12/12/2024

Ասադից հետո Ռուսաստան, Իրան, Թուրքիա եռյակի միջև բաժանարար գծերը կարող են խորանալ, ինչ սպասել

Բաքվում ձերբակալվել է MeydanTV առցանց լրատվամիջոցի 6 լրագրող, փաստացի ստեղծագործական ամբողջ անձնակազմը: Հաջորդ օրը նրանք կալանավորվել են: Քննությունն իրականացնում է ոստիկանության Բաքու քաղաքի գլխավոր վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:

Առայժմ հայտնի է, որ կալանավորվածներից մեկին՝ Ռամին Ջեբրայիլզադեին (ստեղծագործական ծածկանունը՝ Դեկո) ներկայացվել է «ապօրինի ճանապարհով խոշոր չափերի արտարժույթ Ադրբեջան տեղափոխելու» մեղադրանք:

Հաջորդ օրը ձերբակալվել է Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին: Նրա դեմ հետապնդումները սկսվել են «Թուրան» գործակալությանը ս.թ. օգոստոսի 21-ին տված հարցազրույցից հետո:

Գասիմլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու երկօրյա պետական այցը գնահատել է «Ադրբեջանի պետական-ազգային շահերին հակասող»: Հայտնի չէ, թե Գասիմլիին ինչ մեղադրանք է առաջադրվել: Մի քանի օր առաջ նա սոցցանցային գրառում է կատարել երկրից իր ելքն արգելելու և «վկայի կարգավիճակով հարցաքննվելու» մասին:

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Թբիլիսիում քաղաքացիական անձինք դաժան ծեծի են ենթարկել «Փիվելի» հեռուստաընկերության լրագրողներին: Այդ առթիվ ընդդիմության անունից հայտարարություն է տարածել «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Թեոնա Ակուբադիան:

Նա «Վրացական երազնքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին «մարդասպանների բրիգադներ» հավաքագրելու և ընդդիմության հետ հաշվեհարդարի հրահանգ տալու մեղադրանք է ներկայացրել:

Քաղաքական առումով դա նշանակում է, որ Վրաստանի օրինական ուժային կառույցներն «այլևս իշխանությանը չեն ենթարկվում», և Իվանիշվիլին գործի է դրել իր «անձնական գվարդիան»: «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրողական խումբը հարձակման է ենթարկվել, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակի էսկալացիան խոր մտահոգություն է պատճառել Վրաց ուղղափառ եկեղեցուն: Պատրիարքարանի տարածած հայտարարությունը վկայում է, որ ՎՈՒԵ-ն տարանաջատվում է իշխանություններից և դատապարտում բռնությունները: Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ռուսաստանի «Չեռնոմորէներգո» դուստր ձեռնարկությունը դեկտեմբերի 7-ին տեղեկացրել է, որ Աբխազիայի էլեկտրամատակարարման հովհարային ռեժիմի է անցնում: Այսուհետև աբխազներն օրվա մեջ վեց ժամ հոսանք չեն ունենա: Որոշումն ընդունվել է, երբ Աբխազիայի խորհրդարանը փաստացի չեղյալ է ճանաչել այսպես կոչված «ներդրումային պայմանագիրը», որ հոկտեմբերին կառավարությունը ստորագրել էր Ռուսաստանի հետ:

Ադրբեջանի երկու ընդդիմադիր՝ Ժողովրդական ճակատ և «Մուսավաթ» կուսակցությունները դատապարտել են վերջին օրերի ձերբակալությունները և իշխանություններին կոչ արել «ազատել բոլոր քաղբանտարկյալներին»: Ադրբեջանական վտարանդիության մի շարք հայտնի ներկայացուցիչներ Ասադի և Ալիեւի դինաստիական իշխանության միջև զուգահեռ են անցկացրել և բազմանշանակ հավաստիացրել, որ «ոչ մի բռնապետություն հավիտենական չէ»:

Դեկտեմբերի 6 –ինէ Ասադի դապալումից մեկ օր առաջ, և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի նշանակումից ուղիղ մեկ տարի հետո, Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակը:

Նրան ուղեկցել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն: Ամերիկյան պատվիարակությանը, սակայն, Բաքվում ընդունել են փոխարտգործնախարարի մակարդակով, թեև մինչ այդ ամերիկյան դեսպանատունն անոնսավորել էր «բարձր մակարդակի քննարկումներ»: Բացառված չէ, որ պետդեպարտամենտի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, բայց այդ մասին կողմերը տեղեկատվություն չեն տարածել:

Այս ֆոնին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն առնվազն ակնառու իրողություն է: Մերձավոր Արևելքի ուրվագծվող կարգավորումներում ԱՄՆ-ը պաշտպանել է Ֆրանսիայի ներգրավվածությունը: Ազգային անվտանգության խորհրդի նիստում Թուրքիան Հաայստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հույս է հայտնել: Ի՞նչ վարք կորդեգրի Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը Թելլ Ավիվում հանդիպում է ունեցել Իսրայելի արտգործնախարարի հետ: Թե ինչ են քննարկել նրանք, մանրամասներ չեն հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ առանցքային թեման լինելու էր Սիրիան և դրա շուրջ իրողությունները:

Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին հրաման է տվել Սիրիայի տարածքում գրավել բուֆերային գոտիները, այն բանից հետո, երբ ընկել է Ասադի ռեժիմն ու փաստացի գոյություն չունի սիրիական կառավարական բանակը: Ըստ Նաթանյահուի, դա դե ֆակտո նշանակում է, որ գոյություն չունի 1974 թվականի համաձայնությունը: Այն, որ Իսրայելը փորձելու է օգտվել իրավիճակից, վեր է կասկածից:

Միևնույն ժամանակ, խնդիրն այստեղ միայն օգտվելը չէ, որովհետև Իսրայելի համար Սիրիայի իրադարձությունները կարող են լինել ճակատագրական, կախված այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Այն, որ Սիրիայում հիմնական էական զարգացումները դեռ նոր են սկսում, թերևս պետք չէ կասկածել:

Հետևաբար, Ասադի անկումը մեղմ ասած հնարավոր չէ Թել Ավիվի համար գնահատել միարժեք: Սա նշանակում է, որ Իսրայելը ևս պետք է փորձի ակտիվորեն ներգրավվել Սիրիայի հարցում հետագա զարգացումների գծագրման, կամ այս կամ այն սցենարի գերակայության համար մղվելիք պայքարում:

Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը այդ պայքարում իր «դաշնակից» դիտարկելու է Ադրբեջանին և ակնկալելու, որ Բաքուն էլ իր հերթին փորձի գործել այն տրամաբանությանը համահունչ, որն օգտակար կլինի Իսրայելին:

Իսկ Իսրայելին թերևս օգտակար կլինի, որ Կովկասում հնարավորինս խնդիրներ առաջանան Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այսինքն լինեն զարգացումներ, որոնք եռյակի միջև կխորացնեն բաժանարար գծերը, այլ ոչ թե փոխադարձ պայմանավորվածությունները:

Առավել ևս, որ Սիրիայի հարցում տակտիկական փոխադարձությունը և համաձայնությունը բավականին նկատելի է: Իսկ Կովկասում Ռուսաստան, Իրան, Թուրքիա եռյակի միջև բաժանարար գծերը կարող են խորանալ միայն ներկայում գոյություն ունեցող, թեկուզ հեղհեղուկ ստատուս-քվոյի խարխլման պայմաններում:

Շատ հավանական է, որ Իսրայելը Բաքվից ունենա այդպիսի ակնկալիք: Եռյակը, որ Սիրիայի հարցում քննարկումների համար արտգործնախարարների մակարդակով դեկտեմբերի 7-ին հավաքվել էր Կատարի մայրաքաղաք Դոհայում, քննարկե՞լ է Բաքվին «գայթակղությունից» հեռու պահելու հարցը: