22/11/2024

Ադրբեջանում գտնվելու ընթացքում Դուրովն այցելել է Լեռնային Ղարաբաղ. ինչ է պատմել Ալիևի նախկին փեսան

«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը Ադրբեջանում գտնվելու ժամանակաընթացքում այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա, երգիչ Էմին Աղալարովը Քսենիա Սոբչակին «Осторожно: Собчак» ծրագրի շրջանակում տված հարցազրույցում։

«Գիտեմ, որ նա եղել է շրջաններում։ Եղել է Ղարաբաղում։ Այսինքն՝ նա շրջել է ամենուր, տեսել է ամբողջ երկիրը։ Եվ մի քանի օր մնացել է See Breeze-ում»,- ասել է Աղալարովը:

Արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունե՞լ է Պավել Դուրովին՝ Քսենիա Սոբչակի հարցին, Աղալարովն ասել է՝ հավաստի տեղեկություն չունի այդ մասին։

Դիտարկմանը, որ Դուրովի այցը Բաքու կապվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի հետ, Աղալարովն ասել է, որ իր կարծիքով՝ դա պատահականություն էր։

Աղալարովը պատմել է, որ Դուրովը See Breeze-ում մի քանի օր է մնացել:

«Ճաշել է ռեստորաններում, ընթրել, հանգիստ ժամանակ անցկացրել, ինչպես ինքն է սիրում, գլխարկով: Ես See Breeze-ի սեփականատերն եմ, և երբ, օրինակ, Դուրովի նման հայտնի ու հաջողակ, աշխարհահռչակ մարդ է գալիս, հանդիպում, հարցնում են տպավորությունների մասին: Շատ ջերմ հանդիպում ենք ունեցել: Նա շատ խելացի է, շատ դաստիարակված, գրագետ։ Այնտեղ մենք կարճ զրուցեցինք։ Բացարձակապես ընդհանուր թեմաների մասին: Ես նրան ասացի, որ See Breeze-ը միշտ իր տրամադրության տակ է»,- պատմել է Աղալարովը։

«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին, որը ձերբակալվել էր օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, մեղադրանք է առաջադրվել։

Նա ենթարկվել է դատական հսկողության, և վերջինիս արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Դուրովը վճարել է 5 միլիոն եվրո գրավ և շաբաթը երկու անգամ ներկայանում է ոստիկանություն։