Bloomberg-ի աղբյուրներն ասել են, որ նախագահ Փեզեշքիանին չի հաջողվել համոզել Բրյուսելին, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ չի մատակարարել:
Հայտնի է, որ նա Նյու Յորքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: Երևում է, բանակցությունները բարդ են եղել:
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի դիտարկումներով՝ վերջին մի քանի շաբաթներին իրավիճակը սրվել է Իրանի հարավ-արևելյան՝ Սիստան-Բելուջիստան նահանգում, որտեղ էթնիկ բելուջներն ավելի կազմակերպված և արդյունավետ գործողություններ են իրականացնում:
Տեղաշրջանը սահմանակից է Պակիստանին, որտեղ բելուջները ձգտում են անկախության: Գարնանն այդ հողի վրա Պակիստանի և Իրանի միջև լարվածություն էր առաջացել, կողմերը նույնիսկ թիրախային հարվածներ փոխանակեցին:
Իրանի համար լրջագույն խնդիր են ներկայացնում մոտ քսան միլիոն էթնիկ ազերիները, որ մշտապես բողոքում են «խտրականությունից» և պահանջում ազգային լեզվով կրթության և մամուլի ազատություն:
Քաղաքական դիտորդների համար անակնկալ էր, երբ Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու առթիվ Թավրիզում և իրանական Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում համերաշխության ցույցեր եղան: Արևմտյան աղբյուրներից մեկն ասել է, որ Իրանի ադրբեջանցիների այդ կեցվածքը պետք է լրջորեն մտահոգի Իսրայելին, որի հատուկ ծառայությունները տարիներ շարունակ Թավրիզում աշխատում են սերմանել անջատողական շարժումներ:
Իրանի նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքիանի ընտրությունը շատ մեկնաբաններ պայմանավորում են նրա էթնիկ ծագմամբ: Իրանական վերնախավը, ըստ այդմ, փորձում է ապահովել ներազգային համերաշխություն: «Իրանը բոլոր իրանցիների հայրենիքն է»,– նախագահի պաշտոնն ստանձնելիս ասել է Փեզեշքիանը:
Էթնիկ անջատողականության զսպան առումով, գուցե, Փեզեշքիանը լինի միավորող կերպար, բայց միջազգային դիտորդներն արձանագրում են, որ իրանական հանրությունն այլևս քիչ է հավատում իսլամական հեղափոխության տարածաշրջանային հաղթանակին, մարդկանց ավելի շատ հետաքրքրում է պարենային ապրանքների գնաճը, գործազրկությունը, քաղաքացիական և քաղաքական ազատությունների սահմանափակումները:
Իրանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում հանրությունը պատասխանատու է ճանաչում գործադիր իշխանության ղեկավարին՝ նախագահին, բայց վերջինս իր ծրագրերն իրականացնելու բավարար լիազորություններ չունի:
Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը հայտարարել է, որ չի աջակցում Իրանի միջուկային և նավթային օբյեկտներին հարվածելու իսրայելական ծրագրին: Հնարավոր է՝ Վաշինգտոնի այդ որոշումը Նաթանյահուի համար զգուշացում է, բայց, ինչպես ռուսաստանցի փորձագետ Սմագինն է կարծում, ոչ ոք օրակարգից չի հանել Իրանը ներսից պայթեցնելու գործողությունների շարքը, որ ունի թե՛ էթնիկ անջատողականության, թե՛ սոցիալական բողոքի հրահրման, թե՛ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և այլ բաղադրիչներ:
Հոկտեմբերի 2-ին ՌԴ վարչապետ Միշուստինն այցելել է Թեհրան: Ըստ տեղեկությունների՝ նրան «հաջողվել է համաձայնեցնել համապարփակ համագործակցության պայմանագրի վիճելի դրույթները: Ռուսաստանն ի՞նչ աջակցություն կցուցաբերի Իրանին՝ դիմակայելու ներքին մարտահրավերները:
Չինաստանը, վերջապես, ձեռնամուխ կլինի՞ պայմանավորված ներդրումների իրականացմանը: Եվրամիության պատժամիջոցներն առայժմ Իրանի տնտեսության նավթագազային հատվածին չեն վերաբերում: Մեկնաբաններից ոմանք կարծում են, որ արտաքին հարձակման սպառնալիքն Իրանի իշխանությունները ծառայեցնում են ներքին կոնսոլիդացիային: Բայց դեռ ինչքա՞ն է հնարավոր այդ կերպ զսպել ներքին «փլուզումը»:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը. Լուսանկար
Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է
ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով