23/10/2024

Ազատություն՝ նշանակում է կարողանալ կատարել ընտրություն

«Հեղափոխությունը մեզ ազատություն է բերել»; «Ով դեմ է ազատությանը՝ ստրուկ է»; «Մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին՝ անազատության ժամանակներ»; «Նիկոլը մեզ ազատություն է պարգեւել». նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախակի լսել իշխանական եւ մերձիշխանական շրջանակներից ու նրանց ծառայող «ֆեյքերից»:

«Հեղափոխականներն» ունեն իրենց ուրույն տոնը՝ Քաղաքացու օր, որը նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը։ «Քաղաքացի» հասկացությունը, ՔՊ-ի ընկալմամբ, «Ազատություն» հասկացության ածանցյալն է կամ նրա երկվորյակը: Տոնի խորհուրդն այն է, որ քաղաքացին, իր նման այլ քաղաքացիների հետ միասին, ինքն է ազատ կամքով որոշում սեփական ճակատագիրը, ընտրում իր իշխանությունը։

Իսկ ի՞նչ է ազատությունն առհասարակ։ Այդ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակի, կրոնական պատկերացումների, քաղաքակրթությունների, միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։ Ազատությանը որոշակի առումով կարելի է տալ հետեւյալ սահմանումը. Ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն որոշումներ է կայացնում՝ իր կամքով ու սեփական դրդապատճառներից ելնելով։

Բուդդիստներն, ընդհանրապես, համարում են, որ այս նյութական աշխարհում մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է օդի ու սննդի պահանջմունքից, այսինքն՝ արտաքին միջավայրից: Ազատության միակ տարբերակն է՝ սեփական կամքով «դուրս գալ» այս նյութական աշխարհից՝ ձերբազատվելով ցանկացած նյութական ու հոգեբանական «կապանքներից», ասել է թե՝ գիտակցությունն ազատել արտաքին որեւէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների, ազատությունն Աստծո կամքը կատարելն է. եթե կատարում եք Տիրոջ կամքը, ուրեմն ազատ եք, եթե ոչ, ապա, ըստ սահմանման, չեք կարող ազատ լինել։

Սրանք ընդունենք որպես այլընտրանքային կարծիքներ: Իսկ այժմ տեսնենք, թե այս առնչությամբ ինչ է մեզ ասում աշխարհիկ տեսությունը. բոլո՞րն են արդյոք պատրաստ ազատությանը։ Բերենք այսպիսի մի համեմատություն: Պատկերացրեք՝ տեւական ժամանակ սով տանելուց հետո մարդուն մեծ քանակի ուտելիք են տալիս: Հետեւանքը պարզ է՝ մարդը կմահանա, որովհետեւ սննդին պետք է աստիճանաբար սովորել, փոքր չափաբաժիններով, մինչեւ որ օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ քանակությանը։

Ազատությանը եւս պետք է ընտելանալ քայլ առ քայլ։ Այն շատ ժողովուրդներ ու անհատներ է կործանել՝ դրան անպատրաստ լինելու պատճառով: Ազատություն՝ նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք է հետեւել որոշակի սկզբունքների, ունենալ ձեւավորված աշխարհայացք, գեղագիտական ու մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, փորձ, ավանդույթներ, մտածելու ունակություն, թեկուզ «թրեյնինգի» մակարդակով, եւ ամենակարեւորը՝ անձնական պատասխանատվություն։

Թքող, աղտոտող, քրֆող զանգվածն արդյո՞ք պատրաստ է ազատության։ Արդյո՞ք ունակ է լսել կարծիքներ, կատարել հետեւություններ եւ ընտրել։ Ազատությունն ինքնին դեռ բարիք չէ, ընդամենը հնարավորություն է: Եթե դրան պատրաստ չես, այն կարող է չարիք դառնալ՝ վերածվելով ամենաթողության խրախճանքի։