Նախկին ՄԻՊ, շուրջ երկու տարի «Արտաքին հետախուզական ծառայություն» հնչեղ անվանումն ունեցող կառույցի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը երեկ վերջապես հիշեցրեց իր գոյության մասին՝ հրապարակելով կառույցի երկամյա գործունեության անդրանիկ զեկույցը։
Հրապարակ թերթը գրել է․ 2022 թվականի դեկտեմբերին ձեւավորված Ծառայության մասին մինչ օրս միակ հայտնի փաստն այն էր, որ այն ղեկավարում է սորոսական ծագմամբ Քրիստինե Գրիգորյանը, որին արեւմտյան հետախուզական կառույցներն են այս պաշտոնին նստեցրել: Թե ովքեր են աշխատում Ծառայությունում, բյուջեից ինչ միջոցներ են վատնվում ԱԱԾ-ի գործառույթներ ստանձնած այս կառույցի վրա, գրեթե ոչինչ հայտնի չէ։
Զեկույցի նախաբանում հիշեցնում են կառույցի՝ քաղաքական չեզոք մարմին լինելու մասին, իսկ շարունակությունն այն մասին է, որ սա ՔՊ-ին կից կառույց է: «Մենք զբաղված ենք պետության զարգացման համար անհրաժեշտ քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական բնույթի արտաքին հետախուզական տեղեկության հավաքմամբ ու վերլուծությամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ կենսական շահերին սպառնացող արտաքին վտանգները խափանող գործողություններով»,- հայտարարվում է 15 էջանոց խզբզանքի նախաբանում, որը ծայրից ծայր կեղծիքների շտեմարան է հիշեցնում կամ քաղաքական սկսնած վերլուծաբանի պրիմիտիվ դատողություններ։
Եթե ամփոփ, ապա զեկույցի բնույթը ոչ այնքան Հայաստանին սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, չենք խոսում դրանց կանխարգելման, չեզոքացման մասին, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման եւ վերարտադրման համար քարոզչական հերթական փուչիկը փչելը։
Պատահական չէ, որ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո իշխանական պրոպագանդայի շնորհիվ համացանցի ակտիվ հանրությունը ոգեւորությամբ տարածում էր զեկույցում տեղ գտած կանխատեսումը, թե Քրիստիկն ասում է․ «Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չէ»:
Սա զեկույցում տեղ գտած գնահատական է, որը հերքվում է շարունակության մեջ, թե էսկալացիայի վտանգը չի չեզոքացել, բայց նվազում է, եթե երկրները գնան սահմանազատման ճանապարհով, ինչը եւս այս իշխանության կեղծ թեզերից է: «Պայմանագրահենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում, որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների եւ էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի»։
Ուշագրավ է, որ զեկույցում անդրադարձ չի կատարվել ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության կանոնադրությանը կամ ԵՄ-ին անդամակցելու խնդրին, իսկ ամենաաբսուրդը՝ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի մասին գեթ մեկ բառ չկա, փոխարենը զեկույցը ծայրից ծայր Ռուսաստանի դեմ անուղղակի մեղադրանքներով է լի, սկսած ՀԱՊԿ-ի՝ անարդյունավետ կառույց լինելու մասին գնահատականից, Հայաստանի ներքին կյանքն ապակայունացնելու փորձերից, վերջացրած Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձեր նախաձեռնելու մեղադրանքներով։
«2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված, որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն էլ ավելի ընդգծված եւ ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու եւ հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։ Ներքին ապակայունացման եւ հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ, վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։ Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման եւ օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու եւ տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ»,- գրում է Քրիստինե Գրիգորյանը։
Այսինքն, ըստ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի՝ բողոքի ակցիաների հետեւում արտաքին ուժերն են կանգնած, այսինքն, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, կողմ ենք եղել, որ Հայաստանից տարածքներ հանձնեն Ադրբեջանին, սակայն ինչ-որ ուժեր հատուկ հրահրել ու կազմակերպել են բողոքի ակցիաներ` փորձելով տապալել ՔՊ-ական իշխանություններին։ «Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրեւ թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, դրա ֆինանսավորումը, տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Խոսքը հաջորդիվ օգտագործման նպատակով քաղաքական կուսակցությունների, ակտիվիստական խմբերի, ուսանողության եւ երիտասարդության խմբերի արհեստական քաղաքական ակտիվացման, հանրային դիվանագիտության, կրթական ու ճանաչողական միջոցառումների քողի տակ գաղափարական պատրաստման եւ հավաքագրման մասին է։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է եւ, ի վերջո, արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ եւ «հարմար» իշխանության ձեւավորումը։ 2024 թվականին Հայաստանի պետական շահերի դեմ ուղղված առավել վտանգավոր բնույթի գործողությունները ներառել են արտաքին դերակատարների կողմից Հայաստանում անկայունություն, բռնություն եւ սահմանադրական կարգի տապալում իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիներից ու ԼՂ հայ բնակիչներից զինված խմբերի հավաքագրման, կազմակերպման, հոգեբանական, գաղափարական ու մարտական պատրաստման փորձեր, որոնք գնահատում ենք որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի շահերի դեմ ագրեսիվ գործողություն»,- առանց ամոթի հայտարարում է այս կինը։
Զեկույցում քիչ չեն նաեւ քաղաքական գնահատականները։ Դիցուք. «Ընթացիկ տարին, մեծ հավանականությամբ, տեղեկատվական «նախապատրաստման» շրջան կլինի, որի նպատակը, ի թիվս այլնի, կշարունակի լինել մեր հանրային խոսույթն արհեստականորեն աշխարհաքաղաքական անայլընտրանք կողմնորոշումների ընտրության առաջ դնելը եւ Հայաստանի իրական շահերին չհամապատասխանող օրակարգեր գեներացնելը»։ Հարց է ծագում՝ ի՞նչ իրավունք ունի ապաքաղաքական հռչակված մարմինը նման քաղաքական գնահատական հնչեցնելու։
Կառույցի կանխատեսումներով, Ադրբեջանի հետ Փաշինյանը շարունակելու է երկկողմ շփումների ձեւաչափը՝ առանց միջազգային երաշխավորների եւ մեխանիզմների առկայության։
Բաց մի թողեք
Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր
Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ Լուսանկար
ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանի ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին