21/11/2024

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ Ալիևի հանդիպմանը հայամետ Փալոունին «ներկա գտնվել թույլ չեն տվել»

«Թուրան» գործակալության աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 18-ի երեկոյան ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը «փաստացի ճողոպրել է Ադրբեջանից»: Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ, որին Փալոունին «ներկա գտնվել թույլ չեն տվել»:

Նույն օրն իշխանամետ մի քանի ՀԿ-ներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պարկ բուլվար» հյուրանոցի նախասրահում, որտեղ իջևանել էր ամերիկացի կոնգրեսական Փալոունը: Նրանից «հայամետ գործունեության, Ադրբեջանի կառավարությանը և նրա ժողովրդին անարգելու համար հաշվետվություն են պահանջել»: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները Փալոունի համար «ջերմ ընդունելություն» են կազմակերպել օդանավակայանում՝ հրահանգավորված լրագրողների միջոցով:

ԱՄՆ կոնգրեսականի «բարձր մակարդակով ընդունելության» փաստն արտառոց չէ. ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել ցինիզմով, երբ հարցը շոշափում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Իշխանությունները միշտ կիրառել են «ադրբեջանական ժողովրդի արժանապատվության» գործոնը: Իսկ թե ի՞նչ սպասելիքներով է կոնգրեսական Փալոունը Բաքու ուղևորվել կամ ԱՄՆ պատկան մարմիններն ինչո՞ւ նրան այցից հրաժարվելու խորհուրդ չեն տվել, պարզ կլինի ամերիկյան կողմի համար շատ ցավոտ իրողության մասին Վաշինգտոնի վերաբերմունքից:

Աչքի է զարնում ավելի ուշագրավ հանգամանք. Ադրբեջանի կառավարությունը հենց Կլիմայի հարցերով խորհրդաժողովի օրերին է հրապարակայնացրել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ՝ եկող տարի Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության բնագավառի ծախսերը կկազմեն ավելի քան 8 միլիարդ մանաթ:

Ընդ որում՝ շուրջ երկու միլիարդ մանաթ պետական բյուջեն կստանա պետական նավթային հիմնադրամից, իրականում՝ Ալիևների ընտանեկան միջոցներից: Ծախսերի կառուցվածքն այսպիսի է. զինված ուժերի պահպանումը կարժենա 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթ, ազգային անվտանգության ապահովման ծախսերը կկազմեն 467 միլիոն 917 հազար մանաթ, սահմանապահ ծառայությանը հատկացվում է 540 միլիոն 314 հազար մանաթ, իսկ մոտ հինգ միլիարդ, ավելի կոնկրետ՝ 4 միլիարդ 717,4 միլիոն մանաթ նախատեսվում է հատկացնել պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառում գործունեության այլ տեսակների ֆինանսավորմանը:

Դատելով ռազմական և անվտանգային ծախսերի դասակարգումից՝ ընդհանուր հատկացումների կեսից ավելին հատկացվում է նոր սպառազինությունների և ռազմամթերքի ձեռքբերմանը: Ֆինանսական այդ միջոցները, որ մանաթ-դոլար ներկայիս փոխարժեքով շուրջ երեք միլիարդ դոլար է կազմում, COP29-ի հյուրերի համար պետք է որ շատ տպավորիչ լինեն: Ալիևն այդպիսով ակնարկում է, որ Հարավային Կովկասի առաջատարության հավակնությունները հիմնավորում են Ադրբեջանի ոչ միայն բնական պաշարներով, լոգիստիկ-կոմունիկացիոն հնարավորություններով, այլև ուժային բաղադրիչով: Պատական չէ, որ հենց խորհրդաժողովի օրերին է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը բանակցությունների մեկնել Չինաստան: Ըստ տեղեկությունների՝ Բաքուն մտադիր է Պեկինից չորրորդ սերնդի կործանիչներ գնել: Ի՞նչ դերակատարություն է ծրագրվում Ադրբեջանի համար: