25/12/2024

Պատրաստվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը

Կոսովոյի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է այդ երկրի անձնագրերը, այդ թվում՝ համաքաղաքացիական, դիվանագիտական եւ ծառայողական։ 

«Հրապարակի» հարցին ի պատասխան՝ լուրը պաշտոնապես հաստատեցին նաեւ ՀՀ ԱԳՆ-ում: «Նպատակ ունենալով ապահովելու մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Կոսովոն համաձայնություն են ձեռք բերել` փոխադարձաբար նախատեսել միմյանց կողմից տրամադրվող անձնագրերով մուտքի վիզայի համար դիմելու հնարավորություն»,- ասացին մեզ:

ՀՀ արտաքին գերատեսչությունից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է Երեւանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։

«Ինչ վերաբերում է երկկողմ փոխգործակցության բնույթին, ապա, ինչպես տեղյակ եք, ՀՀ եւ Կոսովոյի միջեւ առկա երկխոսությունը պահպանվում է տարբեր հարթակներում, երկկողմ հանդիպումների, քննարկումների միջոցով քայլեր են ձեռնարկվում՝ զբոսաշրջային կապերը եւ մարդկանց միջեւ շփումներն աշխուժացնելու ուղղությամբ, ինչը չի նշանակում ճանաչում:

Նկատենք, որ այս առումով ՀՀ-ն ամենեւին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում եւ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը եւ ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- պատասխանեցին ԱԳՆ-ից: