Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիեւն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել է ուսումնասիրել եւ աշխարհին ներկայացնել «Արեւմտյան Ադրբեջանը»։
Մասնավորապես նա հայտարարել էր, որ «Արեւմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։
Ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիեւի հանձնարարությունը կատարելու եւ հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարեւոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։
Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, սխեման աշխատում է հետեւյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որեւէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, եւ նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։
Նման օրինակներից է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության եւ ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը՝ ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։
Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ եւ անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին եւ, հետեւաբար, ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է։
Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է եւ նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի։ «Հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։
Եվ երրորդ «փաստարկը»․ 11-րդ դարում Պահլավունիների օրոք կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից է»։
Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարտական եւ վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների եւ պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով:
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում, Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին եւ եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարեւոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը:
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները