03/07/2025

Պուտինի աջակցությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում՝ Իվանիշվիլիին

Ռուսաստանի նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավելի է պարզեցրել Վրաստանի քաղաքացիների Ռուսաստան առանց վիազային մուտքի հնարավորությունն ու կեցության պայմանները:

Ակնհայտ է, որ Պուտինի այդ քայլը Վրաստանի կառավարող ուժին ուղղված այսպես ասած նախընտրական շարժ է, որը նաև թերևս պատասխան է Վրացական երազանքի քաղաքականությանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթելու պարագայում «Վրացական երազանքը» առաջնահերթ քայլերի շարքում է դիտարկելու Ռուսաստանի հետ հարաբերության լիարժեք կարգավորումը: Այս դիրքորոշմանը զուգահեռ, լարվում է Վրաստանի ու ԱՄՆ, Վրաստանի ու Եվրամիության հարաբերությունը: Վաշինգտոնն ու Բրյուսելը Վրաստանին մեղադրում են ժողովրդավարությունից ու եվրոպական ուղղուց շեղվելու համար, թեև Թբիլիսին պաշտոնապես շարունակում է հայտարարել Եվրամիության ու ՆԱՏՕ-ին անդամակցության կուրսի մասին, որն ունի նաև սահմանադրական ամրագրում:

Դիմակայությունը Վրաստանի հարցում մեծանում է, խաղադրույքները՝ բարձրանում ու ընդլայնվում: Եվ այդ ֆոնին առանցքային է դառնում, թե Վրաստանի խորհրդարանի ընտրությանն ո՞ւմ օգտին կծառայի այն ռեսուրսը, որ տնօրինում են հարևան երկրում Ադրբեջանն ու Թուրքիան:

Թեև շրջանակը թերևս չի կարող սահմանափակվել դրանով, քանի որ Վրաստանի հարցը էական նշանակություն ունի նաև թվում է, թե որոշակի հեռավորության վրա գտնվող Իրանի և շատ հեռու թվացող Չինաստանի համար: Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանում տեղի է ունենալու Իրանի և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը:

Առաջինն այն իմաստով, որ Պուտինն ու նորընտիր նապագահ Փեզեշկիանը դեռ չեն ունեցել վիզուալ շփում: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ նրանց հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ:

Պետք չէ բացառել, որ նրանց հանդիպման կարևոր թեմաներից կլինի և Վրաստանը: Վրաստանում աշխարհաքաղաքական ռեժիմն Իրանի համար էական նշանակություն է ունենալու Սև ծով մուտքի առումով: Միևնույն ժամանակ, եթե վրաց-ռուսական հարաբերությունը ընթանա կարգավորման տրամաբանությամբ և այդ ռեժիմում լինի կայունություն, ապա Իրանի համար դա կարող է լինել Ռուսաստանի հետ հաղորդակցության ցամաքային այլընտրանք Ադրբեջանին:

Թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար դա կարևոր հարց է, քանի որ այդ իմաստով կնվազեցնի կախվածությունն Ադրբեջանի ցամաքային ճանապարհից:

Այդ հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանն ու Ռուսաստանը Վրաստանում թերևս կգործեն միասնական «ճակատով», իսկ ահա Ադրբեջանը թերևս շահագրգռված կլինի, որպեսզի Վրաստանում ավելի մեծ լինի արևմտյան ազդեցությունը, քանի որ այդ կերպ ավելի մեծ է լինելու Ռուսաստանի ու Իրանի կախվածությունն իրենից: Բայց Պուտինը Ալիևի հետ վերջին շփումներում թերևս փորձել է լուծել նաև Բաքվի դիրքորոշման հարցը:

Ստացվե՞լ է, թե՞ ոչ, ասելը հնարավոր չէ: Մյուս կողմից, այդ հարցում նաև էական է լինելու Չինաստանի վարքագիծը, որը վրացական Անակլիայում կառուցում է մեծ ու խորը նավահանգիստ, այդ երկիրը դիտարկելով թերևս իր համար Միջին միջանցքի հիմնական ուղի: Պեկինը սակայն այդ հարցում ավելի շուտ կպայմանավորվի Ռուսաստանի՞, թե Արևմուտքի հետ:

Դա որոշակի նշանակություն կունենա նաև Ադրբեջանի պահվածքի հարցում, որը հուլիսի սկզբին Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության հռչակագիր: