Մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանն իր քաղաքական օպոնենտներին բնորոշելիս դիպուկ էպիտետներ էր ընտրում, ասենք՝ «իդիոտ», «դատարկ դհոլ», «հաճախորդ», «չարիք»…
Թեև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Սերժ Սարգսյանի օպոնենտը չէ, սակայն եթե տեղյակ է, թե ինչ է ասել իր կրտսեր կուսակիցն ու սանիկը «24նյուզ»-ին տված հարցազրույցում (մասնավորապես սահմանազատման առաջիկա գործընթացի վերաբերյալ), ապա, ենթադրում ենք, պետք է «քավորաբար» մի դիպուկ էպիտետ էլ վերջինիս համար ընտրի։
Մենք այդ հարցում կարող ենք օգնել Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով, օրինակ, «բառադի» էպիտետը (չենք պնդում, գուցե լեզվաշեն «նախագԱ»-ն ավելի զիլ ածական գտնի), որը, կարծում ենք, լիարժեքորեն կվերարտադրի Մամիջանյան քաղաքական գործչի լրջության և կոմպետենտության մակարդակը։ «Բառադի» բառի ստուգաբանությունն, ի դեպ, այսպիսին է՝ անօգուտ, իզուր՝ երբ խոսքը վերաբերում է խոսելուն։ Ինչպես նաև՝ անվճար, ձրի։
Արդ, ի՞նչ է խոսել ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, որը ԱԺ-ում և հասարակության մեջ ներկայացնում է ՀՀԿ-ն և դրա ղեկավարին։ Կամ նույնը՝ հակառակ հաջորդականությամբ։ Լրագրողի հարցին՝ «մոտ օրերս, ինչպես ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է հաղորդել, սպասվում է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահների հանդիպումը, ի՞նչ սպասել, արդյոք այս հարցում գոնե համաձայնության կգա՞ն, քանի որ Տավուշից հետո որևէ առաջխաղացում չեղավ», Մամիջանյանն առանց վայրկայն իսկ շունչ քաշելու, չթողնելով, որ հարցն ավարտվի, արձագանքում է. «Սյունիք, Տավուշի որոշ հատվածներ, Գեղարքունիք, Վայոց ձոր… սահմանամերձ գյուղերի բնակիչներին խորհուրդ կտամ ամեն դեպքում զգույշ լինել, կարող ա հանձնի»։ Ապա, միմոսի կերպարի մեջ մտած, հավելում է. «Դե, բա… ի՞նչ ասեմ, ուրիշ ինչ ակնկալիք պետք է ես ունենամ էդ հանձնաժողովից… Ես ինչ իմանամ՝ որտեղն ա հանձնելու»։
«Իսկ միգուցե չեն հանձնում, փոխզիջում է տեղի ունենում, համաձայնության են գալիս այնպես, որ մեզ համար շահեկան է լինում»՝ լրագրողի դիտարկմանն ԱԺ պատգամավորը, շարունակելով իրեն հարմարավետ զգալ միմոսի կերպարի մեջ, վրա է բերում. «Ինչի՞ վրա հիմնվելով եք նման բան ենթադրում, Փաշինյանը սափրվելուց հետո բան ա՞ ըլնելու, դավաճանական պարադիգմը կորելու ա՞ մոտը։ Իրանց կառավարության ծրագրով էլ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա են անելու, մեկ էլ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելու են Մադրիդյան սկզբունքներով։ ԼՂ-ն իրենք հանձնել են, ասում են, հետո՞ ինչ, որ ասում են»։
«Տավուշից հետո գործընթացը կանգ էր առել, հիմա վերսկսվում է, ի՞նչ համաձայնության կարող է եկած լինեն»՝ մյուս հարցին էլ Սերժ Սարգսյանի սիրասուն սանիկը նույն օպերատիվությամբ արձագանքում է. «Վատագույն (ձախ նայելով-այս ժեստը կրիմինալիստիկայում մեկնաբանվում է այսպես՝ խոսողը ստում է կամ էլ հորինում-խմբ.) քաղաքական դիվիդենդների համար չեմ ասում, փորձառությունն ա դա հուշում։ Մինչև հիմա ինչ արել են, վերջը վատ ա եղել…»։
Խոսելու համար պատասխանատու օրգանի՝ բերանի, մտածելու համար պատասխանատու օրգանի՝ գլխի վրա փարթամ մազածածկույթ չունեցող գործչի մոտ, փաստորեն, արագ տեմպերով զարգանում է մեր ասած «բառադիության» «պարադիգմը»՝ ստիպելով «պացիենտին» մի քանի մարզերի սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում խուճապ, տագնապ, վախ ու անորոշություն գեներացնել։
Ժողովրդի մանդատը կրող սուբյեկտը, փաստորեն, Երևանի տաղավարներից մեկի փափուկ բազկաթոռի մեջ ընկղմված, զբաղված է երկրում «գաղջ մթնոլորտ» (քավորի ականջը կանչի) ստեղծելով, իսկ եթե լուրջ՝ ազգային անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ տարածելով։ Որքան էլ վերոհիշյալ՝ «զգույշ եղեք, կարող ա հանձնի» ոճի հայտարարությունները բացառապես Մամիջանյանի մտքի ու երևակայության արգասիքն են՝ շարադրված ենթադրության, նախկինում տեղի ունեցածի հետ համեմատականների ժանրում, միևնույն է՝ դրանք չեն դադարում վտանգավոր լինել, քանի որ շոշափում են ՀՀ որոշակի հատվածում բնակվող քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։
Ինչն է զազրելին՝ ԱԺ պատգամավորը նման «զգուշացումը» ՀՀ քաղաքացիներին հղում է ոչ թե ակամա, թյուրիմացաբար, այլ՝ նպատակային, հստակ միտումով, նույնիսկ առարկում է լրագրողին, կասկած հայտնում նրա լավատեսությանը սահմանազատման առաջիկա՝ մեզ համար շահեկան զարգացման վերաբերյալ։
Ի դեպ, ասիմետրիկ կամ հիբրիդային պատերազմի այս «զենքերով» աշխատում է թշնամական պրոպագանդան, որի նետած խայծերը ջերմեռանդորեն տարածվում են ՀՀ տեղեկատվական դաշտում։ Ով գիտե, Ալիևին, Զախարովային ցիտել սիրող հայրենի երեսփոխանները որ կենտրոնից են առաջնորդվում՝ սինխրոնացնելով իրենց «կրակահերթերը»։
Հ. Մ.
Բաց մի թողեք
Պուտինը զգուշացվում է, որ զանգվածային հարվածների դեպքում իսլամադավան ինքնավարությունները «կարող են ապստամբել»
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է