ: Այս տարի այդ ճանապարհի վրա եւս որոշ հատվածներ մենք կբացենք երթեւեկության համար, բայց` միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարվա ամռանը»,- ասել է Սանոսյանը։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ