21/11/2024

Հայրս ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, ՀԿԵ-ն պատասխանատվություն է կրում վնասի համար․ քաղաքացի. Լուսանկար

Թագուհի Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 14-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքի և «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով հայրս՝ «Nissan»-ի վարորդ Վաչագան Մելքոնյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Սա մեր գյուղում գնացքի մասնակցությամբ տեղի ունեցած առաջին պատահարը չէ։ Նման իրավիճակներում, որպես կանոն, ՀԿԵ-ն շտապում է կատարվածի մեղավորությունն անմիջապես բարդել վարորդների վրա, սակայն, սա այդ դեպքը չէ։

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, երկու կողմից ծածկված է ծառերով և տեսանելիություն գրեթե չկա։

Եվ քանի որ գծանցումն ուղեփակոցով չէ, լուսացույց չկա, վարորդներին այլ բան չի մնում, քան կանգնել և սպասել գնացքի ազդանշանին։

Ինչպես նշում է հայրս և տարածքում ապրող բնակիչները, որոնց ի դեպ՝ մինչ այս պահը քննիչը չի հարցաքննել, գնացքավարը նախազգուշացնող կամ ազդարարող նշան չի տվել, իսկ գնացքի սուլոցը ՉԼՍԵԼԸ ԱՆՀՆԱՐ է։

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային կանոնների համաձայն՝ երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:

Այս դեպքում, ինչպես արդեն նշեցի՝ ոչ լուսացույց է եղել, ո՛չ ուղեփակոց, ո՛չ էլ ազդանշան։

Համաձայն ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ հրամանի՝ ազդարարող ազդանշան (գնացքաքարշի մեկ երկար սուլոց) տրվում է այն դեպքում, երբ գնացքը մոտենում է կայարաններին, գծային կետին, ուղևորային կանգառներին, արագության նվազեցում պահանջող փոխադրելի ազդանշաններին, «C» ազդանշանային նշաններին, փոսերին, ուղու կոր տեղամասերին, գծանցներին և այլն։

Նշեմ, որ տարածքում առկա է «C» ազդանշանային նշանը, ինչի պարագայում գնացքավարը պարտավոր էր միացնել ազդանշանը։

Այսքանից հետո պարզվում է դեպքի կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ըստ Քննչական կոմիտեի՝ վնասվածք ստացած անձ չկա։ Փաստորեն գլխի վնասվածքները՝ այդ թվում գանգուղեղային տրավման, պոլիտրավման, թոքի սալջարդը և մյուս վնասվաքծները Կոտայքի մարզի քննիչների համար չեն համարվում վնասվածքներ, կամ էլ մարզային քննիչները ՀԿԵ-ի ուղղորդմամբ հավանաբար հույս ունեն անաղմուկ գործը փակել։

Ուսումնասիրելով դեպքի հանգամանքները, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ․

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում մարդու առողջությանը հասցված վնասի համար։

Առայժմ այսքանը։

Հ․ Գ․ Հայրիկիս առաջին օգնություն են ցուցաբերել գյուղացիները, իսկ գնացքավարն ու մեքենավար-հրահանգիչը գնացքից չեն իջել անգամ այն պահին, երբ հորս պատգարակով գնացքի վագոնի տակով մեծ դժվարությամբ տեղափոխել են շտապօգնության մեքենա»,- գրել է Թագուհի Մելքոնյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 14-ին բեռնատար գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Քաղսի գյուղի 1-ին թաղամասում՝ երկաթուղային գծանցումի մոտ, բախվել էին Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Վաչագան Մելքոնյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար գնացքը:

Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կնետրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը Քաղսի գյուղի դպրոցի տնօրենն է:

Հայրս ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, ՀԿԵ-ն պատասխանատվություն է կրում վնասի համար․ քաղաքացի