Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների պատասխանատուները մի շարք փոխայցելություններ են կատարել: Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Թուլջայ Ալթուգին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ընդ որում՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Բաքու է այցելել պատվիրակության ուղեկցությամբ, որի անդամների ինքնությունը, զբաղեցրած պաշտոնները, սակայն, չեն բացահայտվել:
Առավել քան ինտրիգային է, որ թուրքական պատվիրակությունը նույն կազմով առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիար Էրսայի հետ, որի ընթացքում Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի մոդելի կիրառման շուրջ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիար Էրսայը թուրք բարձրաստիճան զինվորական է, որ Բաքու է գործուղվել քառասունչորսօրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ, ըստ երևույթին՝ Տավուշի եռօրյա մարտական գործողություններից հետո:
Այդ օրերին, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմից սպանվել է գեներալ Հաշիմովը: Թուրքական մամուլում այդ առթիվ կասկած է հայտնվել, որ նա սպանվել է, որովհետև ռազմական կրթություն էր ստացել Թուրքիայում և պաշտպանում էր ադրբեջանական բանակը թուրքական մոդելով վերակառուցելու ծրագիրը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրք գեներալ Էհսայը փաստացի ԳՇ պետի պաշտոնում փոխարինել է ռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդին Սադիկովին, որ էթնիկ լեզգի է և ներկայումս գտնվում է գրեթե տնային կալանքում: Քառասունչորսօրյա պատերազմից հետո գեներալ Էհսայը Թուրքիա չի վերադարձել, նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի, նրա գլխավորած պատվիրակության Էհսանի հետ առանձին հանդիպումը փաստացի նշանակում է, որ Բաքու գործուղված գեներալը ոչ միայն խորհրդական, այլև վերահսկող է, իսկ ադրբեջանական զինված ուժերը թուրքական մոդելի բերելու ծրագիրը դեռեւս ավարտված չէ: Գործնականում ի՞նչ նախագծումներ են արվում կողմերի ռազմական գերատեսչություններում, բնականաբար, պահվում է խիստ գաղտնիության ռեժիմում:
Բայց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման, ադրբեջանական բանակը թուրքականի մոդելին բերելու ծրագրի մասին հրապարակային տեղեկատվությունն, անշուշտ, քաղաքական կարեւորություն ունի: Իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան մոտակա մի քանի շաաբթների կտրվածքով Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական ինքնավարության դեմ կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:
Որոշ փորձագետներ Ասադի վարչախմբի տապալումը Թուրքիայի «պատմական շանս» են անվանում՝ նկատի ունենալով, որ Էրդողանը նախկին Օսմանյան կայսրության տարածքներում ազդեցություն հաստատելու իր վաղեմի ծրագիրը գործադրելու «պատուհան է ստացել»:
Ավելի վաղ Թուրքական պետությունների կազմակերպության երկու գագաթաժողովներում քննարկվել է «Թուրանի բանակ» կազմավորելու հարցը:
Վերջին շրջանում Ադրբեջանը ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել Կենտրոնական Ասիայի երեք թուրքախոս երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ, որ իրենց հերթին ռազմական համագործակցություն ունեն Թուրքիայի հետ:
Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն Հայաստանում առաջին հերթին ընկալվում է Սյունիքի դեմ ագրեսիայի հավանականության կտրվածքով:
Ոչ ոք դա չի կարող բացառել, բայց Թուրքիայի ռազմա-քաղաքական, կոմունիկացիոն և«փափուկ ուժի կիրառման» ծրագրավորումներն ու ձեռնարկած քայլերը ենթադրում են ավելի ընդգրկուն նպատակի սահմանում: Կայնուն տպավորություն կա, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական «ֆենոմենալիզացման» հովանավորը Մեծ Բրիտանիան է: Ալիևը «խանգարո՞ւմ է»: Բաքվում Միացյալ թագավորության դեսպանը վերջերս Ադրբեջանի իշխանության հասցեին երկու կոշտ հայտարարություն է արել:
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է