27/12/2024

Ռուսաստանի սպառնալիքը տարաձայնությունների հաղթահարման խթան կդառնա՞

Ուկրաինայի դեմ «Օրեշնիկ» հրթիռ կիրառելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտգործնախարար Լավրովին շտապ գործուղել է Մինսկ: Առիթը, հավանաբար, Բելառուսի նախագահի հայտարարությունն է, որ ուկրաինական կարգավորման համաձայնությունը պետք է կայանա Մինսկում: Լուկաշենկոն արտահայտվել է բավական թափանցիկ:

«Դա (ռուս-ուկրաինական ռազմաճակատի գիծը) մեր ցանկապատն է, մեր անվտանգության հարցը: Երեք սլավոն ժողովուրդները կարող են ինքնուրույն պայմանավորվել, մեզ ոչ մի միջնորդ պետք չէ»,– ասել է Բելառուսի նախագահը:

Մինսկում հրավիրվել է Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարությունների կոլեգիայի համատեղ նիստ, որից հետո Լավրովն ասել է, որ երկու երկրները պետք է Արևմուտքին դիվանագիտական համատեղ պատասխան մշակեն:

Ակնհայտ է, որ Մոսկվան հակազդում է ուկրաինական կարգավորման դերակատար լինելու՝ Բելառուսի նախագահի նկրտումներին: Հստակ դիտարկվում է, որ Վլադիմիր Պուտինը ոչ մի երաշխիք չունի, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններին ներգրավվելու դեպքում կպաշտպանի ուկրաինական «կարգավորման» իր մոտեցումները:

Ուկրաինայի շուրջ իրավիճակի վտանգավոր սրացմանն ավելի առարկայական անդրադարձել է Ղազախստանի նախագահ Տոկաևը: Նա երկրի վարչապետին, ուժային կառույցներին, գործադիր իշխանության մարզային և քաղաքային կառույցներին հանձնարարել է հսկողություն սահմանել ռազմական օբյեկտների, կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ:

Իրավիճակն այնքան տագնապալի է, որ ձեռնարկվելիք քայլերի մասին Տոկաևը ծանուցել է խորհրդարանին: Ըստ էության՝ դա նշանակում է, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն:

ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ երկու երկների՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահի նյարդային արձագանքն ինչո՞վ է պայմանավորված: Գտնվելով ռազմական և տնտեսական նույն կառույցում՝ Մինսկը և Աստանան ֆորմալ առումով Ռուսաստանի դաշնակիցներն են, բայց գործնականում ստացվում է, որ հետխորհրդային տարածքի երկրներից հենց Բելառուսը և Ղազախստանն են հրապարակային անհանգստություն դրսևորում:

Մինսկում Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքում հասկացել են, որ Ուկրաինայից մնալու է մի մաս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը փաստացի բացահայտել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը հետապնդում է այդ երկրից հնարավորինս ավելի շատ տարածքներ բռնակցելու նպատակ:

Իսկ կա՞ երաշխիք, որ Կիևին «ծնկի բերելուց հետո» Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին «բարեկամաբար չի խնդրի» բելառուսական մարզերից մեկ-երկուսը նույնպես «դենացիֆիկացիայի ենթարկել» և հանձնել Մոսկվայի տնօրինությանը:

«Օրեշնիկ» հրթիռն Ուկրաինայի դեմ արձակվել է Աստրախանից: Հրթիռարձակման տեղանքի ընտրությունը որևէ խորհրդապաշտություն ունի՞: Թվում է՝ այո: Աստրախանի մարզը սահմանակից է Հյուսիսային Կովկասին ևՂազախստանին, փաստացի Եվրոպան բաժանում է Ասիայից:

Նորագույն հրթիռի փորձակումից մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԽ նախկին քարտուղար, ԱԴԾ նախկին տնօրեն Պատրուշևը հենց Աստրախանում է ռազմածովային ուժերի արդիականցման հարցերով խորհրդակցություն անցկացրել և հայտարարել, որ միայն Ռուսաստանի ներկայությունն է խոչընդոտում Կասպից ավազանում արևմտյան երկրների ռազմական ներկայությանը:

Այդ «կշտամբանքի» հասցեատերը կամ հասցեատերերից մեկը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանն է, որ վերջին մեկ տարում դիվանագիտական լուրջ քայլեր է ձեռնարկել Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման, նոր նախագծումների մասնակից դառնալու ուղղությամբ:

Այդ ընթացքում ռուսական մամուլի, քաղաքագիտական շրջանակների վերաբերմունքն Աստանայի հանդեպ կտրուկ փոխվել է: Որոշ շրջանակներ չեն թաքցնում, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը կարող է բարձրացնել Ղազախստանի հյուսիսային մարզերի խնդիրը:

Հետխորհրդային այլ երկրներում ինչպե՞ս են ընկալել Պուտինի «օրեշնիկյան» ազդակը՝ հրապարակային տիրույթում դրսևորումներ դեռևս չկան: Անկասկած է, սակայն, որ բոլոր մայրաքաղաքներում էլ իրավիճակը բազմակողմանի վերլուծության առարկա է: Ռուսաստանի սպառնալիքը տարաձայնությունների հաղթահարման խթան կդառնա՞, թե Մոսկվային կհաջողի «օղակապել» հետխորհրդային տարածքը: