23/12/2024

Մարիա Կալաս՝ Օպերայի Աստվածաշունչն ու հույն դժբախտությունը․ Լուսանկարներ, Նամականի

Ազգությամբ հույն նյույորքցի ամուսինները նախատեսել էին, որ իրենց երկրորդ երեխան պետք է անպայման տղա լինի, բայց ծնվեց Մարիան: Հայրը աղջկան գրկելուց հետո հասկացավ, որ սիրում է նրան անկախ սեռից, իսկ մայրը մի քանի օր չէր մոտենում նորածնի բարուրին:

Մարիան, որ, հակառակ անսահման ցանկությանը, հետագայում այդպես էլ մայր չդարձավ, զարմանում էր, որ կինը կարող է լինել իր մոր նման: «Երեք տարեկանից ես այն էի լսում, որ քույրս բարալիկ է, գեղեցիկ, իսկ ես անճոռնի բադ եմ, գեր, անշնորհք… Դաժան բան է, երբ երեխային ստիպում են զգալ տգեղ և անցանկալի: Ես երբեք չեմ ների մորս իմ մանկությունը փչացնելու համար… Հինգ տարեկանում, երբ ես պետք է խաղայի, երգում էի, որ փող աշխատեի, նա էր ստիպում երգել, ես ատո~ւմ էի այդ երգելը…»:

Խաղալու փոխարեն այստեղ-այնտեղ երգելն իր արդյունքը տվեց. առեղծվածային ձայնով Մարիա Կալասին արդեն տասնհինգ տարեկանում գիտեր ողջ Հունաստանը, ուր ընտանիքը տեղափոխվել էր Նյու Յորքից: Բայց իր ձայնալարերից օգուտ քաղելու մոր ցանկությունը աղջիկը երկար չբավարարեց: Աշխարհահռչակ դառնալու ճանապարհին գնեց նրա համար թանկարժեք մուշտակ ու հրաժեշտ տվեց ընդմիշտ…

Հանրահայտ սոպրանո Մարիա Կալասի երկրորդ կոնֆլիկտը իր ու սեփական ձայնի միջև էր. «Ես ատում էի իմ ձայնի երանգը, երբ առաջին անգամ լսեցի երգերիցս մեկի ձայնագրությունը, ուզում էի ամեն ինչին վերջ դնել և թողնել երգելը»: Բայց քանի որ ձայնից հնարավոր չէ ազատվել, ինչպես մայրիկից, և բացի այդ ինքը երգել շատ էր սիրում, փորձեց հասցնել այն գերազանց մշակվածության: Կալասի երաժշտական կրթության հիմքերը Աթենքի ազգային կոնսերվատորիայում են դրվել, որտեղ նրան հիշում են որպես «չաղլիկ, կարճատեսության մեծ ակնոց կրող, ինքնամփոփ աղջնակի, որը ձայն չուներ…»:

Մայրը երաժշտության ուսուցչուհու’ Էլվիրա դը Հիդալգոյի հետ պայմանավորվել էր, որ աղջկա հետ կպարապի համեստ վարձավճարով և օրական կարճ ժամանակով: Բայց իր դասն ավարտելուց հետո Մարիան չէր գնում տուն, նստում ու ունկնդրում էր Էլվիրայի բոլոր աշակերտներին և կոնսերվատորիայի շենքից դուրս էր գալիս ամենավերջինը: «Երբ մի օր հարցրի’ ինչու է այդպես անում,- հիշում է Էլվիրան,- պատասխանեց, որ ամենաանտաղանդ ընկերոջից կարելի է սովորել մի բան, որ դու’ ամենատաղանդավորդ, չես կարողանում անել»:
Մարիան ձայնալարերը մարզում էր այնպես, ինչպես կսկսեր նոր լարային գործիք նվագել, և նրա’ սկզբում չգնահատված ձայնը իտալացի մաեստրո Կարլո Մարիա Ջուիլինին հետագայում այսպես նկարագրեց. «Այդպիսի հնչողություն ունեն որոշ լարային գործիքներ, օրինակ’ ջութակը, ալտը, թավջութակը. այս գործիքներից առաջին զգացողությունը երբեմն տարօրինակ է: Բայց մի քանի րոպե հետո, երբ սովորում ես դրանց, երբ ընկերանում ես ձայնի այդ տեսակի հետ, հնչողությունն ունենում է կախարդական որակ: Սա Կալլասն է»:

Երգչուհու կարիերան սկսվեց Հունաստանի ազգային օպերային թատրոնում երկրորդական դերերից և թշնամական մթնոլորտում: Հաստատված սոպրանոները իրենց հնչեղ ձայնով ծիծաղում էին, երբ երգում էր Մարիան, մատով ցույց էին տալիս նրան ու քչփչում: Բայց ինչպես գուշակել էր Կարլո Ջուիլինին, Մարիայի ձայնը կախարդում է ոչ անմիջապես: Որոշ ժամանակ անց, երբ Կալասը մասնակցում էր Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայի փորձերին, այն ծիծաղող սոպրանոներից մեկը’ Ռեմունդուն, շրջվում է դեպի գործընկերն ու հարցնում. «Հնարավո՞ր է, որ այստեղ ինչ-որ աստվածային բան կա, բայց մենք դա չենք գիտակցում»: Մի քիչ էլ ժամանակ անցավ և Մարիա Կալասն արդեն ելույթ էր ունենում Իտալիայի նշանավոր օպերաներում և ամենակարևորը’ համաշխարհային օպերային կենտրոններից մեկում’ Միլանի «Լա Սկալա» թատրոնում…

Երրորդ բախումը իր և մարմնի միջև էր: Իտալական օպերայի հայտնի դիրիժոր Թուլիո Սերաֆինը, ով Կալասի ամենամտերիմ գործընկերն էր Իտալիայուն, մի անգամ’ օպերային ներկայացման փորձերից մեկի ընդմիջման ժամանակ, ակնարկեց, որ Մարիան չափից շատ է ուտում և կարող է գիրությունը իր համար խնդիր դարձնել: Կալասը վիրավորվեց. «Ես բոլորովին էլ գեր չեմ»: Սերաֆինը և «Լա Սկալայի» հայտնի տենոր Տիտո Գոբբին համոզելու համար խնդրեցին Մարիային ստուգել իր քաշը’ կանգնելով ռեստորանի կշեռքի վրա: Արդյունքը սարսափելի էր… Բայց նիհարելու վճռական որոշում Կալլասը կայացրեց ավելի ուշ’ երեսուն տարեկանում, երբ «Մեդեա» օպերայի նախնական փորձերի ժամանակ զգաց, որ իր գիրությունն ուղղակի անտանելի է. «Ես գեղեցիկ և երիտասարդ կնոջ’ Մեդեայի կերպարում էի, բայց այնքա~ն ծանր էի և անհարմար շարժվելու համար. ոչ միայն գեր էի, այլև բարձրահասակ’174 սմ, և սովորաբար կշռում էի 200 ֆունտից ոչ պակաս: Ես արդեն սովորել էի ամեն հարցում լինել երաժշտական և որոշեցի’ ինչու չհետևել սննդակարգին և չհայտնվել մի կերպարանքում, որում ներկայանալի ես…»:

Մեկ տարում կարողացավ անցյալում թողնել 35 կգ ավելորդ քաշը և զարմացած թողեց Օպերայի հայտնի իմպրեսարիո Ռուդոլֆ Բինգին, ով Կալասին համարում էր «առասպելական գիրության տեր կին». «Նա ապշեցուցի~չ է, զարմանալի: Նիհարելուց հետո նրա վրա չկային այն բոլոր նշանները, որ սովորաբար ունենում են քաշը կորցրած գեր կանայք: Այնպիսի տեսք ուներ կարծես միշտ ունեցել այդ հմայիչ ու նուրբ կառուցվածքը, մանավանդ երբ քայլում էր այդ արտակարգ վայելչությամբ»:

Լրատվամիջոցները տարբեր առասպելներ հորինեցին Կալլասի նիհարելու եղանակի մասին, իսկ երգչուհու պատասխանը մեկն էր. «Ես պարզապես օգտագործում էի խելամիտ կալորիականությամբ սնունդ’ հիմնականում աղցաններ և հավ»:

Ջիովանի Մենեգինին էլ այդպես չէր տեսել կնոջը:

Մարիան իրենից 27 տարով մեծ միլիոնատիրոջ հետ ամուսնացել էր 26 տարեկանում, երբ դեռ նոր էր ոտքը դրել Իտալիա: Նա գիտեր, որ ամուսնուն այնքան էլ չէր զարմացնելու իր շլացուցիչ տեսքով: Գիտեր, որ Մենեգինինին իրենից առաջ օպերային արվեստին է սիրահարված և նրան համարձակորեն պատմել էր նաև որոշ մանրամասներ իր պատանեկությունից, օրինակ՝ այն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքը հաճախ էր մոր ճնշմամբ «գործ ունեցել տարբեր տղամարդկանց, հատկապես’ իտալացի ու գերմանացի զինվորների հետ»’ ընտանիքի անդամներին ուտելիք հասցնելու համար: Ջիովանիի համար այդ ամենը այնքան ծիծաղելի էր, ամեն ինչ կտար միայն թե ականջի տակ անընդհատ լսվեր Կալասի ձայնը… Միլիոնատիրոջ ինքնամոռաց նվիրումը, սակայն, Մարիան չկարողացավ փոխադարձել: Բացի երգելուց նրա համար ոչինչ չարեց, նույնիսկ երեխաներ չպարգևեց: Իսկ երբ Վենետիկում մի պարահանդեսի ժամանակ առաջին անգամ տեսավ միլիարդատեր, նավերի առևտրով զբաղվող Արիստոտել Օնասիսին, հասկացավ, որ նրան էր սպասում…

Նոր սկսված սիրավեպը առիթ տվեց լրատվամիջոցներին Կալասին անվանել շահամոլ, որ միլիոնատիրոջը լքում է միլիարդատիրոջ պատճառով, իսկ Օնասիսին’ փառամոլ, որ կարողացավ գնել ժամանակի ամենահայտնի կնոջը:

Կալասը հանուն Օնասիսի թողեց ոչ միայն ամուսնուն, այլև բեմը’ վայելելու վերջապես գտած իսկական սերը «և վարելու իսկական կնոջ կյանք»: «Ես սիրում էի նրան, որովհետև նա միակ տղամարդն էր, ում կողքին ես ինձ թույլ էի զգում, նա այնքան լի էր կյանքով, որ ես բոլորովին ուրիշ կին էի դառնում»:

Օնասիսը հանուն Կալասի լքեց կնոջը, բայց այդպես էլ նրան ամուսնության առաջարկ չարեց ու կարճ ժամանակ անց ամուսնացավ Ժակլին Քենեդիի’ ԱՄՆ-ի նախագահ Քենեդու այրիի հետ’ կարծես հաստատելով լրատվամիջոցներում իր մասին արտահայտված կարծիքը:

Միլիարդատերը նույնիսկ չթողեց, որ իր ու Կալլասի հարաբերություններից որևէ հետք մնա ու ստիպեց սիրուհուն հրաժարվել հղիությունից: «Ես ատում եմ քեզ. եթե նա ծնվեր, դու չէիր գնա Ժակլինի մոտ, եթե նույնիսկ գնայիր էլ, մենք կմնայինք երկուսով,- գրում է Կալլասը Օնասիսին ուղղված նամակներից մեկում,- ոչ ոք բացի քեզնից չէր հասկանում’ ինչքա~ն անհնար է միայնությունը բարձունքում… Ես միշտ մտածում եմ’ ինչու է ամեն ինչն ինձ այդքան դժվարությամբ տրվում ինձ: Իմ գեղեցկությունը: Իմ ձայնը: Իմ կարճատև երջանկությունը…»:

1969թ. իտալացի կինոռեժիսոր Պիեր Պաոլո Պազոլինին Կալասին առաջարկեց խաղալ գլխավոր հերոսուհու դերը իր «Մեդեա» ֆիլմում: Դա այն ժամանակ էր, երբ Կալասը Օնասիսից լքված էր այնպես, ինչպես Մեդեան՝ Յասոնից… և օպերային երգչուհու’ ֆիլմում նկարահանվելու առաջին փորձը գերազանց արդյունք ցույց տվեց: Ռեժիսորը զարմացած էր հերոսուհու իր ընտրությունից. «Ահա մի կին, ինչ-որ առումով ամենաժամանակակիցը բոլոր կանանցից, բայց նրանում ապրում է նաև այն հին կինը’ տարօրինակ, առեղծվածային, մոգական, ներքին սարսափելի կոնֆլիկտներով»…

Վերջին չհաղթահարված կոնֆլիկտը թևաթափ արեց հինգ տարեկանից ամեն ինչ հաղթահարելու սովոր կնոջը: Հրաժարվեց երգելուց. գեղեցիկ մարմինը էլ չէր զգում ձայնի հզոր ելևէջները և սկսեց պատրաստվել մահվանը: «Եթե դու իմանայիր’ ինչքան դժվար է քեզնից հետո երգելը… Բարի քննադատները աշխատում են մխիթարել ինձ, իսկ չարերը գոռում են, որ ձայնս քո անկողնում եմ կորցրել… Թող խոսեն: Ես այնքան երջանիկ էի քեզ հետ: Արի’, Կալասը կարող է չափել իրեն միայն Կալասի չափանիշներով: Ես այսօր շատ լավ եմ հասկանում, որ այդ չափանիշներով ոչինչ եմ»: Մինչև հիմա էլ չի պարզվել, թե ինչու Մարիա Կալասը մահացավ այդքան վաղ’ 53 տարեկանում: Ըստ լրատվամիջոցների’ նրա սիրտը կաթվածահար արեց 69-ամյա Օնասիսի մահվան լուրը…

«Օպերայի Աստվածաշունչը» թաղվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, մի քանի օր հետո գերեզմանը քանդված էր, մահացած Մարիան’ գողացված: Նրան հողին հանձնողները այս դեպքից հետո հիշեցին, թե երգչուհին մահվանից առաջ ինչ էր ուզել. «Իմ աճյունը ցրեք Էգեյան ծովում ‘ Հունաատանի ափերը ողողող ալիքներում»: Այդպես էլ արեցին, երբ դժվարությամբ վերադարձրին անհայտ մարդկանց կողմից գողացված աճյունի մնացորդները…

Ես հրեշտակ չեմ և չեմ էլ ձգտում լինել. այն իմ դերերից չէ: Բայց ես սատանա էլ չեմ: Ես կին եմ և լուրջ արվեստագետ և ցանկանում եմ դատվել որպես այդպիսին:

Ես չեմ կարող անջատել իմ ձայնը, կամ միացնել . այն վեր ու վար անող վերելակ չէ:

Ես պատրաստվում եմ օպերային ներկայացմանն այնպես, ինչպես հարսանիքի:

Ես միշտ հասուն եմ եղել իմ տարիքից և երբեք շատ ուրախ չեմ եղել: Ոչ մի երիտասարդ ընկեր չունեի: Եթե միայն կարողանայի վերադառնալ մանկություն, ինչպե~ս կխաղայի այլ աղջիկների հետ, ինչքան հիմարն էի ես:

Ես չեմ սպանի իմ թշնամիներին, բայց կստիպեմ նրանց ծնկի իջնել: Ես կանեմ, կարող եմ, պետք է անեմ…

Մարիա Կալաս․ նամակ առաջին

Արիստոտել Օնասիսի հետ

«Դու չէիր հավատում, որ ես կարող եմ մեռնել սիրուց։ Ուրեմն իմացի՛ր․ ես մահացել եմ։ Աշխարհը խլացել է։ Ես այլևս չեմ կարող երգել։ Ո՛չ, դու սա չես կարդա։ Ես քեզ կստիպեմ։ Դու ամենուր կլսես իմ կորսված ձայնը․ այն քեզ կհետապնդի նույնիսկ երազում, այն կպարուրի քեզ, կզրկի բանականությունից, և դու կհանձնվես, որովհետև այն ի զորու է նվաճել ցանկացած ամրոց։ Այն կգտնի քեզ տիկնիկ Ժաքլինի (Ժաքլին Քենեդի․- խմբ․) վարդագույն գրկում։ Այն կլուծի իմ վրեժը։ Այս ձայնի առաջ պարտվել են հազարավորները, տասնյակ հազարավորները։ Այն տեղի տվեց քո կոպիտ ականջի առաջ, բայց ռևանշ կվերցնի։ Ո՛չ, դու չես ազատվի։ Դու մինչև վերջին կաթիլը կըմպես վշտից համրացած իմ կոկորդի մեծարանքից, այն ձայնից, որը հրաժարվեց հրապարակորեն կուլ տալ վիրավորանքը՝ անընդունելի համարելով բոլորին ի լուր լքված լինելը։ Այն ամենազոր էր, Արի՛ (Արիստոտել Օնասիս․- խմբ․), և այդ պատճառով հպարտ էր։ Արի՛, այն չդիմացավ քո ապտակի ստորությանը։ Այն հանձնվեց, բայց իմացիր, որ քեզ հանգիստ չի թողնելու։ Այն վրեժ կլուծի ինձ համար, իմ՝ հրապարակայնորեն խայտառակված լինելու համար, իմ այժմյան մենակության համար՝ առանց երեխայի, ում այդքան ուշ նվիրեց Աստված, և ում դո՛ւ, Արի, ինձ ստիպեցիր սպանել․․․ »։

Մարիա Կալաս․ նամակ երկրորդ

Մերիլին Մոնրոյի հետ

«Հիմա ես հարցնում եմ ինքս ինձ․ ինչպե՞ս կարող էի քեզ ավելի թանկ համարել, քան նրան։ Քե՛զ, ով նույնիսկ ցանկություն չուներ հաճախել իմ ներկայացումներին, ով ծիծաղում էր սեփական ձայնագրություններս նորից ու նորից ունկնդրելու իմ կրքի վրա։ Քե՛զ, ով բացարձակապես չէր հետաքրքրվում իմ կյանքով, ով ծուլացավ նույնիսկ լսել իմ դեբյուտային ելույթի ձայնագրությունը Arena di Verona-ից, որտեղ 25 հազար հանդիսատես 3,5 ժամ շարունակ, հիացմունքից խենթացած, ինձ հետ նույն ռիթմով էր շնչում։ Ես հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող էի ենթարկվել քեզ, ինչպես պատահեց, որ ես թույլ տվեցի կառավարել ինձ՝ ներկայացումից առաջ հնազանդորեն հանելով ոսպնյակները, այն ոսպնյակները, առանց որոնց ոչինչ չէի տեսնում, անել դա՝ լոկ քեզ հաճոյանալու համար։ Հիշո՞ւմ ես լուսաբացը զբոսանավում՝ մանուշակագույն առավոտը, երբ դու քո ափից ինձ խմեցնում էիր հունական դառը գինի։ Դու այդ ժամանակ ասացիր, որ ավելի լավ պահ երբևէ չես ապրել։ Աստված իմ, որքան ողորմելի ես դու։ Ես ունեցել եմ ավելի մեծ սեր, քան այն, որը դու ինձ համար բացահայտեցիր։ Այս աշխարհում կար իմ ձայնը, ձայն, որը բոլորն անվանում էին աստվածային, և որը դու լսում էիր՝ ձանձրույթից մաստակ ծամելով․․․»։

Կիկի Մուտսատսոս (Օնասիսի վերջին քարտուղարը)․ հուշեր

«1977թ-ի հունիսին Մարիա Կալասը գտավ իմ հեռախոսահամարը և խնդրեց իր համար ուղևորություն կազմակերպել դեպի Արիստոտել Օնասիսի գերեզման։ Հավանաբար գիտեք, որ Արիստոտել Օնասիսը վախճանվել էր դրանից երկու տարի առաջ՝ չդիմանալով իր միակ որդի Ալեքսանդրոսի ողբերգական կորստին (իմանալով որդու մահվան մասին՝ նա մի գիշերվա ընթացքում դարձավ ալեհեր)։ Ես ուղևորությունը կազմակերպեցի երկու ամսվա ընթացքում, և 1977թ-ի սեպտեմբերի 17-ին ես ու Մարիան ժամանեցինք Սկորպիոս կղզի, որտեղ գտնվում է Օնասիսների տոհմական դամբարանը։ Կալասը կղզի ժամանեց անթափանց սև ակնոցով և ճերմակ վարդերի փունջը ձեռքում։ Երբ մենք մոտեցանք դամբարանին, նա շրջվեց իմ կողմը և արհամարհանքով ասաց․ «Հեռացե՛ք։ Ես ցանկանում եմ միայնակ հրաժեշտ տալ նրան»։ Նա դամբարանում մնաց շուրջ կես ժամ։ Վերադարձի ճանապարհին՝ մինչև օդանավակայան, նա վերստին լուռ էր։ Միայն ինքնաթիռում հանեց ակնոցը, ինձ ուղղեց արցունքով լի աչքերը և ասաց․ «Գիտե՞ք, ես ու Արին այս աշխարհում ոչինչ չունեինք՝ բացի միմյանցից։ Ես նրան ողջ կյանքիս ընթացքում նամակներ եմ գրում։ Մենք միասին ենք եղել ընդամենը երեք տարի, բայց դա կբավականացներ մի ամբողջ կյանքի համար»։ Եվ երկար ընդմիջումից հետո նա ավելացրեց․ «Ոչինչ։ Քիչ ժամանակ է մնացել։ Շուտով մենք կհանդիպենք»։ Նա վախճանվեց մեր ուղևորությունից ճիշտ կես տարի անց»։

Մարիա Կալաս․ նամակ երրորդ 

«Արի՛, աշխարհում չկա ավելի հիասքանչ պահ, քան այն ակնթարթը, երբ ես պիտի սկսեի երգել․ ծնունդ առնող հնչյունի մասին ամբոխի մոխրացնող աղոթքի րոպեները։ Երդվում եմ, դա ավելին է, քան խելակորույս սերն Էգեյան ծովի ալիքներում, որովհետև նրանք, Արի՛, նրանք ինձ ցանկանում էին նաև այն ժամանակ, երբ դու ինձնից հրաժարվեցիր, և եթե դու գեթ ինչ-որ պատկերացում ունենայիր «թատրոն» կոչված մեծագույն երևույթի մասին, դու կհասկանայիր, թե ինչ է նշանակում մեկ երեկոյի ընթացքում խենթացնել 25 հազար հանդիսատեսի։ Նրանք խելքները կորցնում էին իմ «Նորմայից»՝ չհասկանալով, որ ես երգում եմ ինքս իմ մասին։ Ինձ երբեմն թվում էր, թե իմ կյանքը կրկնում է նրա տխուր ճակատագիրը։ Արի՛, ես, ինչպես և նա, չեմ ապրել, այլ ծառայել եմ Մեծագույնին։ Եվ դրա համար զոհաբերել եմ ամեն ինչ։ Ես քեզ ատում եմ, Արի։ Դու ինձ ստիպեցիր սպանել իմ մեջ ծնունդ առնող հույսը։ Եթե նա ծնվեր, դու չէիր հեռանա Ժաքլինի մոտ։ Նույնիսկ եթե հեռանայիր, մենք կմնայինք երկուսով․․․»։

Ֆրանկո Ձեֆիրելլի․ հուշեր

Ֆրանկո Ձեֆիրելլիի հետ

«Ես նրա հետ «Նորման» բեմադրեցի 1964թ-ին Փարիզում, երբ նա փորձում էր վերադառնալ բեմ։ Ներկայացումից հետո քննադատները գրում էին, որ նրա ոսկե ձայնը դարձել է բրոնզե։ Բայց ինձ չէր հետաքրքրում, թե ինչ վիճակում էր նրա ձայնը։ Հետո՞ ինչ, որ այն կտրվում էր բարձր նոտաներում։ Մի՞թե դա կարող էր համեմատվել նրա արտիստիկ ուժի պարգևած այն տպավորության հետ, որն, ըստ իս, ոչ ոք երբևէ չի գործել հանդիսատեսի վրա։ Իմ աչքերի առաջ մինչև հիմա այն տեսարանն է, երբ Նորման բացահայտում է, որ Պոլիոնը դավաճանել է իրեն, և որոշում է սպանել իր որդիներին, որպեսզի վրեժ լուծի նրանից։ Ես որոշեցի տեսարանը բեմադրել աշնանային գույներում․ բեմի անկյուններից մեկում անտառն էր և քարանձավանման մի խորշ՝ բալագույն հյուսվածքից վարագույրով ծածկված։ Այստեղ, մորթե փռվածքների վրա, թաքնված էին նրա երեխաները։ Մարիան՝ եգիպտական մետաքսից կարված մուգ մանուշակագույն զգեստը հագին, ետ է քաշում վարագույրը։ Նրա մարմնի ստվերն ընկնում է քնած երեխաների վրա։ Մարիան քայլ է անում երեխաների ուղղությամբ, հետո ետ է գալիս, նրա ձեռքերն անօգնական տարուբերվում են՝ արտահայտելով անտանելի ցավ, ապա նա նետվում է առաջ՝ ասես վճռականություն ձեռք բերելով սպանության համար, և այդ նույն պահին նրա՝ երեխաների գլխավերևում բարձրացված դաշույնով ձեռքը անուժ ցած է ընկնում։ Մայրական սերը ավելի զորեղ է գտնվում, քան խանդը․ Մարիան արտասվում է և գրկում երեխաներին։ Դա ապշեցուցիչ էր։ Մարիան նախքան փորձերի սկիզբը քիչ էր շփվում երեխաների հետ։ Ասում էր, որ ավելի լավ է նրանց շատ մոտ չթողնել։ Բայց պրեմիերայի ժամանակ նրանց նկատմամբ աննկարագրելիորեն քնքուշ էր։ Աներևակայելիորեն։ Իսկական մոր պես։ Աստված իմ, որքան տխրեցնող է այն, որ նա չուներ երեխաներ․․․»։

Մարիա Կալաս․ նամակ չորրորդ 

«Ես ամբողջ ժամանակ մտածում եմ՝ ինչո՞ւ է ինձ ամեն ինչն այդքան դժվարությամբ տրվել։ Իմ գեղեցկությունը։ Իմ ձայնը։ Իմ կարճատև երջանկությունը․․․ Եթե դու միայն իմանայիր, թե ինձ համար որքան դժվար էր երգին վերադառնալը քեզանից հետո․․․ Բարի քննադատները փորձում են ինձ քաջալերել, չարերը գոռում են, թե ես իմ ձայնը կորցրել եմ քո անկողնում։ Թքա՛ծ։ Թքա՛ծ, Արի, ես այնքան երջանիկ էի քեզ հետ․․․ Արի՛, Կալասն իրեն կարող է չափել միայն Կալասի չափանիշով։ Եվ ես հրաշալի հասկանում եմ, որ այդ չափանիշով չափելիս այսօրվա Կալասը ոչինչ է․․․»։

Մարիա Կալաս․ նամակ հինգերորդ

Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ

«Դու մոռացել ես․ այն բնակարանի պատուհանի տակ, որտեղ դու հիմա գոռում ես իմ անունը, դու ոտքերդ գետնին էիր խփում՝ պահանջելով, որ քեզ հանգիստ թողնեմ։ Դու մոռացել ես․ դու միակ տղամարդն էիր, ում ես խնդրել եմ ինձ հետ ամուսնանալ։ Դու մոռացել ես, թե ինչպես էիր տանջում ինձ, ինչպես էիր ատամներդ կրճտացնելով համաձայնություն տալիս և ինչպես էիր եկեղեցու մոտ, մեքենայում նստած, քմծիծաղով ասում․ «Ի՛նչ է, հասա՞ր ուզածիդ»։ Դու մտածում էիր, թե այդպիսի ստորացումից հետո ես կդառնամ քո կինը։ Դու անկեղծորեն զարմացար, թե ինչու ես դուրս թռա մեքենայից և հեռացա։ Դու մոռացել ես, Արի։ Ես Մարիա Կալասն եմ։ Մի՞թե մտածում էիր, թե կներեմ։ Ես երեք տարի եղել եմ քո սիրուհին։ Դու երեք տարի հրաժարվել ես ամուսնանալ ինձ հետ, իսկ հետո առանց երկար մտածելու պսակադրվել ես նախկին նախագահի հիմարիկ այրու հետ, ով իր կյանքն անցկացնում է բացառապես բարձրաշխարհիկ ընդունելություններում երևացող զգեստները քննարկելով։ Ես գիտեի․ դու ձանձրույթից կմեռնես նրա հետ։ Դու ինձ չլսեցիր, Արի։ Հիմա դու դժբախտ ես։ Ինձ համար ցավալի է։ Բայց ես քեզ թույլ չեմ տա վերադառնալ։

Լուկինո Վիսկոնտիի հետ

Ես կարող էի ընդդիմանալ։ Բոլորին՝ բացի քեզնից։ Ների՛ր, ես չեմ կարող քեզ մխիթարել։ Դու ասում էիր, որ Աստծուն չես հավատում։ Հիմա արդեն ես էլ գրեթե չեմ հավատում։ Պատանեկության տարիներին ես համարում էի, որ իմ աստվածը երաժշտությունն է։ Հետո մտածում էի, թե հավատքն այն է, որ չդավաճանես ինքդ քեզ։ Երաժշտությունը չբավականացրեց, որ պարզապես երջանիկ լինեմ։ Եվ ես քեզ հետ դավաճանեցի ինքս ինձ։ Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին երգեմ։ Որովհետև ես լռել եմ։ Արի՛, իմ տղա՛։ Ես այս տարիների ընթացքում չեմ ունեցել գեթ մեկ մտերիմ մարդ, ում կկարողանայի բողոքել․ ես հետ եմ վարժվել մխիթարելուց։ Ես քեզ կարող եմ մխիթարել լոկ այս նամակներն ուղարկելով։ Քեզ հաճելի կլիներ իմանալ, որ այս տարիների ընթացքում ես ամեն օր հիշել եմ․․․ Բայց ես իմ նամակները չեմ ուղարկի։ Ես դրանք կայրեմ։ Մարիա Կալասը սիրային խոստովանություններ չի ուղարկում այն տղամարդուն, ով իրեն դավաճանել է։ Դե ինչ, Արի։ Համբերի՛ր։ Դիմացիր, ինչպես ես եմ դիմանում։ Ես արդեն գրեթե կես տարի է, ինչ լուռ եմ, և նույնիսկ երգեցողության դասեր չեմ տալիս։ Դիմացիր, իմ սեր։ Միայնությունը նույնպես սահման ունի։ Եվ դրա անունն է Մահ»։

Լեոնարդ Բերնսթայն․ հուշեր

Լեոնարդ Բերնսթայնի հետ

«Ես, Ֆրանկո Ձեֆիրելլին և Մարիան 1964թ-ին բեմադրեցինք «Նորման»։ Նա մեծ խնդիրներ ուներ վերին նոտաների հետ կապված, և ես ասում էի նրան, որ կարող է հեշտությամբ խուսափել քննադատությունից, եթե իր վոկալ դերերգը կատարի մի քանի տոնայնություն ցածր։ Միևնույն է՝ հանդիսատեսի զգալի մասը ոչինչ չի նկատի։ Ես խնդրում էի նրան։ Խնդրում էի լինել ողջամիտ։ Բայց նա հրաժարվեց։ «Ես չեմ կարող,- պատասխանեց նա,- ես պիտի երգեմ ամեն ինչ, եթե նույնիսկ դա հանգեցնելու է իմ կարիերայի վախճանին։ Կալասը պիտի պարտիտուրան երգի այնպես, ինչպես այնտեղ գրված է»։ Ոչ ոք չկարողացավ նրան համոզել։ Արդյունքում՝ ներկայացումներից մեկի ժամանակ նրա ձայնը դավաճանեց նրան և կտրվեց՝ երրորդ օկտավայի «դո»-ն հնչեցնելիս։ Գրանդ օպերայի դահլիճը սարսափից ճչաց։ Նվագախումբը քարացավ։ Մինչև հիմա հիշում եմ երաժիշտների աչքերում արտացոլված սարսափը։ Մարիան, ամբողջովին ճերմակած, կանգնած էր բեմում։ Գրեթե մեկ րոպե նա նայում էր հատակին, հետո պարզեց ձեռքը՝ լռություն խնդրելով, և հպարտորեն բարձրացնելով գլուխը՝ ինձ նշան արեց նորից սկսելու վերաբերյալ։ Նա երկրորդ անգամ երգեց նույն հատվածը։ Այս անգամ ամեն ինչ ստացվեց։ Ես լսում էի, թե դահլիճում ինչպես էին հեծկլտում մարդիկ։ Ինքս դժվարությամբ էի զսպում արցունքներս։ Ինչպիսի՜ ֆանտաստիկ խիզախություն։ Ֆանտաստի՛կ»։