12/12/2024

Ադրբեջանը սադրանքների կարող է գնալ, բայց մեծ պատերազմ տեղի չի ունենա․ Սաֆրաստյան

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան՝ մինչ այդ ցուցումներ տալով, որ խաղաղ ճանապարհով փոխանցեն իշխանությունը, եւ ինքն ընտանիքի հետ մեկնեց Մոսկվա։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Թուրքիայի ակտիվացման մասին Հրապարակը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

– Սիրիայում տեղի ունեցած պրոցեսները Հայաստանում տարբեր կերպ են ընկալվում, մեկնաբանվում: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիայի ազդեցությունն է մեծանում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա։ Շատերը նշում են նաեւ, որ սա Սիրիայի դեմ Ռուսաստանի հերթական դավադրությունն էր, եւ հերթական անգամ Ռուսաստանը դավաճանեց իր երկարամյա դաշնակցին: Ի վերջո` ի՞նչ տեղի ունեցավ` Ձեր գնահատմամբ: Ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանն ի՞նչ հետեւություններ պետք է անի այդ ամենից:

– Փաստորեն, տեղի ունեցածը Թուրքիայի նախաձեռնությունն էր իրապես, Թուրքիան է այս ամենի հետեւում կանգնած: Թուրքիան խախտեց այն գործընթացները, որոնք ձեռք էին բերվել Աստանայի գործընթացներում: Ռուսաստանի հետ կային երկկողմանի համաձայնություններ: Պետք է արձանագրենք, որ Ասադի բանակը չկռվեց: Չեմ կարծում, թե տեղի ունեցածն անմիջական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: Առանձնապես տարածաշրջանում իրավիճակը, իմ կարծիքով, չի փոխվի:

– Արդյո՞ք Սիրիայի դեպքերը չեն նշանակում, որ վերականգնվում է թուրանական աշխարհը, Մեծ Թուրանի ծրագիրն է իրականացվում, եւ թուրքերը կանգ չեն առնելու` այլ տարածքներ էլ են փորձելու գրավել:

– Թուրքիան նախաձեռնեց եւ իրականացրեց այդ ամենը, բայց մի զարմանալի նկատառում. Թուրքիան՝ ինքն էլ չէր սպասում, որ այդքան արագ իր ուզածին կարող է հասնել: Թուրքիան իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում` Սիրիայի համար: Թուրքիան իրականում աշխարհի հզոր պետություններից չէ, եւ բարդ խնդիր է ստեղծվում: Գուցե այս ամենի տակից չկարողանա ընդհանրապես դուրս գալ` Սիրիան պետք է իր վերահսկողության տակ պահի, բայց արդյո՞ք կարող է: Բավականին բարդ հարց է: Ցանկանում են Սիրիային դարձնել ենթակա պետություն: Բայց ցանկանալը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ:

– Իսկ ինչո՞ւ չպետք է կարողանա կյանքի կոչել իր առջեւ դրված նպատակները:

– Թուրքիայի հնարավորություններն այնքան մեծ չեն, որ կարողանա նման հարցեր լուծել: Բավարար հեղինակություն է պետք նաեւ: Այժմ տարբեր խմբավորումներ են պայքարում Սիրիայում, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Պետք է նրանց՝ բոլորին, Թուրքիան կարողանա պահել վերահսկողության տակ, իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ: Կառավարելի պրոցեսներ են հարկավոր: Թուրքիան մտավ մի բանի մեջ, որը վեր է իր ուժերից ու հնարավորություններից: Սա է հիմնական էությունը, եւ հետո՝ չեմ կարծում, թե Թուրքիան մեր տարածաշրջանում` գոնե մոտակա ժամանակներս ակտիվություն ցուցաբերի, ինչու, որովհետեւ առաջիկայում ավելի կարեւոր հարցերով է զբաղված լինելու: Առանց Թուրքիայի Ադրբեջանը ոչինչ չի կարող անել: Իհարկե, կարող է սադրանքների գնալ, ճնշման փորձեր անել, բայց, մեծ հաշվով, մոտակա ամիսներին չի կարող որեւէ պրոցես տեղի ունենալ:

– Այսինքն` մի՞ֆ է այն տեսակետը, որ Թուրքիան գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել:

– Չէ, իսկապես ներկայացնում է նման հայտ, բայց ինչ-որ բան ուզենալը քիչ է: Թուրքիան իր էությամբ միջին պետություն է: Վերջերս Էրդողանն ասաց, որ ցանկանում են բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը դառնալ, բայց դա ընդամենը ցանկություն է, ամբիցիա եւ ձգտում: Կան օբյեկտիվ ցուցանիշներ:

– Ի՞նչ ցուցանիշներ:

– Օրինակ` Թուրքիայի ՀՆԱ-ն լրիվ այլ բանի մասին է խոսում: Թեպետ Թուրքիայի զինված ուժերը շատ հզոր են, սակայն այնքան ուժեղ չեն, որ կարողանան ինքնուրույն գործողություններ վարել: Թուրքական բանակը գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ` շատ մեծ ազդեցության մասին է խոսքը, եւ հետո՝ Թուրքիայի հեղինակությունն այնքան էլ մեծ չէ աշխարհում: Վերջիվերջո, գերտերություն դառնում են նաեւ հեղինակության շնորհիվ: Թուրքիան նման հեղինակություն չունի, թեպետ ցանկանում է ունենալ: Զուտ Էրդողանի ամբիցիաներն են մեծ, բայց ոչ մի հիմք չկա այդտեղ:

– Ինչո՞ւ եք վստահ, որ Ադրբեջանը չի օգտվի առիթից:

– Առանց Թուրքիայի չի կարող: Եթե Թուրքիայի համաձայնությունն ու աջակցությունը չունենա, չի կարող ոչ մի գործողություն կատարել, զուտ կարող է ճնշումների միջոցով զիջումների հասնել, սադրանքների կարող է գնալ, բայց մեծ պատերազմ տեղի չի ունենա: