22/11/2024

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել

«Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ի գյուղնշանակության հողատարածքից դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանվել: Նույնը կատարվել էր նաև 2023թ. սկզբին, երբ դեռևս չունեին ավազի արդյունահանման թույլտվություն: Այս ընկերության 56,6 %-ի սեփականատերը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը, գրել է «Հետքը»։

Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ. սեպտեմբերի 9-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ համայնքի Արգավանդ բնակավայրում «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ: Խախտել է հողի պահպանության կանոնները, որի հիման վրա նույն տարվա սեպտեմբերի 17-ին հարուցվել է վարչական վարույթ։

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով: Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար:

Համայնքապետարանը լսումներին հրավիրել է նաև ընկերության տնօրենին: Սակայն, նամակները չեն ստացել և հետ է եկել: Հրապարակային ծանուցման (www.azdarar.am) կայքի միջոցով ապահովելով ծանուցումը՝ լսումներն անցկացվել է առանց ընկերության ներկայացուցիչների:

Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:

«Հետքը» գրել էր, որ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայր Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը:

Մակուցին պատկանող «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, ավազի արդյունահանման թույլտվություն ստացել է 2023թ. ամռանը, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին Մեծամորի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, և այն կարճվել, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:

«Իկս Ֆարմինգ» ընկերությունը Մեծամոր համայնքի ղեկավարի՝ 300 հազ. դրամ տուգանք նշանակելու որոշումը կարող է բողոքարկել Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Վարչական դատարան:

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել