22/02/2025

ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն

«Այն, ինչ տեսնում և հայտնում են պարեկները, այն է, որ իրավիճակը սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը:

Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է:

Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին», -«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

Նրա այդ դիտարկումն ուշադրություն է գրավում երկու հանգամանքով: Ռիտերն անում է ժամանակային հետաքրքիր արձանագրում՝ նշելով սահմանին լարվածություն այս պահին չեն տեսնում «և դա ամսից ավելի է»: Ի՞նչ է սա նշանակում, որ դրանից առաջ ԵՄ դիտորդներն արձանագրե՞լ են լարվածություն:

Ե՞րբ, ի՞նչ ժամանակահատվածում է դա տեղի ունեցել և ի՞նչ ձևով է դրսևորվել: Համենայն դեպս, կարծես թե այս ընթացքում որևէ անգամ դիտորդները չեն բարձրաձայնել սահմանին լարվածության աճի կամ դրսևորումների մասին: Մինչդեռ Մարկուս Ռիտերի ձևակերպումն առաջացնում է այդ հարցը:

Ռիտերը նաև նշում է, որ երկու կողմն էլ պատրաստվում են ավելի վատ զարգացման: Սա մի կողմից, իհարկե, աքսիոմատիկ արձանագրում է՝ եթե չկա խաղաղության մեխանիզմ, եթե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ արտահայտում է առավելապաշտական մոտեցումներ, կիրառում շանտաժ և գրեթե վերջնագրային ձևակերպումներ, ապա բնական է, որ Հայաստանը պետք է պատրաստվի վատին:

Բայց այստեղ շատ կարևոր են ձևակերպումները: Երբ եվրոպացի դիվանագետը կիրառում է «երկու կողմն էլ պատրաստվում են ավելի վատ զարգացման» ձևակերպումը, ապա դրանով հավասարեցնում է պատճառն ու «հետևանքը», քանի որ Հայաստանը ձգտում է ամրացնել իր պաշտպանությունն առավելապես այն պատճառով, որ Ադրբեջանը սպառնում է և ենթարկում ուժային շանտաժի:

ԵՄ առաքելությունը քաղաքացիական-դիտորդական, նաև դիվանագիտական է՝ համաձայն Հայաստանի ու ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի:

Հետևաբար, Ռիտերը դիվանագիտական առաքելության ղեկավար է, որն իր հայտարարություններում պետք է դրսևորի շրջահայացություն, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանն իր պրոպագանդայով պարբերաբար դաշտ է նետում մտացածին «թեզը», թե հայկական ուժերը պատրաստվում են ինչ-որ ռազմական «արկածախնդրության»:

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին իր հայտարարությունների ընտրության հարցում թերևս պետք է շրջահայացություն կամա, թե ակամա, ադրբեջանական պրոպագանդային չնպաստելու համար, թեկուզ անուղղակի կերպով:

Երբ ակնառու է, որ կողմերից մեկը մշտապես խաղադրույք է կատարում ուժի, շանտաժի, վերջնագրի, առավելապաշտոության վրա, ապա ցանկացած հավասարության նշան ուղղակի, թե անուղղակի բավարարում է հենց այդ կողմի հաշվարկները: