12/12/2024

Ասադը կործանվեց, ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, հիմա բոլորը ողջունում են հակակառավարական ուժերին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ հստակություն չկա, նա մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է:

Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի քաղաքական կոմիտեի անդամ Անաս ալ-Աբդան. «Մինչև հիմա որոշակի լուրեր չկան Ասադի գտնվելու վայրի մասին։ Մենք գիտենք, որ նա թույլտվություն է խնդրել ժամանելու մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, սակայն մերժում է ստացել։ Հավանաբար, նա աֆրիկյան ինչ-որ երկիր է մեկնել։ Սիրիացի ժողովուրդն իր հերթին ցանկանում է, որ նրան սիրիական դատարանը դատի»,- ասել է աղբյուրը։

Ինչպես և սպասվում էր, դեկտեմբերի 7-ի երեկոյան Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը: Reuters-ի տեղեկություններով՝ նրա անձնական ինքնաթիռը Հոմսի շրջակայքում արտառոց մանևրներ է կատարել, այնուհետև ռադարները կորցրել են հետքը»:

Ենթադրվում է, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր մերձմոսկովյան ռազմական օդանավակայանների մեկում: Իսրայելական մամուլը չի բացառում, որ Ասադը կարող էր ավիաաղետի զոհ դառնալ:

Ամեն դեպքում Սիրիայում «Բաաս» կուսակցության և Ասադի դինաստիական իշխանությունը տապալված է: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ապստամբական ուժերը պահանջում են համընդհանուր ընտրություններ:

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին գրեթե զուգահեռ՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ռազմական կաբինետի նիստ է գումարել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իսրայելն ուշի ուշով հետևում է Սիրիայի իրադարձություններին և հետագա քայլեր կձեռնարկի՝ ելնելով անվտանգային նկատառումներից:

Vesty.go.il-ը հայտնում է, որ Գոլանի բարձունքներում իսրայելական աննախադեպ ռազմական ներկայություն է ապահովվել: Արաբական որոշ աղբյուրներ տեղեկացնում են Սիրիայի տարածք իսրայելական զորքեր մտնելու մասին: Ավելի վաղ Իսրայելի օդուժը Դամասկոսի մերձակայքում ոչ կոնվենցիոնալ սպառազինությունների մի քանի պահեստ է ոչնչացրել: Խոսքը, ըստ, տեղեկությունների,քիմիական զենքի մասին է, որին կարող էին տիրանալ ջիհադական ուժերը եւ սպառնալ Իսրայելին:

Նույն օրն Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երուսեղեմը թույլ չի տա, որպեսզի Իրանը Սիրիայի տարածք զորքեր մտցնի: Ժամեր անց Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ասել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել Ասադի ապագան: Ըստ էության՝ դա խոստովանություն էր, որ Թեհրանը Սիրիայի վարչախմբին ոչնչով օգնել չի կարող կամ, թերևս, օգնելու մոտիվացիա այլևս չունի:

Սիրիական «դրաման» ծավալվել է Մերձավոր Արևելքը փոխակերպելու ծրագիր ունենալու մեջ Թուրքիայի և Իսրայելի փոխադարձ մեղադրանքների ֆոնին: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հրապարակային հայտարարություն է արել, որ Իսրայելը տարածքային անեքսիայի նպատակ ունի, Անկարան թույլ չի տա: Թուրքական մամուլն Ասադին մեղադրել է սիոնիստների հետ համաձայնությամբ Սիրիայի տարածքի մեծ մասն Իսրայելին հանձնելու գաղտնի ծրագիր իրականացնելու մեջ:

Վերջին փուլում, երևում է, շահագրգիռ երկրները գործի են դրել քրդական զինված խմբավորումներին, նրանց հաջողվել է Սիրիայի տարածքի մի զգալի մասը վերցնել հսկողության տակ: Թուրքիան քրդերի դեմ «հակաահաբեկչական» պատերազմ է հայտարարել: Դամասկոս մտած «ապստամբական ուժերի» միջուկը թուրքամետ խմբավորումներ են, որ Հալեպի պատմական բերդի վրա եւ գրաված քաղաքներում բարձրացրել են Թուրքիայի դրոշը:

Կհաջողվի՞ Սիրիայում ինկլյուզիվ ժամանակավոր կառավարություն ձևավորել: Ովքե՞ր են մասնակցելու այդ խնդրի շուրջ ոչ հրապարակային բանակցություններին: Թուրքիան Իսրայելին մեղադրում է Գոլանի բարձունքները լիովին անեքսիայի ենթարկելու և այդպիսով դեպի Սիրիայի հյուսիս ահաբեկչական միջանցք բացելու մեջ: Երուսաղեմն սպառնում է, որ իր սահմանների մոտ ջիհադիստական ուժերի ներկայությունը չի հանդուրժի: Բայց, ըստ էության, դա արդեն կատարված փաստ է:

Թուրք-իսրայելական «բանավեճն» ի՞նչ զարգացումներ կունենա: Դոհայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, արձանագրել են Աստանայի պայմանավորվածությունների արդեն «կենսաբանական մահը»: Ի՞նչ ձևաչափ է ստեղծվելու: Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը Հաքան Ֆիդանն ասել է, որ թուրք-իրանական համագործակցությունն «ինստիտուցիոնալացման կարիք ունի»:

Ավելի վաղ Անկարան նույնն ասել է Հարավային Կովկասի 3+3 ձեւաչափի մասին: Սիրիայի փլուզումը, սակայն, բոլորովին նոր իրավիճակ է ստեղծում: Ո՞վ և ինչպե՞ս է կառավարելու Հարավային Կովկասի չափազանց փխրուն ստատուս քվոն: