05/02/2025

Էրդողանը փորձում է ՀԱՄԱՍ-ը վերցնել իր հսկողության ներքո, ընդունակ է նույնիսկ գերտերությունների հաշվարկները խառնել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան հանձնարարական է տվել արտաքին գործերի նախարար Ֆիդանին և MIT-ի տնօրեն Քալընին, որպեսզի կողմերի հետ քննարկեն Իսրայելի կողմից պատանդների դիմաց ազատ արձակվող 15 պաղեստինցու մշտական ապաստան տալու հարցը:

ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը ենթադրում է, որ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց բանտերից ազատ է արձակվում երեսուն պաղեստինցի, իսկ եթե պատանդը կին է կամ աղջիկ, ապա ազատվում է հիսուն պաղեստինցի: Ըստ տեղեկությունների՝ բանակցություններում ամենադժվար հարցը վերաբերել է Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցիներին:

Իսրայելական մամուլի հրապարակումներից դատելով՝ Նաթանյահուի կառավարությունը հարկադրված է եղել դիմել Գերագույն դատարանին, որպեսզի խնդիրը կարգավորվի, բայց առաջադրել է պայման, որ առանձնակի ծանր հանցագործության համար դատապարտվածները պետք է արտաքսվեն ինչպես Գազայից, այնպես էլ Հորդանանի արեւմտյան ափի տարածքներից՝ առանց երբևէ վերադառնալու իրավունքի:

Հասկանալի է, որ Իսրայելի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցիների որևէ երկրում ապաստան տրամադրելու հարցը չափազանց նուրբ է: Անկախ քաղաքական գործարքից՝ նրանք զինված պայքարի կազմակերպիչներ են: Եվ ոչ մի երկիր չի կարող վստահ լինել, թե նրանց ապաստանելով՝ չի վտանգում իր ներքին կայունությունը:

«Անադոլուն» հայտնում է, որ Թուրքիայի նախագահը հանձնարարել է տասնհինգ պաղեստինցիների ընդունման հարցը քննարկել Եգիպտոսի պատկան մարմինների հետ և ամեն ինչ անել, որպեսզի նրանք ունենան խաղաղ և ապահով կյանքի հնարավորություն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը մինչ այդ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդների հետ հանդիպում է ունեցել Դոհայում, ապա նրանք այցելել են Անկարա և նախագահական նստավայրում բանակցել Էրդողանի հետ: Ըստ երևույթին, հենց այդ քննարկումների ընթացքում էլ հստակեցվել է տասնհինգ պաղեստինցիների Թուրքիայում ապաստան տալու հարցը:

Նման բարդ որոշում ընդունելով՝ Թուրքիայի նախագահը, երևում է, լուծում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիր: Էրդողանը քաղաքական իսլամի ջատագով է: Ապաստան տալով պաղեստինցի նախկին զինյալներին՝ նա սեփական հանրությանը ներկայանում է որպես Պաղեստինի ժողովրդի և նրա պետականության հովանավոր:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Էրդողանի այդ որոշումը, բնականաբար, Թուրքիային ներգրավում է մերձավորարևելյան կարգավորման ավելի խորքային քննարկումներին: Պաղեստինցի տասնհինգ նախկին զինյալների Թուրքիայում ապաստան տալու միջոցով նա Իսրայելի հետ հարաբերություններում ազդեցության հավելյալ լծակ է ստանում:

Այդ որոշումը նա կայացրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իսրայելին մեկ միլիարդ դոլարի սպառազինություն հատկացնելու հարցի քննարկման ֆոնին: Իսրայելական աղբյուրներն ակնարկում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Իսրայելին տրամադրել այն բոլոր սպառազինությունները, որ Նաթանյահուն չի ստացել դեմոկրատական Բայդենից:

Իսկ դա լրջորեն խախտում է Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական բալանսը, որ առանց այդ էլ նրա օգտին չէ՝ կապված F-35 կործանիչների ծրագրից Անկարայի դուրս մնալու հետ: Տասնհինգ պաղեստինցիները, իհարկե, Թուրքիայի ռազմական ներուժը չեն մեծացնելու:

Բայց եթե Էրդողանին հաջողվի Եգիպտոսի միջոցով իրականացնել այդ գործարքը, ապա նա մերձավորարևելյան «շախմատային խաղում ձիու քայլ կատարած կլինի»՝ մշտապես լարվածության մեջ պահելով Իսրայելին:

Մանավանդ որ պաղեստինցիների ազատ արձակման հարցում Նաթանյահուի կառավարությունը խստագույն քննադատության է ենթարկվում: Ընդդիմությունը գտնում է, որ կատարյալ անիմաստություն է՝ մեկ տարի պատերազմել, իսկ արդյունքում բանտերից ազատ արձակել նրանց, որ վաղը համալրելու են ՀԱՄԱՍ-ի շարքերը:

Էրդողանը փորձում է ՀԱՄԱՍ-ը վերցնել իր հսկողության ներքո: Իսկ դա ուժ է, որ ընդունակ է մի պահի նույնիսկ գերտերությունների հաշվարկները խառնել, ինչպես եղավ 2023թ. հոկտեմբերի 7-ին:

Թուրքիայիր նախագահ Էրդողանը փետրվարի 4-ին Անկարայում ընդունել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ Շարաային, որը զինյալների առաջնորդն էր Իդլիբից Հալեպ և Դամասկոս արշավի ընթացքում:

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը Սիրիայի ժամանակավոր նախագահի հետ կքննարկի այդ երկրում ռազմական ներկայության հնարավորությունը, թեև հավանական է դիտվում, որ կլինի համաձայնություն սիրիական բանակը մարզելու հարցում:

Որքան էլ Սիրիայում տեղի ունեցածի թիկունքում դիտարկվում է Անկարան, այդուհանդերձ, խիստ հատկանշական է այն, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ նշանակված Ահմադ Ալ Շարաան առաջին արտասահմանյան այցը կատարել է ոչ թե Թուրքիա, այլ Թուրքիայի հետ մեղմ ասած ոչ այնքան բարվոք հարաբերություն ունեցող Սաուդյան Արաբիա:

Իհարկե, Սաուդյան Արաբիան Դամասկոսի նոր իշխանության աչքում դիտարկվում է առաջին հերթին որպես ներդրումային աղբյուր, որի միջոցով ակնկալվում է որոշակի տնտեսական արդյունքներ ստանալ Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար:

Միևնույն ժամանակ, սակայն, եթե Սաուդյան Արաբիան գետնի վրա ամրագրի տնտեսական ներկայություն, ապա մեղմ ասած հարց է, թե ո՞ր տարբերակը կլինի ավելի ազդեցիկ՝ ռազմական ոլորտում ներկայությունը,նոր կունենա Անկարան, թե՞ տնտեսական գետինը, որտեղ ներկայություն կունենա Սաուդյան Արաբիան:

Ավելին, Սիրիայի նոր իշխանությունը որքան էլ դիտվում է այսպես ասած թուրքական պրոքսի, այդուհանդերձ, անկասկած ունի իր հավակնությունները և անկասկած կփորձի դուրս գալ թուրքական ստվերից և առնվազն գտնել հակակաշիռներ, որոնք թույլ կտան ունենալ որոշակի սուբյեկտություն:

Մյուս կողմից, Թուրքիան թերևս Սաուդյան Արաբիայի տնտեսական ներուժին հակակշռելու հարցում դաշնակից դիտարկում է Կատարին: Հարկ է նկատել, որ եթե Սիրիայի ժամանակավոր նախագահի առաջին արտերկրյա այցը եղել է Սաուդյան Արաբիա, ապա առաջին օտարերկրացի ղեկավարը, որ այցելել է Դամասկոս, եղել է Կատարի շեյխ, էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին:

Այդ ամենն իհարկե վկայում է ընդամենը այն մասին, որ Սիրիայի հարցում ծավալվելու է պարզապես նոր բնույթի մրցակցություն, որին եթե ավելացնենք այն, որ իրենց հավակնություններից ամենևին չեն հրաժարվելու Ռուսաստանն ու Իրանը ու նույնիսկ Չինաստանը, ապա հասկանալի է դառնում, որ Սիրիայում թուրքական դոմինանտության մասին պատկերացումները կարող են մնալ խիստ նախնական մակարդակում:

Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին դուրս թողնել սիրիական կարգավորումից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ասելով, թե Սիրիայում իրավիճակը բարդ է նոր իշխանության համար և այդքան էլ հարթ չի ընթանում երկխոսությունը տարբեր խմբավորումների միջև:

Լավրովը, գուցե, ակնարկում է, որ Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին հաշվի չառնելու դեպքում ունեն բավարար ռեսուրս և ազդեցություն՝ իրավիճակի կայունություն ու կարգավորում թույլ չտալու համար: Սիրիան Էրդողանի համար կարծես թե իսկապես ավելի շուտ կարող է վերածվել «պյուռոսյան հաղթանակի»՝ Օսմանյան երազանքի փոխարեն: