27/12/2024

Եվրոպան կդառնա «կեր» աշխարհաքաղաքական պայքարի այլ մասնակիցների համար

Եվրոպան պետք է «բուսակերից» վերածվի ամենակերի՝ «գիշատչի», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ելույթ է ունեցել Եվրամիության ղեկավարների հանդիպմանը, որի քննարկման առանցքային հարցը եղել է Եվրոպայի անելիքը ԱՄՆ նախագահի պաշտոնին Դոնալդ Թրամփի վերադարձից հետո:

Ֆրանսիայի նախագահը բավականին ուշագրավ է ձևակերպել խնդիրը՝ հայտարարելով, որ ամենակեր չդառնալու դեպքում Եվրոպան ինքը կդառնա «կեր» աշխարհաքաղաքական պայքարի այլ մասնակիցների համար: Ամբողջ հարցն այն է սակայն, թե արդյո՞ք Մակրոնի մոտեցումները վայելում են ԵՄ անդամների այսպես ասած ներդաշնակ հավանություն:

Այն, որ նրանցից ոչ մեկն էլ չի ուզում դառնալ կեր, կասկածից վեր է: Նաև կասկածից վեր է, որ նրանցից յուրաքանչյուրը դա պատկերացնում է հիանալի՝ առանց Ֆրանսիայի նախագահի հուշելու: Սակայն գլխավորը սկսում է այնտեղ, թե ինչն է այդ հարցում նրանց միջև ավելի շատ՝ ընդհանուր մոտեցումներն ու շահե՞րը, թե՞ տարակարծությունները, տարբեր մոտեցումները, հաշվարկներն ու ռազմավարությունները: Սա իսկապես բարդ խնդիր է, որը լրջագույն քննություն է Եվրոպայի համար: Եվրոպական միասնական տան գաղափարը, որ, ըստ էության, ունեցել է դարերի պատմություն, հաջողվել է իրագործել 20-րդ դարի երկրորդ կեսին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմը, սակայն, այդ գաղափարը ենթարկում է լրջագույն քննության:

Ասել կուզի, լինելով հետհամաշխարհային պատերազմյան կառույց, Եվրամիությունը պետք է պատասխանի հարցին, թե ունա՞կ է, ի վիճակի՞ է որպես կառույց դիմակայել, մասնակցել, և ըստ էության կուլ չգնալ երրորդ համաշխարհային պատերազմում: Այս հարցը առնչվում է նաև Հայաստանին, որովհետև պատասխանները՝ որ կգտնեն, կամ չեն գտնի Եվրոպայում, հիմնավորապես ազդելու են թե կովկասյան ռեգիոնի վրա ընդհանրապես, թե առանձին կովկասյան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա մասնավորապես:

Եվ առավել ևս Հայաստանի վրա, որովհետև Հայաստանն այդ իմաստով փորձում է անվտանգության հարցեր քննարկել Եվրամիության հետ՝ ակնկալելով, որ դրանք առնվազն կլինեն Հայաստանի ընդհանուր անվտանգության ճարտարապետության որոշ կարևոր դետալներից:

Սակայն այստեղ ստեղծվել է իրավիճակ, որ անվտանգության ճարտարապետության հարցը սուր ու արդիական է հենց Եվրոպայի համար: Եվ այստեղ մի կողմից կա Հայաստանի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև որոշակի աշխատանքային առաջադրանք՝ Եվրոպայի համար այդ հարցերում լինել ոչ թե դիտորդ, սպառման ենթակա հարմար պահի և «ապրանքի» ակնկալիքով, այլ լինել մասնակից, թեկուզ փոքր և համեստ, սակայն առնվազն երկկողմ գործընկերության ձևաչափերում հետաքրքրություն ներկայացնող տրամաբանությամբ: