03/12/2024

Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ովքեր խնդիր են ստեղծում, հետո նրանց համար ինդուլգենցիա չպետք է լինի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվեց Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ծրագիրն իրականացվում է 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար. «Պետք է ոչ մի րոպե, վայրկյան չհապաղենք։ Լինելու են մարդիկ, որ պնդելու են, թե իրենց բնակարանը այդպիսի շենքում միլիոններ արժե․ հոգեբանություն է։ Մարդիկ, որոնք այսօր խնդիր են ստեղծում, հետո նրանց համար ինդուլգենցիա չպետք է լինի։ Եթե չեն հասկանում, որ ֆինանսապես էլ են շահում ու հետո նորակառույցում փաստացի բնակարան ունենում, հետագայում նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»:

Ըստ քաղաքապետի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է այս ծրագրի իրականացմանը. «Եկեք հենվենք այդ մարդկանց վրա, որովհետև առաջին հերթին իրենց խնդիրն ենք լուծում, իրենք են մեր առաջնային շահառուները»։

Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։

«Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության՝ կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնեց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է. «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»։