Ինչպես հայտնի է, օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և հարակից այլ համայնքների բնակիչների հետ և փաստացի համոզելու, որ պետք է կատարել Ադրբեջանի պահանջն ու հանձնել Տավուշի չորս գյուղերը (Բաղանիս Այրում, Աշաղը (Ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի):
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանդիպման ամբողջ նպատակն է եղել վախ ներշնչել, որ չհանձնելու դեպքում «շաբաթվա վերջին» պատերազմ կլինի: Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ բնակավայրերը երբեք Հայաստանի տարածքում չեն եղել: Այս օրերին հաճախ խոսվում է բուն տարածքների հանձնման, այսպես ասած՝ «հող հանձնելու» մասին, սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե իրականում ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի հանձնել այդ տարածքները:
Նախ՝ քարտեզին նույնիսկ թեթևակի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում, որ Ոսկեպար գյուղը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, իսկ Կիրանց և Բաղանիս գյուղերը՝ մասնակի շրջափակման մեջ: Երկրորդ՝ Երևան-Թբիլիսի ռազմավարական ճանապարհը փաստացի կփակվի, թշնամու վերահսկողության տակ կհայտնվի նաև ռազմավարական գազատարը: Թշնամին կմոտենա վերոնշյալ երեք գյուղերին մի քանի տասնյակ մետրի հեռավորության վրա, ինչն այդ համայնքներում կյանքը պարզապես կդարձնի անտանելի, եթե չասենք՝ անհնար: Սրան գումարած՝ մեր լավագույն պաշտպանական բնագծերը կանցնեն թշնամուն՝ դրա ծանր հետևանքներով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի պատրաստակամ հանձնողականության հերթական այս «արարից» զայրացած են ոչ միայն տեղի բնակիչները, ընդհանրապես Հայաստանի հասարակության՝ մտածելու ունակություն ունեցող հատվածը, այլ նաև զինվորականությունը: Բանն այն է, որ նրանք հիանալի հասկանում են, որ կա՛մ պետք է հրաժարվեն կատարել զորքերը հետ քաշելու հրամանը, կա՛մ դառնան հանցակից. բանն այն է, որ իրավաբանները, նաև տարբեր քաղաքական ուժեր հայտարարել են, որ գործ ունենք հանցագործության հետ: Օրինակ՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն օրերս նշել էր, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ և, համաձայն Քրեական օրենսգրքի 421 հոդվածի, ենթակա է խիստ պատժի:
Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը:
Բաց մի թողեք
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել